«Հուշարձանների տարածքներում տարբեր իրավախախտումներ են արձանագրվում, ամենամեծ խնդիրներից են գանձագողության եւ հուշարձանների տարածքներում չկառավարվող հետախուզումների դեպքերը, որոնք շատ մեծ վնաս են հասցնում հատկապես հնագիտական հուշարձաններին: Այդպիսի դեպքեր արձանագրվում են ինչպես պատմական մայրաքաղաքների, այնպես էլ դամբարանադաշտերի տարածքներում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
Հավելեց, որ պարբերաբար մասնագետները շրջայցեր ու մշտադիտարկումներ են իրականացնում հուշարձանների տարածքում. «Օրինակ` հուշարձանների տարածքներում տեղադրված եւ ԿԳՄՍՆ-ի հետ չհամաձայնեցված հուշակոթողները, նոր խաչքարերը, երկաթե խաչերը, որոնք բավականին տարածված են, բացատրական աշխատանքների արդյունքում հեռացնում ենք, եւ արդեն մի քանի հաջողված փորձեր ունենք: Վերջերս նշվեց Խորանաշատի 800-ամյակը, որի տարածքում, պարզվեց, տեղադրվել էր խաչքար, ինչը համաձայնեցված չէր լիազոր մարմնի հետ: Մարզային աշխատակիցների ահազանգով եւ աշխատանքի արդյունքում այն հանվեց եւ տեղափոխվեց հուշարձանի տարածքից պատմական միջավայրը չխաթարող մեկ այլ վայր»:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի խոսքով, 2021թ արձանագրվել է 131 իրավախախտման դեպք, իրավախախտումներն էլ տարբեր բնույթի են` գանձագողությունից ու գանձախուզությունից մինչեւ երկաթյա գործիքներով պատերի վրա փորագրում ու ներկերով վնասում: Ինչ վերաբերվում է 2022թ, գրանցվել է 18 իրավախախտման դեպք հուշարձանների տարածքում:
«Խախտումները կարող են լինել ինչպես հնագիտական հուշարձանների, այնպես էլ ճարտարապետական կառույցների եւ հուշարձանների պարագայում: Հասցված վնասները գնահատվում են փորձագիտական եզրակացությունների հիման վրա: Մեր իրավապահներին ուղարկված հաղորդումներով կամ վարչական իրավախախտումների մասին օրենքի համաձայն` վարչական պատասխանատվության են ենթարկվում իրավախախտները, տուգանվում են, նրանց պարտավորեցնում են վերականգնել հուշարձանի նախկին տեսքը:
Կարդացեք նաև
Օրինակ Գյումրիում` Կումայրի արգելոցի տարածքում հենց նախորդ տարի արձանագրված բազմաթիվ դեպքեր ունենք: Մեր կողմից ուղարկված հաղորդումների հիման վրա իրավախախտները տուգանքի են ենթարկվել, իրենց հետ աշխատանքների ընթացքում ներկայացվել են նախագծային փաստաթղթերը, բերվել այն նորմերին, որով պետք է հուշարձանները վերականգնվեն կամ նորոգվեն, եւ դրանք այժմ սահմանված կարգով քննարկվում են ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի կազմում: Ապօրինի շինարարության դաշտից աշխատանքները տուգանքից հետո բերվում են օրինական դաշտ, եւ հուշարձաններին տրված վնասը վերացվում է»,-ասաց Հարություն Վանյանը:
Նա տեղեկացրեց, որ մի հուշարձան շենքի վրա փորձել էին կառուցել նոր հարկ, ինչը կասեցվել է, պատուհանների, դռների երեսապատումների ու քարերի փոփոխություն էին ցանկացել իրականացնել: «Նույնիսկ կրկնակի տուգանքի դեպքեր կան, հարուցված քրեական գործեր»,-ընդգծեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ