Լրահոս
Օրվա լրահոսը

Հակամարտությունն աղետալի ազդեցություն է թողել տարածաշրջանի մշակութային ժառանգության վրա, ինչի համար պատասխանատու է ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը. ԱՄՆ պետքարտուղարություն

Հունիս 03,2022 09:07

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարությունը հունիսի 2-ին հրապարակեց Միջազգային կրոնական ազատության 2021 թ.-ի իր զեկույցը՝ երկրների ցանկում ներառելով նաև Հայաստանում անցած տարվա ընթացքում կրոնական ազատությունների հետ կապված զարգացումները:

ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային կրոնական ազատության 2021 թ.-ի զեկույցը ՀՀ-ին վերաբերող մասում հիշատակում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սեպտեմբերին ընդունած Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետևանքների վերաբերյալ բանաձևը: Այն, ըստ զեկույցի, շեշտում է, որ երկարատև հակամարտությունն աղետալի ազդեցություն է թողել տարածաշրջանի «մշակութային ժառանգության» վրա, որի համար «պատասխանատու է ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը»։ Հայաստանին վերաբերող զեկույցը վկայակոչում է վերջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ այցելած դիվանագետների, քաղհասարակության ներկայացուցիչների և լրագրողների հաղորդագրությունները, ըստ որոնց՝ հայկական ուժերի վերահսկողության տակ եղած ժամանակահատվածում այստեղ գտնվող հարյուրավոր մշակութային վայրեր, ներառյալ մզկիթներ, սրբավայրեր և գերեզմանատների մեծ մասը, ենթարկվել են վանդալիզմի, պղծվել կամ ոչնչացվել են:

Միևնույն ժամանակ զեկույցի Ադրբեջանին վերաբերող հատվածում պետքարտուղարությունը հիշատակում է բանաձևում արտահայտած ԵԽ-ի մտահոգությունը՝ կապված Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տասնյակ հայկական եկեղեցիների, վանքերի, ներառյալ Դադիվանք վանական համալիրի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ կոթողների ապագայի վերաբերյալ: Պետքարտուղարությունը հիշեցնում է` ԵԽ-ի բանաձևը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում պետական մակարդակի վրա զարգացող այն նարատիվի առնչությամբ, որը ձգտում է հայկական մշակութային ժառանգությունը փոխարինել «կովկասյան ալբանական» ժառանգությամբ: Զեկույցը անդրադառնում է նաև բազմաթիվ հաղորդումների 2020թ.-ի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական սրբավայրերի ու եկեղեցիների պղծման կամ վերացման մասին, ինչպես նաև The Art Newspaper պարբերականի հրապարակած տեղեկության Նախիջևանի տարածքում հայկական միջնադարյան եկեղեցիների ու խաչքարների ոչնչացման վերաբերյալ:

Հայաստանի վերաբերյալ մասում զեկույցը նշում է, որ Հայաստանում հրեական համայնքի և քաղհասարակության որոշ անդամներ ահազանգում են հակասեմիթական դրսևորումների, մասնավորապես հանրային ելույթների և վանդալիզմի դեպքերի աճի մասին՝ պայմանավորված այն հանգամանքի հետ, որ 2020 թ.-ի ԼՂ հակամարտության ընթացքում Ադրբեջանը կիրառել է իսրայելական դրոններ և զինատեսակներ: Ըստ զեկույցի՝ փետրվարի 12-ին 2020 թ.-ից ի վեր երրորդ անգամ վանդալիզմի է ենթարկվել Հոլոքոստի և ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:

Պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ մի շարք կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ներառյալ Եհովայի վկաներն ու ավետարանչականները, հայտնում են, նախորդ տարիների հետ համեմատած, 2021 թ.-ին վերջիններիս նկատմամբ հանրային վերաբերմունքի ընդհանուր բարելավման մասին, ինչպես նաև մամուլում բացասական բովանդակությամբ հրապարակումների նվազման կամ բացակայության վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ, կրոնական փոքրամասնության ներկայացուցիչները շեշտում են՝ հանրային և ընտանեկան ճնշումը Հայաստանում շարունակում է հանդիսանալ հիմնական զսպիչ գործոն՝ Հայ առաքելական եկեղեցուց բացի այլ կրոնական խմբերին միանալու համար։

Զեկույցը տեղեկացնում է, որ ԱՄՆ դեսպանությունը կրոնական ազատությունների հետ կապված իրավիճակը մշտապես քննարկում է երկրի կրոնական փոքրամասնությունների հետ, ինչպես նաև կառավարության անդամների և խորհրդարանականների հետ հանդիպումների ընթացքում բարձրաձայնում կրոնական ազատությունների հետ կապված խնդիրների, մասնավորապես եզդիների և բահայի առաջնորդների քրեական հետապնդումների դեպքերի մասին՝ հետևելով նրանց դատավարությունների ընթացքին: Դեսպանությունը քննարկումներ է նախաձեռնում նաև պետական պաշտոնյաների և քաղհասարակության ներկայացուցիչների միջև՝ քննարկելու համար ԼՂ հակամարտության ազդեցությունը կրոնական և մշակութային ժառանգության վրա:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930