Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակցությունները փոխզիջումների համար են, ուրիշ տարբերակ չկա». Արայիկ Հարությունյան

Հունիս 02,2022 17:21

Ընդդիմությունը մեկ ամսից ավելի է՝ պահանջում է վարչապետի հրաժարականը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այդ առնչությամբ ասաց, որ ընդունում են ի գիտություն:

Ընդդիմությունը նաեւ հավաստիացում է ուզում լսել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Եթե ընդդիմությունը գործընկերային է, ապա գործընկերային պատասխաններ կստանա: Եթե ընդդիմությունը պահանջներ է ներկայացնում եւ բարոյականության, քաղաքակրթության սահմաններից դուրս է գալիս, իհարկե, իշխանությունն իր բարձրությունից պետք է դրան պատասխանի, բայց, եթե շարունակում է նույն կերպ գործել, պարզապես մերժման կենթարկվի: Մի հատ նայեք, թե այդ ընդդիմությունն ինչպես էր իրեն պահում՝ ներխուժելով արտաքին գործերի նախարարության շենք եւ ինչպես էր իրեն պահում այն մարդկանց հետ, ովքեր բանակցում են նույն Արցախի խնդրի համար»:

Արայիկ Հարությունյանի գնահատմամբ, ընդդիմությունը թույլ է ու ազդեցությունն էլ թույլ է, բայց այնուամենայնիվ արտաքին քաղաքականության դաշտում խնդիրներ է ստեղծում տվյալ անձանց գործունեության հետ կապված:

Ինչ վերաբերում է այդ նախադասությունն ասելու պահանջին՝ նա ասաց, որ իշխանությունը հայտարարություններ է անում, երբ անհրաժեշտ է համարում ու ընդդիմությունը չի կարող շեղել իրենց ծրագրերից:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը իր իշխանավարման ժամանակ կարող էր այնպիսի կեցվածքով նստեր, ասես «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», բայց կարող էր գնալ ու Մեղրիի փոխանակման տարբերակներ քննարկել. «Հիմա ավելի լավ է գնաս բանակցությունների, շատի հասնես եւ քի՞չ խոսես, թե՞ շատի հասնես եւ գնաս դավաճանական բաներ քննարկես»:

Հարցին՝ հիմա մենք շատի հասնելո՞ւ ենք՝ նա պատասխանեց. «Միանշանակ հասնելու ենք»:

Ըստ Հարությունյանի, մեկ տարի առաջ ժողովուրդը իրենց քվե է տվել ու այդ քվեն պետք է հարգել. «Հիմա ընկնել դռնեդուռ, հուսահատությունից փորձել ինչ-որ օրակարգեր շեղել, կներեք, ՀՀ գործող իշխանությունը չի պատրաստվում մի փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր մարտավարությունից ու ռազմավարությունից»:

Լրագրողները հարցրեցին՝ չե՞ք կարծում, որ դուք ձեր կառավարության ծրագրից շեղվում եք, որովհետեւ ծրագրում Արցախի ինքնորոշում ձևակերպումը կար, հիմա ձեր գործընկերներն ասում են՝ կարգավիճակի հարցը մի կողմ թողնենք՝ նա պատասխանեց, որ չեն շեղվել. «Մենք ապրում ենք հետպատերազմյան շրջանում՝ բավականին տուրբուլենտ: Ցավում եմ, որ շատերը պատմություն չեն ուսումնասիրում ու դպրոցական գիտելիքները պակաս են: Պատերազմի մասնակից երկրներում հետպատերազմյան շրջանում լուրջ խնդիրներ են առաջանում: Բայց ՔՊ նախընտրական ծրագրում եւ կառավարության ծրագրում գրված է այն, ինչ գրված է»:

Արայիկ Հարությունյանը նաեւ նշեց. «Ես ամեն անգամ զարմանքս եմ ուզում հայտնել, երբ ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը, պատգամավորներ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը ասում են, որ միջանցքային որեւէ տրամաբանությամբ բան չի քննարկվում ու Ալիեւի ամեն հայտարարությունից հետո մեզ մոտ ինչ-որ դողէրոցք է սկսում, թե՝ այ, հողերը ծախեցին: Ժողովուրդ ջան, եկեք մենք մեզ հարգենք, էլի, ուրիշին թուրք անվանելով՝մեր հարցերը չենք լուծում: Մենք մեր վախերն ենք ցույց տալիս դրանով: Երբ մեկին անընդհատ թուրք ես անվանում, նշանակում է՝ դու սարսափներ ունես: Եթե նույնիսկ ունես, դու պիտի գնաս դրա լուծման: Ալիեւն է, թող հայտարարի, դուք էլ ուրիշ բան հայտարարեք: Այն հայտնի անեկդոտն է, ասում է՝ վարպետ, դու էլ ասա»:

Անդրադառնալով բանակցություններին՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ ադրբեջանական ու հայկական կողմերը սեղանին են դնում իրենց նախապայմանները. «Բանակցությունները պետք են նրա համար, որ բանակցությունների արդյունքում գնան զիջումների, փոխզիջումների եւ գտնել օպտիմալ տարբերակ: Բանակցությունները փոխզիջումների համար են, ուրիշ տարբերակ չկա: Եթե դու գնում ես բանակցությունների ու փոխզիջում մտքում չունես, մի գեներալ կար՝ ասում էր Արեւելքում փոխզիջման գնալը պարտություն է, Արեւմուտքում՝ հաղթանակ: Եթե կա կոնֆլիկտ, պետք է լուծվի: Կոնֆլիկտը կարող է լուծվել կամ հերթական նվաստացուցիչ պարտության կամ շռնդալից հաղթանակի միջոցով, կամ եթե մարդիկ գնում են բանակցություններ, ուրեմն ֆիքսել են, որ հնարավոր է հարցը լուծել բանակցություններով»:

Իսկ թե մենք ի՞նչ ենք պատրաստ փոխզիջել՝ Արայիկ Հարությունյանի պատասխանը հետեւյալն էր. «Փոխզիջումները կապված են այն միջավայրից, այն բանակցությունների օրակարգից, որը կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930