Հայկական դրամի արժեւորումը հատկապես դոլարի եւ եվրոյի նկատմամբ, լուրջ խնդիրներ է առաջացրել մեր երկրի արտահանողների համար: Գործարարները, որոնք մեծ վարկերի տակ են, ներդրումներ են արել՝ զարգացնելու տեղական արտադրանքն ու գումարներ ծախսել՝ միջազգային շուկաներ մրցունակ ապրանք արտահանելու համար, այսօր կանգնած են փակման վտանգի առաջ: Այսօր այս մասին ահազանգեցին գործարարները, որոնք «Մանթաշյանց» գործարարների միության գրասենյակում ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու ստեղծված իրավիճակը:
Նրանց խոսքով, Լարսում արդեն քանի ամիս ստեղծված իրավիճակն էլ մյուս կողմից է հարվածում բիզնեսներին: Գործարարների համար սակայն հասկանալի չէր՝ ինչո՞ւ կառավարությունը, Կենտրոնական բանկը որեւէ ձեւով չեն միջամտում արտարժույթի շուկայում տեղի ունեցող տատանումներին:
«Սովորաբար արժեւորվում է, երբ տնտեսությունը շատ հզոր է լինում, այսինքն՝ այնքան տարադրամ է եկել մեր երկիր, որ դրամն արժեւորվել է տարադրամի նկատմամբ: Բայց չեմ կարծում, որ այս վերջին 3 ամսում այնպես հզորացավ մեր տնտեսությունը, որ դոլարը 15 տոկոս անկում ունեցավ: Այս իրավիճակը նվազեցնելու է արտահանումը եւ տանելու է բիզնեսների կանգնեցման»,-ասաց ոգելից խմիչքի արտադրության ղեկավար, «Աբրիկոն» ընկերության տնօրեն Կարեն Խաչիկյանը: Նրա խոսքով, չի կարող այսքան կտրուկ տատանումներ լինեն, պետք է լինի կայունություն:
Կարդացեք նաև
Գործարարն ասում է՝ ստիպված են լինելու թանկացնել հայկական արտադրանքը միջազգային շուկայում, ինչի պատճառով կունենան անմրցունակ ապրանք, բացի այդ սրանով խթանվում է ներմուծումը. «Եկած ապրանքների գինն էժան է լինում ու մեր շուկայում ներկրված ապրանքը դառնում է ավելի մրցունակ՝ քան մեր արտադրողի ապրանքը, որի համար դրամով ենք վճարել»:
Գործարարը գտնում է, որ Կենտրոնական բանկը պետք է կարգավորի եւ որոշակի մակարդակի վրա պահի:
Սոկրատ Գրիգորյանը, որը «Արմբազալտ» ընկերության համահիմնադիր տնօրենն է, 2014 թվականին կրկին արտարժույթի շուկայում տեղի ունեցած կտրուկ տատանումների պատճառով, ստիպված է եղել բիզնեսը կանգնեցնել՝ չնայած հազարավոր դոլարների ներդրումներին: Ասում է՝ արտադրանքը մեծ պահանջարկ ուներ մասնավորապես ռուսաստանյան շուկայում: Ասում է՝ 120 բարձրակարգ մասնագետներ էին ներգրավել, երկրի համար էլ՝ ռազմավարական ուղղություն էր, բայց այդքան ջանքերը ջուրն են լցվել: Այդ ընթացքում փորձել են արտադրանքի շուկաները դիվերսիֆիկացնել ու եվրոպական շուկաներ դուրս գալ: Հիմա էլ դրամի արժեւորումը դոլար-եվրոյի նկատմամբ նույն խնդրի առաջ է կանգնեցրել:
«Մեր արտադրած բազալտի մանրաթելը կիրառվում է թե՛ ռազմաարդյունաբերությունում, թե՛ շինարարությունում, թե՛ առողջապահության ոլորտում, ինքնաթիռաշինության ու ավտոինդուստրիայի մեջ եւ ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունի»,-ասում է Սոկրատ Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նա գտնում է, որ պետությունը պետք է կանգնի արտահանողների կողքին, աջակցի ներդրումներով ու ապրանքի սերտիֆիկացման հարցով, որը հարյուր հազարավոր դոլարներ արժեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ