Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տարբեր մարմիններում առերեւույթ իրավախախտումների վերաբերյալ շուրջ 7 գործ են ուղարկել դատախազություն այն ժամանակից ի վեր, ինչ նշանակվել է այդ պաշտոնում:
Հարցին՝ մամուլում գրվեց ձեր եւ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հակասությունների վերաբերյալ,մասնավորապես այն, որ ՋՕ-ի տնօրեն ձեր «մարդը» պետք է նշանակվեր՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Ես մարդ չունեմ՝ մեկ, Կոտայքի մարզպետի հետ որեւէ հակասություն չունեմ: ՋՕ ընկերությունները ինքնակառավարվող մարմին են»:
Հարցին՝ Կոտայքի մարզում դուք փորձե՞լ եք որեւէ շենք-շինություն, հողատարածք ձեռք բերել՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց.«Ես ի՞նքս: 100% երաշխավորում եմ,որ որեւէ անշարժ գույք, բացառությամբ հիփոթեքով ձեռք բերված իմ բնակարանի, ես ձեռք չեմ բերել»: Լրագրողները Արզաքանում անշարժ գույքի մասին հարցրեցին՝ Պետրոսյանը հերքեց.«Տեղեկություն կար, որ «Գոլդեն փելեսն» էլ էր իմը, «Ծիրանի» ռեստորանն էլ էր իմը: Ես պաշտոնապես հերքել եմ»: «Երազ» թաղամասում տան ձեռք բերելու հետ կապված էլ նա հորդորեց նայել իր հայտարարագրերը:
Կարդացեք նաև
Խոսելով ընդդիմադիրների անհնազանդության գործողությունների մասին՝ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ ընդդիմադիրները անգամ քաղտեխնոլոգիաների կիրառմամբ չեն կարողանում մեկ, մեկուկես տասնյակ հազար քաղաքացիների համախմբել, իսկ դա նշանակում է, որմեր հանրությունը առնվազն քաղաքացիական ակտիվություն ու իրավագիտակցություն ցուցաբերած, դրսեւորող հանրության շերտը անմասն է մնում այդ գործընթացներից: Իսկ առանց ժողովրդի կամքի իրացման ու ժողովրդի մասնակցության անհնար է իշխանափոխություն անել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ