«Հայաստանն այն երկրներից է, որ չունի պատգամավորների էթիկայի վարքագծի կանոններ, ՀՀ խորհրդարանի աշխատանքը թափանցիկության առումով պետք է ուժեղացվի, իսկ դա ուղղակիորեն կապված է պատգամավորների էթիկայի վարքագծի կանոնագրքի ընդունման հետ»,-հունիսի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ՀՀ իշխանությունների աշխատանքը կոռուպցիայի կանխարգելման հարցում, այսպես պատասխանեց Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) նախագահ Մարին Մրչելան։
Նա մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ԳՐԵԿՈ-ի տարեկան զեկույցը։ Անդրադառնալով մեր հարցին և ՀՀ ԱԺ-ի աշխատանքին՝ Մարին Մրչելան ևս մեկ խնդիր ներկայացրեց․ «ՀՀ ԱԺ-ում արագացված ընթացակարգերը չարաշահվում են, ինչպես նաև բացակայում է տեղեկատվությունը ներկայիս փորձառության մասին՝ կապված օրենքների ընդունման գործընթացում հանրության մասնակցության հարցի հետ։ Տեղյակ ենք, որ ՀՀ խորհրդարանում շրջանառվում է պատգամավորների էթիկայի վարքագծի կանոնագրքի նախագիծը։ Մենք սպասում ենք դրա ընդունմանը»։
Խոսելով դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ ԳՐԵԿՈ-ի նախագահն ասաց․ «Կարևոր է, որ դատական իշխանության նկատմամբ վերահսկողությունը չվնասի դատավորների անկախությանը։ Արդարադատության նախարարության իրավասությունը՝ կարգապահական վարույթներ նախաձեռնել դատավորների նկատմամբ, պետք է դադարեցվի։ Ներկայումս գործող մոդելը համադրելի չէ դատական իշխանության անկախության հետ։ Այս բոլոր ուղղություններով դեռ շատ աշխատանք կա Հայաստանում անելու»։
Մարին Մրչելան միևնույն ժամանակ նշեց՝ այն անձինք, որոնք Հայաստանն են ներկայացնում ԳՐԵԿՈ-ում, նվիրված են իրենց աշխատանքին և հստակ գիտեն՝ ինչ են անում։ Բայց նաև փաստեց՝ նրանք ԳՐԵԿՈ-ի առաջարկները միայն փոխանցում են քաղաքական գործիչներին, իսկ իրականացնողները հենց քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն են։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ