Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի միջեւ հերթական անգամ հակասություն է նկատվում: Այսօր լրագրողները արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին երբ այս մասին հարց ուղղեցին, նա դա առողջ գործընթաց որակեց. «Նախկինների բոստանը չեմ ուզում քար գցել, բայց ժամանակին, երբ որ մի անձի պետք էր նստեցնել, բոլոր մարմինները շարքով կանգնած իրար ձեռք ձեռքի տված անում էին նմանատիպ գործողություններ»:
Հարցին՝ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը երբ նույն կերպ առողջ գործընթաց էր իրականացնում, հակասում էր իշխանական տեսակետին, նրան սկսեցին կառավարության նիստերին չհրավիրել ու արշավ էին սկսել նրա դեմ, սա ինչպե՞ս կբացատրեք՝ Անդրեասյանը չհամաձայնեց, որ Թաթոյանի դեմ արշավ է եղել. «Այ իմ դեմ իսկապես արշավ սկսվել էր, այն որ ասում են՝ արշավը այսպիսին է լինում: Այն, ինչ արվել է պարոն Թաթոյանի հետ, նույնիսկ արշավիկ չէր, ջերմ հարաբերություններ ու աջակցություն է եղել: Կառավարության նիստերին ես ինքս չեմ գնացել երկար ժամանակ, որովհետեւ համարել եմ, որ ՄԻՊ-ի ներկայությունը այդ նիստերին ոչ նպատակահարմար է: Հիմա, իմ իմանալով, պարոն Թաթոյանը ինքն է բաց թողել որոշ ժամանակ նիստեր, որից հետո իր այդ տեղը կարծեմ հանվել էր: Սա արշավ չէ, եթե կառավարության նիստին մասնակցությունը լիներ արշավ, իմ պաշտոնավարման ժամկետը մինչեւ վերջ կավարտվեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ