Առաջ ոստիկանները ջարդում էին ցուցարարների գլուխները, իրավապահները գործեր էին կարում ընդդիմադիրների դեմ, եւ իրավապաշտպանները, միջազգային կառույցները եւ արեւմտյան դեսպաններն իրավամբ ասում էին, որ դա վատ է: Հիմա նույնպես գլուխներ են ջարդվում եւ գործեր են սարքվում, սակայն իրավապաշտպանները, միջազգային կառույցներն ու դեսպաններն, ըստ էության, ասում են, որ դա լավ է, եւ գովերգում են «հայկական ժողովրդավարությունը»:
Առաջ «երիտհանրապետականներն» էին խանդավառված «մենամարտում» ընդդիմադիրների հետ ու ապացուցում, որ իրենց շեֆը բոլոր հարցերում ճիշտ է, իսկ նրանք, ովքեր որ գտնում են, որ պանծալի առաջնորդի աչքի վերեւը ունք կա, սրիկաներ են եւ հակապետական տարրեր: Հիմա «երիտքպականներն» են նույնն անում՝ իրենց փաստարկները երբեմն հիմնավորելով ոտքերի համապատասխան շարժումներով:
Ինչպես առաջ, այդպես էլ հիմա խորհրդարանը, նախարարները, էլ չեմ ասում՝ փորձագետները որեւէ ազդեցություն չունեն որոշում ընդունողների վրա: Որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից՝ դրան որեւէ հակակշիռ չկա: Ռուսաստանի՝ փետրվարի 23-ի Անվտանգության խորհրդի նիստը լավ «պատկերազարդում» («իլյուստրացիա») է նաեւ մեր պետական կարգի համար: Վախեցած «վեզիրները» մեծ ջանքեր են գործադրում կռահելու «թագավորի» կամքը՝ շատ լավ հասկանալով, որ որոշումն արդեն ընդունված է:
«Ա1+»-ը առաջ էլ եթեր չէին թողնում, հիմա էլ չեն թողնում: Պարզապես Քոչարյանի ժամանակ դա անում էին կոպիտ, ցինիկ ձեւով, չարախինդ ծիծաղով, իսկ հիմա նույնն արվում է առանց նման բացահայտ ցուցադրությունների, Դոստոեւսկին կասեր՝ «без фиги в нос»:
Կարդացեք նաև
Առաջ տգեղ, անպարկեշտ, անընդունելի բառեր էին ասվում ու գրվում նախորդ երեք ղեկավարների, հիմա՝ ներկա վարչապետի հասցեին: Այդ բառերն առաջներում գործածողներից շատերը հիմա դժգոհում են՝ «ինչպե՞ս կարելի է»:
2018 թվականին ճանապարհներ փակողների եւ փողոցներում վանկարկողների մեջ զգալի մաս էին կազմում դպրոցականները: Այն ժամանակ ոչ ոք, կարծես թե, չէր զարմանում՝ «ի՞նչ գործ ունեն անչափահասները քաղաքական ցույցերի ժամանակ»: Հիմա նման հարց առաջանում է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ես կը զարմանամ բոլոր անոնցմէ որոնք տարբեր բան կ’ակնկալեն, կամ կ’ակնկալէին 2018ին խաբուելով թէ էական բան կրնայ փոխուիլ, ան ալ արաք.
Հիմա եւ նախկինը եւ նախնախկինը բոլորը Նոյն հասարակութեան մաս կը կազմեն, չէ՞. ոչ Քոչարյանը ոչ ալ Փաշինյանը մեզի ուրիշ մոլորակէ չբերին, եւ Նոյն ժողովուրդենէն են.
Իսկ ձեր առաջին պարբերութիւնը շատ վատ է, որտեւ ինչպէս կը նշէք՝ հակառակ զուգահեր է. իրավապաշտպաններու լռելը աւելի վատ է քան չլռելը, եւ ուրեմն ձեր սիրելի Քոչարյանի ժամանակ աւելի լաւ էր։