Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցին՝ դատարկ վրաններով ինչքա՞ն պիտի փակ պահեք Ֆրանսիայի հրապարակը՝ Մամիջանյանը պատասխանեց. «Ձեզ հրավիրում եմ մեր վրաններ, ցանկացած պահի այնտեղ հոծ բազմություն է»

Հունիս 03,2022 17:26

«Եթե իրենց համար Արցախի հարցը կեղծ օրակարգ է, ապա այն, ինչ ես իրենց մասին կուզենայի ասել, պառլամենտի շենքում ասել չի կարելի»,- այսօր ընդդիմության հրավիրած արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Նա նշեց, որ մինչեւ արտահերթ նիստը՝ հույս կար, որ ՔՊ բազմամարդ խմբակցությունում կգտնվեն մարդիկ, ովքեր չեն վախենա կոմպրոմատներից ու իրենց կարծիքը կուզենան հայտնել Հայաստանի ու Արցախի ճակատագրի մասին:

Հարցին՝ ընդդիմությունը նախարարությունների շենքերի մոտ է գնում, որ ճշտի իրենց կարծիքը՝ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնո՞ւմ են, թե՞ ոչ, արդեն մեկ շաբաթ է՝ նախարարները ԱԺ 334 սենյակում են, ինչո՞ւ չեք գալիս այդ հարցը տաք իրենց՝ Մամիջանյանը պատասխանեց, որ նախարարներն իրենք պետք է շահագրգռված լինեն րոպե առաջ զատվել այն խունտայից, որը կասկածի տակ է դնում Հայաստանի ու Արցախի ապագան ու իրենք պետք է փորձեն գտնել ընդդիմությանը Ֆրանսիայի հրապարակում՝ հայ ժողովրդի կողքին:

Հարցին՝ ինչո՞ւ հստակ ձեր դիրքորոշումը չեք հայտնում Արցախի հետ կապված՝ անկախանա՞լ եք ուզում, միավորվե՞լ ՀՀ-ի հետ, թե՞ ՌԴ-ի հետ՝ Մամիջանյանը պատասխանեց, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» եզրույթը այն կարմիր գիծն է, որն անհրաժեշտ է հայկական բանակցային կողմին, եթե այդպիսին գոյություն ունի, իրականացնելու հայանպաստ, Արցախի ապագան երաշխավորող լուծում:

Մամիջանյանն ասաց, որ իշխանությունները՝ տեսնելով ժողովրդի ընդվզումը, տեսնելով, թե ինչ ծավալների է հասում համաժողովրդական շարժումը՝ փորձեցին մեղմել հռետորաբանությունը՝ ասելով, որ իրավունքից պետք է բխեցնեն ինքնորոշման հարցը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ծավալի ընդվզման մասին է խոսքը, դատարկ վրաններով ինչքա՞ն պիտի փակ պահեք Ֆրանսիայի հրապարակը՝ Մամիջանյանը պատասխանեց, որ նմանատիպ ցույցերը, բացառությամբ մի քանի դեպքերի, անդադար արձանագրում են մարդաքանակի աճ. «Ես ձեզ հրավիրում եմ մեր վրաններ, ցանկացած պահի այնտեղ հոծ բազմություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930