«Շատ գործատուներ չեն կարողանում աշխատակիցներ ներգրավել։ Մարդիկ աշխատանք չունեն, բայց չեն էլ ուզում աշխատել՝ տարբեր պատճառներով։ Շատ տնտեսվարողների գիտեմ, որ մարզերում գործարաններ ունեն ու չեն կարողանում աշխատողների ներգրավել, եւ այնպես չի, որ բոլորը զբաղված են։ Չեն աշխատում, որովհետեւ նպաստ են ստանում։ Սա նաեւ մշակույթի հարց է», – ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Ինքնազբաղվածության կամ չաշխատելու սովորույթը խորհրդային տարիներից հետո վերածվել է մշակույթի։ Մարդիկ չեն ուզում աշխատել, ընդ որում՝ դա չի արտահայտվում այն դեպքերում, երբ գնում են արտասահման աշխատելու։ Այստեղ լուրջ խնդիր կա։ Կուզեի ներգրավենք գործատուներին։ Գիտելիքներ տալու հարցը գուցե գործատուների վրա դրվի, տրվեն դրամաշնորհներ, որ քաջալերեն, կրթեն, ներգրավեն», – առաջարկեց նա։
Նարեկ Մկրտչյանը պատասխանեց, որ զբաղվածության նոր ծրագրեր են շրջանառում, եւ գործատուները պատրաստակամ են քննարկումներ անել․ «Տրամադրելու ենք գործատուներին գումար, որ մեկ տարվա պայմանագիր կնքեն աշխատողի հետ, պարտավորվեն կրթել եւ պրակտիկա ապահովել։ Ձեր նշածի տրամաբանությունը մեր ապագա գործով եւ ծրագրերով է արտացոլվելու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ