Ռեկտորի հրավերով Ռուդոլֆ Խառատյանը դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում
«Առավոտի» դիտարկմամբ՝ բալետային ներկայացումները Երեւանի օպերային թատրոնում մշտապես ապահովում են լեփ-լեցուն դահլիճ։ Յուրաքանչյուրիս հասկանալի է, թե որքան բարդ է առաջին հայացքից սովորական թվացող շարժումներով ներկայացնել մի ամբողջ պատմություն, ինչը բալետմայստերի կամ խորեոգրաֆի աշխատանքն է եւ պահանջում է երեւակայություն, ֆանտազիա եւ ստեղծագործական ունակություններ։ Հիմնականում խորեոգրաֆի բարդ աշխատանքը ընտրում են ճանապարհ անցած, կայացած բալետի արտիստները՝ ստանալով նեղ մասնագիտական կրթություն։ Համաշխարհային խորեոգրաֆիան առաջ են տարել այնպիսի անուններ, ինչպիսիք են Բալանչինը, Գրեհեմը, Մորիսը, Բոշը, Ֆորսայթը, Ռաթմանսկին, Կիլիան, Դուաթոն եւ մյուսները։
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում «Պարի ռեժիսուրա» մասնագիտությունը համեմատաբար երիտասարդ է։ Մեզ հասած տեղեկություններով՝ մի քանի ամիս է, ինչ ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի հրավերով այստեղ խորեոգրաֆներ է կրթում ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը, որն իր ստեղծագործական գործունեության ընթացքում ստեղծել է ավելի քան 100 գործ՝ ավանգարդ էքսպերիմենտալից մինչեւ դասական։ Նրա ներկայացումները, այդ թվում՝ ինչպես մեկ գործողությամբ, այնպես էլ լիամետրաժ բալետներ ու համերգային համարներ, ցուցադրվել են աշխարհի տարբեր բեմերում։ Մեր հանդիսատեսին ծանոթ են խառատյանական ռեժիսուրայով «Զույգ արեգակներ», «Վարդանանք», «Բոհեմ», «Ստաբաթ Մատեր», «Տանգո», «Բոլերո» եւ այլ ներկայացումները։ Ճանաչված մասնագետը Երեւանի պարարվեստի ուսումնարանից հետո շարունակել է ուսումը Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան բալետի ակադեմիայում, իսկ խորեոգրաֆի մագիստրոսի աստիճան ստացել ԳԻՏԻՍ-ում։ Իսկ թե ո՞ւմ մեթոդով է դասավանդում, գուցե խառատյանակա՞ն՝ հարցրինք իրեն։ «Խորեոգրաֆ կրթելու իմ մեթոդաբանությունը հիմնված է կարեւոր մոտեցման վրա՝ ազատագրել ուսանողի միտքը, ազատագրել շաբլոններից եւ մտավոր սահմանափակումներից։ Սովորեցնում եմ մտածել եռաչափ, որ կարողանան մի քանի կոմպոզիցիա կառուցեն ու կարողանան ստեղծել ներդաշնակություն։ Բեմադրությունները պետք է լինեն ոչ թե հոգեբանական, այլ լինեն սիմվոլիկ եւ հասնեն հանդիսատեսի ենթագիտակցությանը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ապա հավելեց. «Ուսանողներիս, որոնք առաջին եւ երկրորդ կուրսեցիներ են, փոխանցել եմ դասական եւ ժամանակակից ամենահայտնի խորեոգրաֆների ցանկը, որոնց ստեղծագործությունները պետք է ուսումնասիրեն, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում աշխարհում, այսօրվա խորեոգրաֆիան ինչին է ծառայում, ինչ ուղղվածություններ կան, ինչպես են այդ գործերը մարդու միտքը ազատագրում շաբլոններից»։ Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս էին ժամանակին իրենց դասավանդում։ Արվեստագետը ժպտալով պատասխանեց. «Երբ մտնում էինք դասարան, մեր ուսուցիչների հանդեպ, առանց չափազանցության՝ վախ կար, ինչը սահմանափակում էր մեր մտածելակերպը։ Սանկտ Պետերբուրգում դասավանդման այլ մոտեցում կար… Հետագայում իմ կրթությունը, տարբեր ուսումնասիրություններն ու աշխատանքային փորձը օգնեցին, որ ես մշակեմ սեփական մեթոդս»։ Դիտարկմանը՝ ուսանողի համար միանշանակ բարդ է յուրացնել ձեր մեթոդիկան, ուսումնասիրել աշխարհահռչակ խորեոգրաֆների աշխատանքները…, Ռուդոլֆ Խառատյանը պատասխանեց. «Միայն այդպես խորեոգրաֆը կստեղծի իր ինդիվիդուալ ոճը։ Տեսեք՝ առաջին կուրսեցիներին հանձնարարել էի ստեղծել նոր գործեր Բախի երաժշտությամբ, քանի որ կոմպոզիտորի արվեստը թեմայի սահմանափակում չունի եւ թույլ է տալիս ազատ մտածել ու հորինել կոմպոզիցիաներ։ Իսկ երկրորդ կուրսեցիները աշխատեցին Շոպենի երաժշտության հետ եւ իրենց ստեղծած աշխատանքներով յուրահատուկ ձեւով դրսեւորեցին սեփական միտքն ու գաղափարը՝ ներկայացնելով մեկ այլ Շոպեն։ Նշեմ, որ դա իմ իմացած ու իմ պատկերացումների Շոպենը չէր։ Սա արդեն նշանակում է, որ նրանք գնում են նոր ուղիով՝ իրենց ուղիով։ Չեմ խուսափի նշել «արարիչ» բառը, քանի որ հենց այդ երիտասարդներն են իրենց գործերով ստեղծելու նոր մտածելակերպ, նոր գաղափարներ եւ առաջ տանելու մեր ազգի միտքն ու գիտակցությունը»։
Զրույցի ընթացքում խորեոգրաֆը նշեց, որ դասավանդման կարեւոր բաղադրիչներից է նաեւ հանդիպումը տարբեր մասնագետների հետ, որի արդյունքում ուսանողները ձեռք են բերում գիտելիքներ այլ ոլորտների վերաբերյալ եւս։ Ասաց, որ վերջերս «Բալետ 2021» հիմնադրամի օգնությամբ ուսանողների հետ այցելել են Գյումրի, ներկա գտնվել արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյանի «Հին հայկական խորհրդանիշներ» թեմայով դասախոսությանը, ապա տեղի Քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել Սեւ բերդ եւ պատմամշակութային ու ճարտարապետական տարբեր հուշարձանների։
Ռուդոլֆ Խառատյանի դասավանդման մասին կարծիքներ խնդրեցինք արվեստագետի ուսանողներից։ Աննա Թորոսյանն ասաց, որ շուրջ 5 ամիս է՝ աշխատում են պարոն Խառատյանի հետ, բայց տպավորություն է, թե արդեն մի ամբողջ դպրոց են անցել. «Նա մեզ սովորեցրեց մտածել, ինչը ռեժիսորի մասնագիտության առաջին նախապայմանն է, որովհետեւ մտածելու ունակությունը թույլ է տալիս հատել բոլոր սահմանները եւ տեսնել այն կետը, ինչը մինչ այդ կարող է եւ չնկատեինք»։ Նելլի Մարտիրոսյանն էլ կարծիք հայտնեց, թե Խառատյանի մուտքն իր կյանք պատահականություն չէ. «Նա հայտնվեց ճիշտ ժամանակին, երբ ոչ միայն ինձ, այլ բոլորիս անհրաժեշտ էր այդ ուժն ու մոտիվացիան։ Ես մանուկ հասակից ապրել եմ բալետով, բոլոր նպատակներս կապել արվեստի հենց այս ուղղության հետ, սակայն եկավ մի ժամանակահատված, երբ հիասթափություն ապրեցի։ Եվ ահա հայտնվեց պարոն Խառատյանը, ով կամա թե ակամա իմ մեջ ուժ սերմանեց առաջ նայել եւ չկորցնել ձգտումը թե որպես կատարող եւ թե որպես խորեոգրաֆ։ Նրա յուրաքանչյուր դասը փոքրիկ հաղթանակ է»։ Վիկա Արեւշատյանն էլ նշեց, որ ամենակարեւորը՝ Խառատյանը իրեն հավատ է ներշնչել. «Հավատ՝ ինքս իմ հանդեպ։ Օրեր առաջ քոլեջ էի գնացել, ուսուցիչներիցս մեկը հետաքրքրվեց, թե ո՞վ է ռեժիսուրայի դասախոսը, պատասխանեցի՝ Ռուդոլֆ Խառատյանը։ Նա էլ ասաց՝ վայելեք նրա ներկայությունը, մեծ պատիվ է նման մասնագետի ղեկավարությամբ սովորելը»։
Կարդացեք նաև
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.06.2022