Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաս դատարան, ասեն՝ նիստ չկա, մեջքիցդ որոշում կայացնեն

Հունիս 03,2022 13:30

Աշոտ Հակոբյանը ԵԱՔԴ /0782/02/08 քաղգործով մարտի 2-ին, ժամը 11.20-ին, ներկայացել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ դատավոր Հովիկ Շահնազարյանի նշանակած դատական նիստին: Նշեմ, որ 2015 թվականի հունվարի 26-ից այս գործը մակագրվել էր դատավոր Հ. Շահնազարյանին:

Երեկ «Առավոտին» Աշոտ Հակոբյանն ասաց, որ այդ օրը ոչ միայն դատական նիստ տեղի չի ունեցել, այլ որոշում չի հրապարակվել, եւ որ մարտի 31-ին դիմել էր դատավորին՝ հայտնելով այդ մասին:

«Դատարանի աշխատակազմն ինձ է տրամադրել այդ գործով կայացված դատական նիստերի արձանագրությունների էլեկտրոնային կրիչները, սակայն դրանց մեջ նույնպես բացակայում էր որոշման հրապարակման վերաբերյալ որեւէ տեղեկություն», -ասում է զրուցակիցս՝ Ա.Հակոբյանը: Եվ քանի որ մեկ այլ քաղգործով Ա.Հակոբյանը հայցվոր էր, այս նիստի ելքից էր կախված այն՝ կասեցված գործի ճակատագիրը, ուստի կրկնում եմ, մայիսի 31-ին դիմելով դատավորին, Ա.Հակոբյանը խնդրել էր գրավոր իրեն պատասխանել, թե մարտի 2-ին նիստ եղե՞լ է, թե՞ ոչ, արդյոք հրապարակվե՞լ է դատարանի որոշում:

Իմ ձեռքի տակ է «Մարտի 2» թվագրությամբ դատավոր Հովիկ Շահնազարյանի վճիռը: Այդ վճիռը պաշտոնապես Աշոտ Հակոբյանը ստացել է մայիսի 26-ին, ժամը 17.30 -ին: Արձանագրված է, որ մարտի 2-ի նիստում դատարանը քննել է «Շենգավիթ Ա» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ «Եվրո-ֆինանս» ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ Աշոտ Հակոբյանի, Ինգա Մանդելի, «Իրավագարանտ» ընկերության՝ փոխառության պայմանագրի երկու կետերն անվավեր ճանաչելու, մինչ պարտավորությունների դադարեցման օրը հաշվարկվող տոկոսների գումարի բռնագանձման պահանջների մասին եւ հակընդդեմ հայցով՝ փոխառության պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին գործը:

Այս գործի վաղեմությունը ձգվում է մինչեւ վաղամեռիկ դատավոր Խ. Բաղդասարյանը, ով 2009թ. հունվարի 26-ին գործն ընդունել էր վարույթ, եւ նախապատրաստել դատաքննության: Այն նույն թվի հունիսին ուղարկվել է դատավոր Ռ. Վարդազարյանին, ով իր որոշմամբ ընդունել է վարույթ եւ նշանակել դատական նիստ: Այդ ժամանակահատվածում, հայցվորի ներկայացուցիչը մի քանի անգամ կատարել է գումարի պահանջի նվազեցում, մեկ տարի անց, արգելանք է դրվել երրորդ անձ ճանաչվածի բնակարանի վրա:

Գործի վարույթը կասեցվել էր, ապա Աշոտ Հակոբյանի միջնորդությամբ այն վերսկսվել 2021թ. սեպտեմբերի 6-ին: Վճռից պարզվում է, որ գործի քննությունն ավարտվել է այս տարվա փետրվարի 17-ին, իսկ մարտի 2-ին նշանակված է եղել հրապարակման օրը, ինչի մասին տեղյակ չէր Ա. Հակոբյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930