Լրահոս
Օրվա լրահոսը

«Նստել են երեխայի մեջքին, քշել ձիու պես, թքել ականջի մեջ»․ պատգամավորը նախարարին ահասարսուռ դեպքերը հիշեցրեց

Հունիս 03,2022 11:42

«Դատախազության համաձայն՝ ՀՀ-ում երեխաների հանդեպ հանցագործությունների թվի աճ կա։ 2021թ․-ին 292 հաղորդում է ներկայացվել։ Ցավալի վիճակագրություն կա, որ երեխաների հանդեպ հանցագործությունների 40%-ը կատարվել է այն անձանց կողմից, որոնք պարտավոր են պաշտպանել երեխաներին»,-ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ դիմելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։

«Կներեք, կոնկրետ օրինակներ հիշեցնեմ․ Դեբեդը նետված երեխա, մանկապարտեզում դայակների դրդմամբ եւ մյուս երեխաների միջոցով երեխայի հանդեպ բռնություն, երբ երեխաները նստել են երեխայի մեջքին, քշել ձիու պես, թքել ականջի մեջ, վզին պարան կապել, խաղալիք ափսեի մեջ լցրել կղանք ու ստիպել, որ ուտի․․․մեկ այլ դեպքում մոր, խորթ հոր եւ խորթ տատի միջոցով 1,5 տարեկան երեխային փաստացի սպանել են, գիշերը նրան թողել լվացքի մեքենայի մեջ։ Նման դեպքեր են եղել ՀՀ-ում։ Ակնհայտ է, որ ոլորտում շատ լուրջ խնդիրներ ունենք։ Դուք ինչպե՞ս կարող եք պարզել՝ դեպքե՞րն են շատացել, թե հաղորդումները», -հարցրեց նախարարին Լենա Նազարյանը եւ հետաքրքրվեց՝ երեխաների պաշտպանությունն ավելի արդյունավետ դարձնելու համար նոր մեխանիզմներ մշակվո՞ւմ են։

Նարեկ Մկրտչյանը նախ նշեց, որ իրավապահների հետ քննարկումների արդյունքում է պետք պարզել՝ դեպքե՞րն են շատացել, թե հաղորդումները․ «Շատ խնդիրներ գալիս են սոցիալական կարգավիճակից։ Համայնքների սոցաշխատողները պետք է արդյունավետ աշխատեն, եւ սա ոչ թե մեկ գերատեսչության խնդիր է, այլեւ մարզպետարանների, միասնական սոցիալական ծառայության, քաղաքացիների։ Վերջիններիս անտարբերության հաղթահարման միջոցով է հնարավոր նման դեպքերը բացառել, որոնք, ցավոք, կան»։

ՔՊ խմբակցության պատգամավոր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանն էլ նկատեց՝ նախարարությունը քաղաքականություն մշակողն է, բայց համայնքն առաջին պատասխանատուն է․ «Միասնական սոցիալական ծառայությունն աջակցող է, իսկ կանխարգելման խնդիրն առաջնահերթ համայնքներինն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930