Արցախի իշխանությունները բանակցություններ են վարում Երևանի հետ՝ Արցախի անկախությունը ճանաչելու ուղղությամբ, բայց առայժմ տեղաշարժեր չկան: Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում: «Հայաստանի հետ բանակցություններ են տարվում, շփումներ են լինում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցի շուրջ, բայց այս պահին տվյալ հարցի շուրջ տեղաշարժ չկա», – ասել է Բեգլարյանը:
Նրա խոսքով, սակայն, կարելի է պնդել, որ փաստացի Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ երկու հանրապետությունների միջև պահպանվում են հորիզոնական կապեր, «ինչպես հավասարը հավասարի հետ»:
Բեգլարյանը նաև նշել է, որ Արցախի իշխանությունները կշարունակեն ջանքերը աշխարհում ճանաչում ձեռք բերելու ուղղությամբ, հետո արդեն կդիտարկվի Հայաստանի կազմի մեջ մտնելու հարցը:
«Մենք կշարունակենք ջանքերը Արցախի Հանրապետության համար միջազգային ճանաչում ձեռք բերելու ուղղությամբ: Արցախի անկախության միջազգային ճանաչումից հետո կքննարկվի նաև հանրապետությունը Հայաստանի կազմի մեջ մտցնելու հարցը», – ասել է Բեգլարյանը:
Կարդացեք նաև
Նա նշել է, որ այժմ Ադրբեջանն «իրեն ուժեղ է զգում», հատկապես երբ նրան ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում Թուրքիան, ուստի Արցախի իշխանությունները պետք է ուղիներ փնտրեն, որպեսզի «աստիճանաբար, քայլ առ քայլ լուծեն իրենց հարցերը, հետագայում արդեն Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով»: Դրա համար, ըստ Բեգլարյանի, Ադրբեջանը պետք է «պատրաստ լինի խաղաղությանը»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ