«Վաղը հրավիրված է ԱԺ նիստ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից, իսկ ժամը 16:00-ին էլ Ֆրանսիայի հրապարակում՝ հանրահավաք»,-ճեպազրույցում նշեց ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նրա ձեւակերպմամբ. «Վերջին օրերի դեպքերն ու իրադարձությունները վկայում են այն մասին, որ իշխանություն կոչվող ՔՊ խմբակը այնքան է խորացել իր պետականակործան, ազգակործան գործողությունների մեջ, որ նրանցից որեւէ մեկը չի համարձակվում ասել մեր կարմիր գծերը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ հնարավոր չէ Ալիեւի հոխորտանքների տակ սահմանագծում, սահմանազատում իրականացնել, հնարավոր չէ Թուրքիայի հետ հաստատել հարաբերություններ՝ ցեղասպանության ուրացման հաշվին, նրանցից որեւէ մեկը չի համարձակվում արտաբերել այդ խոսքը, որովհետեւ ունեն մեկ բռնապետիկ՝ խղճուկ, ողորմելի, վախկոտ, սուտասան ղեկավար, որն այսօր դարձել է Հայաստանի չարիքը:
Մեր հասարակության գիտակից, մտածող, ազգային, պետական արժեքներով առաջնորդվող մասը հրապարակում արդեն մեկ ամիս ոչ է ասում նման գործելակերպին, ոչ է ասում է մեր արժանապատվության, պետականության դեմ քաղաքականությանը, ու տասնյակ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ միացել են այդ կարմիր գծերին»:
Աղվան Վարդանյանը համոզված է, որ իշխանություն մեջ առավելագույնը 15-20 հոգի հետդարձի ճանապարհ չունի, իսկ շատերն ուղղակի գերության մեջ են. «Նրանք հայ մարդիկ են, ընտանիք մարդիկ, որոշակի կրթություն, դաստիարակություն ստացած, երեխաներ, ծնողներ ունեն, հրաշալի հասկանում են, որ սա կործանման տանող ճանապարհ է, բայց չեն համարձակվում այդ գերությունից դուրս գալ: Ես ձեզ վստահեցնում եմ՝ հասնելու ենք նաեւ այդ ճանապարհին, երբ նրանցից շատերը վերջապես ուշքի են գալու, բայց ոչ՝ իմ նշած 15-20 հոգին»:
Կարդացեք նաև
Պատգամավորն անդրադարձավ իր ձեւակերպմամբ՝ «փառապանծ» ոստիկանության գործողություններին. «Այս շարժման ակտիվ 22 տղաներ կալանավորված են, շատերին մեղադրանք է առաջադրված: Սա այս իշխանության դեմքն է՝ աթոռը պահելու համար: Իշխանությունները չեն հասկանում, որ այդ տղաները չեն ընկճվելու, եթե դուրս են եկել ազգային, պետական արժանապատվությունը պաշտպանելու»:
Նա հատուկ անդրադարձավ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, որը իր խոսքով, Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ ընդունած պատվիրակներին խոստացել էր օրենքով սահմանված կարգով ամեն ինչ անել, որպեսզի ոստիկանները բռնություն չկիրառեն, ծառայեն պետությանը, ոչ թե մեկ անձի՝ անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ ունի նրա հետ:
«Այդ խոստումից հետո անել այնպիսի բռնություններ, սարսափելի բաներ քաղաքացիների հանդեպ, որի ականատեսը եղանք 2-3 օր առաջ՝ Կառավարության երրորդ մասնաշենքի առաջ, այդ թվում պատգամավորների առաջ, մեղմ ասած պատիվ չի բերում տղամարդուն, իսկ ավելի կոպիտ ասած՝ ամոթ է, ուղղակի պետք է գետինը մտնեք, որ ձեր խոսքը չեք կատարում:
Տպավորություն ունեմ, որ այդ մարդը չի տիրապետում ոստիկանության ամբողջ համակարգին, եւ իր փոխարեն որոշումներ են կայացնում ուրիշները, ինքը լավ կիմանա, թե ովքեր են նրանք: Եվ եթե այդքանից հետո ինքը շարունակում է այդ պաշտոնում մնալ, ուրեմն դա եռակի, քառակի խայտառակություն է տղամարդու համար»,-ասաց Աղվան Վարդանյանը:
Նա ԱԱԾ պետին էլ անդրադարձավ. «Այս պետականակործան ընթացքի համար անձնական պատասխանատվություն են կրում նաեւ ուժային մյուս կառույցները՝ ԱԱԾ-ի ղեկավար Աբազյանը, որը փոխանակ պետական անվտանգությանը հետեւելու, պետական բյուջեից վարձատրվում է, պահուստային ֆոնդից էլ վերջերս նորից 3 մլրդ դրամ է ստացել, ամբողջ պետական միջոցները ծառայեցնում է մարդկանց գաղտնալսելուն, հետապնդելուն…Պարոն Աբազյան, դուք եւս պատասխան եք տալու»:
Նա միջանկյալ մի բան պատմեց. «Շուշիում տարիներ շարունակ հյուրանոցներից մեկում ապրել է մի գերմանացի, ու միայն վերջերս պարզվել է, որ այդ գերմանացին թուրք է: Հայաստանի եւ Արցախի ԱԱԾ-ները, որ այդ գործի ծառայողները պետք է լինեին, դա չեն նկատել: Եվ երբ ես խոսում եմ այս բռնապետիկի մասին, խոսում եմ նաեւ Արցախի նախագահ ասվածի մասին, որը 2020թ դարձավ նախագահ, եւ ընդամենը վեց ամիս անց ունեցանք այս պատերազմը: Նա եւս անձնական պատասխանատվություն է կրում կատարվածի համար, որքան էլ փորձի տպավորություն ստեղծել, թե դրական բաներ կան: Նա ցավոք, Արցախի այն նախագահն է, որն ուղղակի կամակատարն է այս բռնապետիկի»,-ճեպազրույցում նշեց Աղվան Վարդանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ