Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ՝ մինչեւ Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունը ամփոփելը, խորհրդանշական ոսկե մեդալ եւ ոսկեգոտի հանձնեց 57 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած Արթուր Բազեյանին՝ նշելով, որ Բազեյանը եզրափակիչ մենամարտում իրականում հաղթել էր մրցակցին:
Այնուհետեւ անցնելով բուն թեմային՝ ՀԲՖ նախագահն ասաց, որ մեր բռնցքամարտիկների մասնակցությունից բավարարված է, սակայն արդյունքից՝ դժգոհ:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմին՝ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ: Մինչեւ առաջնությունը սկսվելը, ես նշել էի՝ վստահ եմ, որ ոչ մի քաշային կարգում մենք մեր մրցակիցների հետ համեմատած մեզ վատ չենք զգա: Ու չենք զգացել: Մեր բոլոր տղաները լավ պայքար են մղել: Իսկ որ մենամարտերում պարտվել ենք, շատ մոտ միավորներով ենք զիջել: Դա Եվրոպայի առաջնությունն էր, պայքարը՝ շատ թեժ, ինչը բոլորդ եք տեսել:
Ուզում եմ ասել, որ արդյունքը մեզ չի գոհացնում: Մենք պետք է ավելի շատ ոսկե մեդալ ունենայինք: Հուսով եմ, որ մենք մեր սխալները ապագայում կուղղենք, մրցավարական սխալները հաշվի կառնենք: Վերջին խնդրով ես մեր միջազգային գործընկերների հետ շատ եմ զրուցել: Այդ ամենը մենք միասին կշտկենք եւ հետագայում կունենանք այն արդյունքը, որը մեզ կգոհացնի:
Կարդացեք նաև
Իմ կարծիքով, մեզ խանգարեց բռնցքամարտիկներից ոմանց փորձի պակասը: Անցած մեկ տարում, ինչ պաշտոնավարում եմ որպես ֆեդերացիայի նախագահ, հնարավոր չէր գրաֆիկը այնպես կազմել, որ փորձի այդ պակասը լրացվեր: Դրա համար տարիներ են հարկավոր:
Երկրորդը մրցավարական սխալներն էին, որ մենք տեսանք: Մասնավորապես, մեր յոթ մարզիկների դեպքում ես նրանց պարտությանը համաձայն չեմ եղել: Ու սա ոչ միայն իմ, այլեւ մասնագետների կարծիքն է: Հիմա սրան ավելի խորն անդրադառնալ չեմ ցանկանում, բայց հետագայում, քանի որ ես էլ հիմա Եվրոպական ֆեդերացիայի գործկոմի անդամ եմ, հունիսի 25-ին ասամբլեայի ժամանակ ամենայն լրջությամբ քննարկելու ենք ու վստահ եմ, որ եվրոպական բռնցքամարտում կհաստատվի արդարություն»,-ասաց Հովհաննես Հովսեփյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ