«Առանց պատժելիությունն ապահովելու, մենք չենք հասնի արդարադատության»,- Հայաստանի ամերիկյան համալսարանում Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. պատերազմից հետո» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ պատերազմական հանցագործությունների կատարման համար պատասխանատվության կարևորության հարցին։
Խոսելով ռեպարացիայի՝ վերականգնման իրավունքի մասին՝ նա փաստեց՝ պետություններն ունեն պարտավորություն ճշմարտություն հաղորդել ընտանիքներին՝ ցույց տալով հարակից փաստերը մարդու իրավունքների խախտման հետ կապված։ Իրավապաշտպանը նշեց՝ դժբախտաբար չեն տեսնում Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունները կատարելուն ուղղված քայլեր ու մանրամասնեց․ «Միջազգային դատարանի առջև իրենք մերժողական քաղաքականություն են դրսևորում։ Չնայած կան ուժեղ ապացույցներ, բայց իրենք, միևնույն է, մերժողական քաղաքականություն են վարում»։
Նա ցուցադրեց երկու տեսանյութ, որոնցում առևանգված հայ զինծառայողներ էին ու տեղեկացրեց․ «Այս երկու տեսանյութերը Եվրոպական դատարանի միջոցով փոխանցվել են Ադրբեջանին՝ անհատական դիմումների ներքո։ Այս տեսանյութերը ստուգված են, կարողացել ենք պարզել զոհերի ինքնությունը, իմացել ենք ընտանիքներից, գիտենք տարածքը, որտեղ սա տեղի է ունեցել։ Ունենք տուժածներ, որոնք ողջ են, որոնք կարողացել են ողջ մնալ, գերի չեն ընկել, ունենք նաև վերադարձած ռազմագերիներ նույն խմբից, որոնք մեզ մանրամասներն են պատմել։ Այս տեսանյութերը՝ որպես ապացույց են տրամադրվել ցույց տալու, որ այս երկու հայ զինվորներն առևանգվել են։ Նրանք այժմ անհետ կորած են համարվում, քանի որ պաշտոնապես Ադրբեջանը չի ընդունում նրանց առևանգումը և հրաժարվում է որևէ ինֆորմացիա տրամադրել։ Եվրոպական դատարանին Ադրբեջանի կառավարությունը գրավոր պատասխան տրամադրեց։
Կարդացեք նաև
Նախ` նրանք ցույց են տալիս, որ ինչ-որ հետաքննություն Ադրբեջանում տեղի է ունեցել, օրինակ, այս տեսանյութերը փոխանցվել են համապատասխան վարչություններ, Ադրբեջանի ՊՆ-ի ստորաբաժանումներ, ցույց են տրվել զինվորականներին, բայց որևէ զինվորական չի նույնականացրել, թե ովքեր են տեսանյութում։ Նրանք վկայություններ են վերցրել և ի վերջո ասում են՝ հնարավոր չէ նույնականացնել, ուրեմն չկա ապացույց, որ այս մարդիկ առևանգված են, պահվում են Ադրբեջանում։ Նաև ասում են, որ իրագործելի չէր այս տարածումը։ Սրանք օրինակ են նրա, թե պետությունն ինչպես չի իրականացնում հետաքննություն և ճշմարտությունը չի ներկայացնում ընտանիքներին»։
Իրավապաշտպանը նշեց՝ Ադրբեջանը փորձում է նաև հայերի նկատմամբ հոգեբանական գերակայություն ստանալ։ Նաև հայտնեց, որ, Հայաստանը, օրինակ, կացնահարված Գուրգեն Մարգարյանի գործով փորձել է ԵԽ նախարարների կոմիտեի վրա ճնշում գործադրել։ Սիրանույշ Սահակյանը պատմեց․ «Մենք ճնշում գործադրեցինք, որ Բաքվում փողոց անվանվի Գուրգեն Մարգարյանի անունով՝ որպես մեր բարոյական վնասի հատուցման ձև։ Սակայն մերժեցին։ Մեզ անհրաժեշտ են ռեսուրսներ, որ հասնենք Նախարարների կոմիտեում մեզ անհրաժեշտ արդյունքների։ Անհրաժեշտ է դիվանագիտական աշխատանք տանել, որ կարողանանք համապատասխան միջոցներ ապահովել բավարարում ստանալու համար։ Առաջարկում եմ, որ մենք իրավական վարույթից անցում կատարենք քաղաքական, դիվանագիտական վարույթների, որպեսզի կարողանանք ստանալ բարոյական վնասի այն հատուցումը, որը հասցվել է հայերի արժանապատվությանը»։
Ի պատասխան հարցերի՝ Սիրանույշ Սահակյանը նշեց, որ անգամ Հայաստան վերադարձած հայ ռազմագերիների պարագայում մեծ ռիսկ է վրեժխնդրությունը ու պարզաբանեց․ «Միակ ռիսկը վերժխնդրությունն է։ Ադրբեջանում դեռևս հայ ռազմագերիներ են գտնվում, և մենք չենք կարող նրանց անվտանգությունն ապահովել։ Եթե մենք նաև հետապնդման հարցեր բարձրացնենք, Ադրբեջանում կարող են վրեժխնդիր լինել մեր ռազմագերիների նկատմամբ, նրանց կտտանքների ենթարկել։ Մենք կարող են անվտանգ գործել, երբ նրանք վերադառնան Հայաստան։ Նույնիսկ ՀՀ-ում գտնվողները դեռ վախ ունեն վրեժխնդրության հետ կապված։ Գիտենք՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կարող են ՀՀ ուղղակի կամ անուղղակի եղանակներով մուտք գործել և սպառնալիքներ ներկայացնել գերիների և նրանց ընտանիքների նկատմամբ, նրանց ՀՀ-ում հանդիպել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ