Այսօր ժամը 15․00-ից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը Ռոման Սմբատյանը քննում էր ընդդիմադիրների ավտոերթի օրը Գյումրու Երևանյան խճուղու կանգառներից մեկում տարեց տղամարդկանց բռնության ենթարկելու մեջ մեղադրվող 5 կալանավորված երիտասարդների խափանման միջոցը փոխելու հարցը։ Դատական նիստը տևեց մինչև ժամը 19․00-ն։
3 տուժողների շահերը ներկայացնող Կարեն Բարսեղյանը, որը Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է,տուժողների անունից հայտարարեց, որ նրանք ոչ մի բողոք ու պահանջ չունեն։
«Ես գտնում եմ, որ ազատությունից զրկումը ծայրահեղ միջոց է ցանկացած գործի հետ կապված, և դատարանը դա հաշվի կառնի։ Ես այն կարծիքին են, եթե մեղադրյալները Արցախի պատերազմի մասնակիցներ են, ես՝ որպես այդ ճանապարհով անցած մարդ, գնահատում եմ նրանց մարտական ուղին»,-ասաց Կարեն Բարսեղյանը։
Կարդացեք նաև
Տուժողներից ընդամենը մեկն էր ներկայացել դատարան, սակայն նա դատական նիստի չմասնակցեց։ Նրա պաշտպանը սա պատճառաբանեց երբեմն տարածվող ասեկոսեներով, թե տուժողները կաշառված են, հետևաբար, ըստ պաշտպանի, տղամարդը վատ զգաց և չմնաց նիստին։
Դատական նիստի ընթացքում մանրամասնորեն ներկայացվեցին կալանավորված հինգ երիտասարդների՝ Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի, Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գևորգ Մուրադյանի կենսագրությունը, նրանց մարտական ուղին։
Փաստաբանները միջնորդեցին կալանքը փոխել երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ, ավելին, նրանց անձնական երաշխավորություն ներկայացրեցին նաև ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Արամ Վարդևանյանը։ Պատգամավորները նշում էին, որ հայրենիքի պաշտպանները չեն կարող հանցագործ լինել, կալանքից ազատ արձակվելու դեպքում չեն կարող փախուստի դիմել, քանի որ նրանք փախուստի չեն դիմել թշնամու հետ մենամարտից։
Երիտասարդներից չորսը պատերազմի մասնակիցներ են, նրանցից մի քանիսը պարգևատրվել են Արցախի Հանրապետության նախագահի կողմից, ոմանք վիրավորում ունեն։
Փաստաբան Աբգար Պողոսյանի ներկայացմամբ, նրանք բացառիկ բնութագրվող մեղադրյալներ են, որոնք եզակի դեր են կատարել Հայաստանի Հանրապետության տարածքների պաշտպանության համար։ Գոռ Մաթևոսյանը ու Տարոն Մանուկյանը՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին 44 օրյա պատերազմի մասնակիցներ են։ Մեղադրյալներից Գևորգ Մուրադյանն արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար Հրաչ Մուրադյանի որդին է։
Գոռ Սարգսյանն ու Արսեն Մարտոյանն էլ մասնակցել են արցախյան երկու պատերազմների։
Փաստաբան Աբգար Պողոսյանը նախքան դատարանի որոշում կայացնելը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, թե դատարանը անկաշկանդ կլինի որոշում կայացնելուց, իսկ արդարադատությունը պահանջում է ազատ արձակել տղաներին։
Քիչ առաջ դատարանը որոշեց անփոփոխ թողնել ընդդիմադիրներ երիտասարդների խափանման միջոցը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Դատարանը շատ ճիշտ է վարվել։ Պատերազմի մասնակից լինելը մարդ ծեծելու ինդուկգենցիա եք սարքում։ Մի հատ մարդակեր Մանվել ձեզ հերիք չէր։ Պետությունը պոզիտիվ պարտավորություն ունի հետապնդելու և պատժելու քրեական հանցանք գործած անձանց։ Պատերազմի մասնակիցը ծեծելու իրավունք վաստակել չի։ Դեմագոգիան նթարգեք