Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը սխալ էր հաշվարկել զինվորական ծառայության ընդհանուր օրացուցային ստաժը

Հունիս 03,2022 14:00

«Առավոտը» հաճախակի է անդրադառնում ՀՀ վարչական դատարանում առկա դատական գործընթացներին, հատկապես, ընդդեմ գործադիրի՝ կառավարության, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների դեմ գործերով վարչական վարույթներին, ուր վիճարկվում են պաշտոնական հրամանագրերը, ակտերը, գրությունները, վարչական մարմինների անգործությունը, վարչական մարմինների գործողությունները… Սա մի ոլորտ է, որն ուշադրությունից դուրս է (հանրահավաքայինն է ընդունված լուսաբանել այսօր), մինչդեռ՝ «շան գլուխն այստեղ է թաղված»: Ընդդեմ պաշտպանության նախարարության գործերն ուսումնասիրելիս հանգել եմ հետեւյալին, որ օգտվելով «փակ» կառույց լինելու հանգամանքից, նախարարությունն ամեն բան փորձում է հենց այդ պատճառաբանությամբ մերժել: Իսկ մերժելուց հետո բացվում են թաքնված այլ շերտեր…

Կին մայորը դիմել էր ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետին, որպեսզի իրեն տրամադրեն իր անձնական գործում առկա աշխատանքային բոլոր փաստաթղթերի՝ պայմանագրերի, որոշումների, հրամանների պատճենները: Նա իրավունք ունի իր անձին վերաբերելի փաստաթղթերը ստանալ: Բայց չէ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կադրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Ա. Կոստանյանը գրությամբ հայտնել է. «Անձնական գործը հաշվառվում եւ պահպանվում է, որպես գաղտնի փաստաթուղթ, ուստի վերոհիշյալ փաստաթղթերի պատճենների տրամադրումը հնարավոր չէ՝ դրանց անհրաժեշտության մասին հիմնավորումներ չլինելու պատճառով»: Մինչդեռ, հիմնավորում կար. հայցվորը վարչական դատարան էր դիմել ընդդեմ պաշտպանության նախարարի, հանդիսացել է զինծառայող, ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ըստ նրա՝ զինվորական ծառայության ընդհանուր օրացուցային ստաժում չի հաշվարկվել զինվորական ծառայության մեջ գտնվելու մի ամբողջ ժամանակահատված:

Այս գործով տեղեկատվության ազատության սահմանի խախտումն արձանագրելուց հետո, առնչվեցինք մեկ այլ բացահայտման:

Պարզվեց, որ 2021թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանի որոշմամբ Ա. Հ.-ի հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը բարենպաստ վարչական ակտ ընդունելու պահանջի մասին, այն է՝ հայցվորի՝ ընդհանուր օրացուցային ստաժի վերահաշվարկ կատարելուն եւ վերջինիս ստաժում նաեւ չհաշվարկված 1 տարի 1 ամիս 18 օրը ներառելուն, որի պարագայում զինվորական ծառայության ընդհանուր օրացուցային ստաժը զինված ուժերում կկազմի 20 տարի 2 ամիս 14 օր, պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել էր: Դատարանը ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցրել էր ընդունել բարենպաստ վարչական ակտ, կատարել Ա. Հ.-ի ընդհանուր օրացուցային ստաժի վերահաշվարկ եւ վերջինիս ստաժում ներառել նաեւ չհաշվարկված 1 տարի 1 ամիս 18 օրը։ Պաշտպանության նախարարությունը բողոքարկել էր: Երեկ վերաքննիչ վարչական դատարանը նշանակել էր որոշման հրապարակման օրը:

Հայցվորը 1999 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության, աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի բուժկետի պետ-բժշկի պաշտոնում: 2019 թվականի մայիսին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձակել է նույն օրը թիվ 791-Ա հրամանը. «Համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի (կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու դեպքում) եւ 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ հրամայում եմ. մայոր Ա. Հ.-ի զինվորական ծառայության ժամկետում չհաշվարկել 2015թ. հունիսի 1-ից 4-ը եւ հունիսի 18-ից հուլիսի 15-ը: Բուժկետի պետ-բժշկի պաշտոնից ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչության տրամադրության տակ թողնված մայորին 2018թ. մարտի 10-ից արձակել են ՀՀ զինված ուժերի պահեստազոր՝ ուղարկելով հաշվառման …զինվորական կոմիսարիատ: Զինվորական ծառայության ընդհանուր օրացուցային ստաժը զինված ուժերում 10.03.2018թ. դրությամբ կազմում է 19 տարի 00 ամիս 26 օր»:

Ըստ հայցվորի, ՀՀ պաշտպանության նախարարը, արձակելով թիվ 791-Ա հրամանը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ ինքը փաստացի ծառայել է մինչեւ 2019թ. մայիսի 27-ը, սխալ է հաշվարկվել հայցվորի զինվորական ծառայության ընդհանուր օրացուցային ստաժը, քանի որ հայցվորը մինչ այդ օրն ընկած ժամանակահատվածում շարունակել է փաստացի աշխատել ՀՀ զինված ուժերում:
Հայցվորը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը բարենպաստ վարչական ակտ ընդունելու պահանջով, ինչին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Գ. Հայրապետյանը պաշտոնական գրությամբ, ապա նախարարը, ըստ էության, մերժել են հայցվորի կողմից ներկայացրած բարենպաստ վարչական ակտի ընդունումը։

Ի դեպ, մի այլ բացահայտում էլ. հայցվորին մեկ ամիս կալանավորել են, ապա համաձայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի՝ սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրհիսնապատիկի չափով: Դատավճռի դեմ մեղադրողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, այն մերժվել է, օրենքով սահմանված ժամկետում որոշումը չի բողոքարկվել եւ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հայցվորն, ըստ էության, զրկված չի եղել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, շարունակել է ծառայել, մինչդեռ նախարարը հրամանն արձակելիս հաշվի չի առել այդ հանգամանքը:

ՀՀ վարչական դատարանը հղում էր կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասին, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք համարվում են զինծառայող:

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ զինվորական ծառայությունը ներառում է՝
1) զորակոչի՝ պարտադիր կամ զորահավաքային կամ պայմանագրի կնքման կամ վարժական հավաքի կանչվելու միջոցով զինվորական ծառայությանը ներգրավումը.
2) զինվորական պաշտոնի նշանակումը եւ զինվորական կոչման շնորհումը.
3) զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակից բխող պարտականությունների իրականացումը.
4) զինվորական ծառայությունից արձակումը:

Օրենքի 46-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ պայմանագրային զինծառայողի անձնական գործում հաշվառվում է պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման, զինվորական կոչումների շնորհման, ռազմական եւ այլ կրթության, ատեստավորման եւ վերապատրաստումների, օրացուցային եւ արտոնյալ ժամկետով ծառայության ստաժի, կիրառված խրախուսանքների ու կարգապահական տույժերի, սույն օրենքով սահմանված զինվորական ծառայության եւ կոչման կրման ժամկետներում չհաշվարկվող ժամանակահատվածների, առողջական վիճակի, ընտանեկան դրության եւ ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկատվությունը:

Նախարարի կողմից հայցվորի՝ զինվորական ծառայության ընդհանուր օրացուցային ստաժը զինված ուժերում հաշվարկելը եղել է ոչ իրավաչափ, քանի որ հայցվորը փաստացի ծառայել է: Այս գործով առկա էր առարկություն. «… փաստում ենք հետեւյալը, որ հայցվորը 2013 թվականի մարտ ամսին կնքել է պայմանագիր 5 տարի ժամկետով, որը պետք է ավարտվեր 2018 թվականի մարտ ամսին: Հայցվորը 2018թ. կայացրած դատավճռով ճանաչվել է մեղավոր եւ նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ տուգանք նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով, իսկ որպես հարկադրանքի միջոց կիրառված՝ պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը վերացվել է: Հայցվորին առաջարկվել է նախկինում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր պաշտոն, որի նշանակումից եւ հերթական պայմանագիր կնքելուց հայցվորը հրաժարվել է»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930