5 ամիս է, ինչ պետական վերահսկողական ծառայությունը Երեւանի քաղաքապետարանում իրականացնում է ուսումնասիրություններ։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ Նա հայտնեց, որ ուսումնասիրվել են մի քանի հազար փաստաթղթեր՝ գնման գործընթացների, քաղաքաշինության, հողաշինության, սեփական եկամուտների հավաքագրման, գույքահարկի, հողահարկի առնչությամբ։
«Դրանց օրինականության եւ արդյունավետության նկատմամբ վերահսկողություն է իրականացվում։ Ուսումնասիրությունն արդեն ամփոփման փուլում է։ Շուտով կստանանք վերահսկող օբյեկտի կարծիքը եւ կտրամադրենք ԶԼՄ-ներին, հանրությանը»,-հայտնեց Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ վարչապետի հանձնարարությամբ ամենօրյա մշտադիտարկման տակ են պահում նաեւ պետական գնումների համակարգում պաշտոնյաների հետ հնարավոր փոխկապակցվածություն ունեցող սուբյեկտների, իրավաբանական անձանց ներգրավվածությունը, տեղեկանքները տրամադրում են վարչապետին․ «Այս պահին ուսումնասիրություններ կան առողջապահության նախարարությունում, Երեւանի քաղաքապետարանում, «ՀայՓոստ»-ում, եւ այլն, եւ այդ կառույցների հետ գործարկի կողմ հանդիսացողների առնչությամբ»։
Հիշեցնենք՝ ՊՎԾ-ն քաղաքապետարանում ուսումնասիրություն էր սկսել արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ