Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն ու Ալիեւն արդեն Լեռնային Ղարաբաղի թեման չեն քննարկում

Հունիս 03,2022 12:00

Երեւանն ու Բաքուն լծվել են սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով քննարկումների մեջ, սակայն Ալիեւը չի հրաժարվում «թելադրողի» դերից:

Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների եւ տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, եւ երկու կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ինֆրակառուցվածքի առնչությամբ, եւ հակառակի վերաբերյալ շահարկումն ափսոսանք է հարուցում, օրերս այս բովանդակությամբ հայտարարություն տարածեց Եվրամիության խորհրդի նախագահի խոսնակ Բարենդ Լեյցը:

Որքան միջազգային հանրության կողմից ջանքերն ավելանում են՝ Հայաստան-Ադրբեջան խնդիրները կարգավորելու հարցում, ակնհայտ է դառնում, որ կողմերի մոտ առկա դիրքորոշումներով առավելապես հակասությունների շարքն է ավելանում, քան նվազում:
Ցավալին այն է, որ Հայաստանի դիվանագիտությանը չի հաջողվում գործընկեր պետությունների, կազմակերպությունների կողմից ստանալ հասցեական քննադատություններ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բռնած դիրքի վերաբերյալ: ԼՂ-ի կարգավիճակի, ԼՂ-ի բնակչության իրավունքների հարցը ետին պլան մղված՝ այժմ «Հայաստան-Ադրբեջան հակամարտության» թեման է թեժացել, ու Հայաստանի հանդեպ տարածքային հավակնություններով հանդես եկող Ադրբեջանի իշխանություններին ու Հայաստանին, փաստորեն, ուղղվում են հայտարարություններ, որոնց միջոցով հավասարության նշան է դրվում «կողմերի միջեւ»:

ԵՄ խորհրդի նախագահը ողջունել է սահմանային հանձնաժողովների մայիսի 24-ի հանդիպումը՝ այն անվանելով պատմական, եւ շեշտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի երկայնքով կայունության եւ անվտանգության ապահովման հսկայական կարեւորությունը սահմանազատումից առաջ: «Ավելի լայն առումով՝ նախագահ Միշելը շեշտել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կայուն կարգավորման համար կարեւոր է անդրադառնալ բոլոր դեռ չլուծված խնդիրներին, այդ թվում առաջ մղելով ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները եւ անդրադառնալով հակամարտության արմատներին: Նախագահ Միշելի կարծիքով՝ բոլոր առանցքային խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաեւ 2020թ. ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է կարգավորեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ պայմաններ ստեղծելու տեւական եւ արդարացի խաղաղության համար», – ասված է հայտարարությունում: Նշելով, որ «տերմինաբանությունը հատկապես զգայուն է այս համատեքստում», խոսնակն ընդգծել է, որ մայիսի 22-ի հանդիպման արդյունքներով Միշելի հայտարարությունը «չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն քննարկումների որեւէ կանխորոշված ելքի», եւ որ ծայրաստիճան կարեւոր է բոլոր խնդիրների համընդգրկուն հասցեագրումը. «Սա ներառում է բոլոր բնակչությունների իրավունքները եւ անվտանգությունը»: Շառլ Միշելը, ըստ խոսնակի հայտարարության, շեշտել է բնակչություններին խաղաղության պատրաստելու անհրաժեշտությունը եւ «այդ առնչությամբ հրապարակային հռետորաբանության կարեւորագույն դերը»:

Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձում վերահաստատել է Ֆրանսիայի անսասան հանձնառությունը խաղաղության համաձայնագրի կնքման, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցություններում: «Կարող եք վստահ լինել՝ ես սատարում եմ վերջին ամիսներին նկատվող դրական դինամիկային եւ ձեռք բերված արդյունքներին՝ թե՛ արտգործնախարարների մակարդակով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ կապերի հաստատման, թե՛ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործում։ Վստահության մթնոլորտի ստեղծումը կարեւոր է տարածաշրջանում խաղաղության համար»,- ընդգծել է Մակրոնը։

Մայիսի 31-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ։ Ռուսական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ «շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման եւ կայունության ամրապնդման, տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ խնդիրների լուծման վրա»։ Կրեմլի փոխանցմամբ՝ Ալիեւը Պուտինին տեղեկացրել է Փաշինյանի եւ Միշելի հետ մայիսի 22-ին կայացած հանդիպման մասին։ «Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացման փոխադարձ մտադրությունը», – հայտնում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը։ Ի դեպ, Լեռնային Ղարաբաղի մասին ռուսական կողմի հաղորդագրությունում որեւէ հիշատակում չի եղել։

Նկատենք, որ Բրյուսելում մայիսի 22-ին կայացած եռակողմ բանակցություններից մեկ օր անց ռուսական կողմը ՀՀ ԱԳ նախարարից տեղեկացավ եվրոպական մայրաքաղաքում կայացած բանակցությունների արդյունքների մասին: Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում նրանք անդրադարձել էին 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: Միրզոյանն ու Լավրովը քննարկել էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձեւավորմանն առնչվող հարցեր: «Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տնտեսական կապերի եւ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացի վերաբերյալ», ասվում էր ԱԳՆ-ի հայտարարությունում:

Բրյուսելյան բանակցություններից 2 օր անց էլ կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւն առաջին անգամ հանդիպեցին` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձեւաչափով։ Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման եւ այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Քննարկվել էին հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական եւ ընթացակարգային հարցեր։ Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության էին եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ, եւ մասնավորապես՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

Ձեռքբերված պայմանավորվածությունների ու նոր ձեւաչափով բանակցությունների հետ միասին՝ պաշտոնական Երեւանը շարունակում է շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը: Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնական ներկայացուցչի մանդատից բխող հարցերի լայն շրջանակի: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը։ Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանում տնտեսական կապերի եւ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ պարբերական հանդիպումներն էր կարեւորել նաեւ Փաշինյանը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը: Մայիսի 27-ին ընդունելով ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Փաշինյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ պարբերական հանդիպումներն ու շեշտել էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում վերը նշված ֆորմատի կարեւորությունը: «Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր», ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

Մի կողմից՝ Երեւանն ու Բաքուն, փաստացի, լծվել են սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով քննարկումների մեջ, սակայն Ալիեւը շարունակում է «թելադրողի» իր դերից չհրաժարվելու քաղաքականությունը: Նա մայիսի 27-ին կրկին հանդես է եկել սպառնալիքներով համեմված մտքերով, դարձյալ կրկնել է, թե՝ «Լեռնային Ղարաբաղ չկա», «ԼՂ հիմնախնդիրը լուծված է», «ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա» եւ այն:

Պաշտոնական Երեւանը արձագանքեց Ալիեւի ելույթին, նկատելով, որ այդ հայտարարությունները եւս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական` իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ եւ ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին։ «Հարեւան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, եւ լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում վերահաստատել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը»։ ՀՀ ԱԳՆ-ն փաստում էր, որ ադրբեջանական կողմի շահարկումներով փորձ է արվում ԼՂ-ի հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, մինչդեռ այն արցախահայության իրավունքների իրացման եւ էթնիկ զտումների վտանգի բացառման մասին է։ ԱԳՆ-ն հիշեցնում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ 1995թ. ստացած միջազգային մանդատը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը, շարունակում է գոյություն ունենալ: «Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը ռազմատենչ եւ առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձեւաչափերում ընթացող քննարկումները։ Միեւնույն ժամանակ, միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին եւ ակնկալում միջազգային գործընկերների միանշանակ վերաբերմունքի արտահայտումը, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի հասնել կայունության եւ խաղաղության Հարավային Կովկասում», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունում։

Այնուհետեւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշեց. «Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված եւ ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ եւ դա 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով` Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, եւ սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ որպես համանախագահողներ: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ-ն, Ֆրանսիան:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն ընդգծվել է նաեւ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի՝ ս.թ. ապրիլի 19-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ 2021թ. դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած վեհաժողովում տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում»:

Այնուհետեւ Միրզոյանը նկատել էր. «ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը, եւ հետեւաբար, Ադրբեջանն այն չի կարող լուծարել, կամ նրա առաքելությունն ավարտված համարել: Այդ նույն միջազգային հանրությունն այսօր արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ գոյություն ունի եւ, ինչպես նշեցի, արձանագրում է, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Այդ մասին ասվում է նաեւ Հայաստանի վարչապետի եւ ՌԴ նախագահի՝ վերը հիշատակված հայտարարության մեջ: Այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը՝ արտահայտելով ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Ընդ որում, նույն հայտարարության մեջ ընդգծվեց նաեւ, որ օրակարգում կա ԼՂ կարգավիճակի հարց եւ ԼՂ հայության ինքնորոշման իրավունքն ուժի մեջ է: Հայաստանը, ի դեպ, Ադրբեջանից երբեք չի ունեցել եւ չունի տարածքային պահանջներ: ԼՂ հիմնախնդիրն իրավունքի հարց է եւ այդպես էլ ընկալվում է միջազգային հանրության կողմից: Եվ դա է երեւում բրյուսելյան հանդիպումից: Մենք արձանագրել ենք, որ պատերազմի էջը մեզ համար փակված է, եւ կա հիմնախնդիր, որը պետք է լուծվի քաղաքական, դիվանագիտական եղանակով»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 02.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930