Այսօր ընդդիմության նախաձեռնությամբ Ազգային ժողովում նիստ է հրավիրվել, որի համար ընդդիմությունն առաջարկել է 8 կետից բաղկացած օրակարգ. քննարկվելու է Արցախի անվտանգության հարցը, այն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. «Մեր գերխնդիրն է, որպեսզի ԱԺ-ն ճանաչի այս հարցը, որովհետեւ ամբողջ աշխարհը մեզ ասում է՝ ժողովուրդ, ձեր պետական մակարդակով դուք նման պահանջ չունեք, ձեր ԱԺ-ն չի ճանաչել Արցախի ամբողջականությունը, այսինքն` դուք ձեր պետական լեզվով նման պահանջ չունեք. աշխարհն ինչո՞ւ պետք է ունենա նման պահանջ կամ ճնշի Ադրբեջանին, որ ճանաչի Արցախի ժողովրդի կամքը», – մեզ հետ զրույցում ասաց «Հայրենիք» խմբակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը:
Ի պատասխան հարցին, թե արդյոք իշխանությունը կմասնակցի՞ նիստին, Դոխոյանն ասաց. «Չեմ կարող գուշակել, սա համազգային խնդիր է: Սա ոչ մերն է, ոչ նրանցն է, եւ եթե խոհեմություն եւ հայրենասիրություն ունենան, կարծում եմ՝ կգան»:
Դոխոյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչ նիստը իրենք Վանաձորում իրազեկում են իրականացրել՝ փորձելով հասարակությանը տեղեկացնել, թե ի վերջո, ընդդիմությունն ինչ է ուզում. «Ստացանք եւ՛ քննադատություններ, եւ՛ քաջալերումներ, ստացանք նաեւ հասարակության ճնշող մեծամասնության զորակցությունը: Եվ հետաքրքիր է, որ անհատական զրույցներում մարդիկ մեզ ասում էին, թե հոգով ու սրտով մեզ հետ են, սակայն տեսնում եք, թե ինչ է կատարվում: Մի մարդ էլ ասաց, որ թեեւ ինքը չի աշխատում, բայց վստահ է, որ եթե գա հրապարակում կանգնի մեր կողքին, նույնիսկ իր հեռու բարեկամին հաջորդ օրը կհեռացնեն աշխատանքից»:
Ավագանու անդամը տեղեկացրեց, որ իրազեկում անցկացրել են մի քանի այլ մարզերում ևս:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Վահե Դոխոյանի