Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը

Հունիս 02,2022 17:55

Հունիսի 2-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը կդառնար 85 տարեկան։

Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ,  Պետական մրցանակի դափնեկիրներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը։

Հուշատախտակի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակույթի, արվեստի, գրական ոլորտների անվանի գործիչներ, Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի արվեստի երկրպագուներ:

Արա Խզմալյանի նշմամբ՝ անգնահատելի է Երվանդ Ղազանչյանի դերն ու վաստակը հայ թատրոնի պատմության մեջ, ինչի մասին խոսվել և դեռ խոսելու են սերունդները:  Վերհիշելով Ղազանչյանի հետ վերջին հանդիպումը՝ նախարարի տեղակալն ասել է. «Արդեն ակնհայտ խնդիրներով, բայց շիտակ մեջքով, ժպիտը դեմքին, տանտիրոջ պես ընդունեց բոլորին Պարոնյանի անվան թատրոնում, մինչև վերջ մնաց բոլորի հետ, խոսք ասաց, խոսք լսեց… Նա հիշողությանս մեջ մնաց ուժեղ, կենսասեր անձի կերպար, ինչպիսին որ կար կյանքում»:

Խոսելով Գալյա Նովենցի մասին՝ Արա Խզմալյանն ընդգծել է, որ նա բոլոր ժամանակներում կմնա ամենասիրելի արտիստներից մեկը. «Այն էմոցիաները և զգացմունքները՝ ազգային, մարդկային, գեղագիտական, որ ունեցել ենք կինոմատոգրաֆում և բեմում Գալյա Նովենցին տեսնելիս, նրա ամենամեծ արժևորումն ու նշանավորումն են»:

Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի մասին հիշատակի խոսքով հանդես են եկել նրանց որդին՝ Հակոբ Ղազանչյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը՝ անվանի արվեստագետների կյանքի ու գործունեության մասին հիշողություն դարձած պատմությունները՝ որպես ուղերձ, փոխանցելով երիտասարդ սերնդին:

Նշենք նաև, որ Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի միասնական հուշատախտակի հեղինակներն են ճարտարապետ Վարդան Հարությունյանը և քանդակագործ Արմենակ Համբարձումյանը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930