Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարում 4045-ով հաշմանդամություն ունեցողներն ավելացել են, 4-ով էլ՝ մանկատան երեխաները

Հունիս 03,2022 14:30

Այս տարվա առաջին եռամսյակում մեր երկրի համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն, կազմել է 1 միլիարդ 484 միլիոն 336 հազար դրամ, որից գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում է 70 միլիոն 145 հազար դրամը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՆԱ-ն ավել է 8,8 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք օրերս հրապարակված «Պարենային ապահովություն եւ աղքատություն, 2022թ. հունվար-մարտ» ամիսների զեկույցից:

Փաստաթուղթն արտացոլում է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը այս տարվա առաջին եռամսյակում: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն էլ երեք ամիսների ընթացքում կազմել է 501 հազար 211 դրամ:

ՀՆԱ-ի նկատմամբ պակասուրդն ու հավելուրդն էլ կազմել է 1,9 տոկոս: 2021 թվականին այս ցուցանիշը տարվա կտրվածքով եղել է -4,4 տոկոս, 2020-ին՝ -5,4 տոկոս:

Բյուջեի ծախսերը, ըստ զեկույցի, եղել են 396 միլիոն 816 հազար 700 դրամ:

Ինչպես տեղեկանում ենք, մեր երկրի արտաքին պետական պարտքը նշյալ ժամանակաշրջանի վերջում կազմել է 6 միլիոն 628 հազար 400 դոլար:

Համախառն միջազգային պահուստները կազմել են 2 միլիոն 940 հազար 300 դոլար: Հունվար, փետրվար, մարտ ամիսներին, ըստ զեկույցի մեր երկրից արտահանվել է 734 միլիոն 800 հազար դոլարի ապրանք, որից պարենամթերքը եղել է 184 միլիոն 700 հազար դոլարի: Անցյալ տարվա 12 ամիսներին միասին վերցրած՝ 3 միլիոն 22 հազար 400 դոլարի:

Առաջին եռամսյակում ներմուծել ենք 1 միլիոն 367 հազար 200 դոլարի ապրանք, որից պարենամթերքը՝ 218 հազար 100 դոլարի:
Նույն փաստաթղթից նաեւ տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին երեք ամիսներին եկամուտներն ու պաշտոնական տրանսֆերտները կազմել են 425 միլիոն 49 հազար 300 դրամ:

Հրապարակվել է նաեւ մեր երկրի բնակչության թվաքանակը՝ 2 միլիոն 961 հազար 400 մարդ: Սա 2021 թվականի ամբողջ տարվա տվյալներն են, որը 2020 թվականի համեմատությամբ մոտ 2 հազար բնակչով պակաս է: Ամենաշատ բնակչությունը բաժին է ընկնում մայրաքաղաքին. Միայն Երեւանում բնակվում է 1 միլիոն 93 հազար մարդ: Արամվիրի մարզը բնակչությամբ երկրորդն է՝ 264 հազար 400 մարդ: Ապա՝ Արարատի մարզը, որտեղ ապրում է 256 հազար 600 բնակիչ: Ամենաքիչ բնակչությունը Վայոց Ձորում է՝ 47 հազար 600 մարդ:

Այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ մեր երկրում կենսաթոշակ ստացող քաղաքացիների թիվը կազմում է ընդհանուր բնակչության 15,7 տոկոսը, այսինքն՝ 465 հազար 651 մարդ: Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն էլ 195 հազար 634 հազարն են, որոնք բնակչության 6,6 տոկոսն են: Ի դեպ, մեկ տարվա ընթացքում հաշմանդամություն ստացած քաղաքացիների թիվը կտրուկ աճել է, դրան նախորդող տարում ՀՀ-ում հաշմանդամություն ունեցողների թիվը եղել է 191 հազար 827 մարդ:

Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվն այս պահի դրությամբ, 57 հազար 682 հազար է, որը 4 հազար 45-ով պակաս է դրան նախորդող տարուց՝ 2020 թվականի ցուցանիշներից:

24 հազար 646 ընտանիք էլ սոցիալական նպաստ է ստանում: Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացել է 34 հազար 221 ընտանիք:
Զեկույցից տեղեկանում ենք, որ բարձրացել է 0-4 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը՝ 2020-ին 1000 կենդանի ծնունդի հաշվով 8 մարդուց դառնալով 8,4 մարդով:

Պետական մանկատներում երեխաների ընդհանուր թվաքանակն այս պահի դրությամբ 583 է. նախորդ տարի 4 երեխայով պակաս է եղել:
10 երեխա էլ պետական մանկատներից եւ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններից տեղափոխվել են կենսաբանական ընտանիքներ, 1-ն էլ՝ խնամատար ընտանիք: Խնամատար ընտանիքներում ընդգրկված երեխաների թվաքանակն այս պահի դրությամբ 88-ն է:

Երեխաների խնամքի եւ պաշտպանության ցերեկային կենտրոններում ընդգրկված են 563 երեխաներ: 8 երեխա էլ պետական մանկատան շրջանավարտ է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930