Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնության կոչերի արդարացման» մեջ մեղադրվող Զարուհի Փոստանջյանից դատախազը 100 հազար դրամ է պահանջում

Հունիս 02,2022 15:44

Ապրիլի 30-ին մեղադրանք էր առաջադրվել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին. սահմանափակվել էր նրա տեղաշարժվելու իրավունքը` կիրառվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին:

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Զարուհի Փոստանջյանի գործով դատական նիստը։ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մարտի 15-ին, Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Առաքելյան փողոցի թիվ 66 շենքի հարակից տարածքում գտնվող պուրակում տեղադրված Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ, «հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ ունեցած ելույթի ընթացքում, ՀՀ-ում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված, հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անձանց խմբի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը՝ սպանությունը, հրապարակայնորեն արդարացնող կոչեր»:

Վարույթն իրականացնող մարմինը` Երևան քաղաքի քննչական կոմիտեն, սույն քրեական գործով չի պարզաբանել ենթադրյալ քրեորեն հետապնդելի արարքից ով է տուժել:

Հիշեցնենք, իր այդ ելույթում, Զարուհի Փոստանջյանը, մասնավորաբար, ասել էր. «Սիրելի՛ հայրենակիցներ, մենք գտնվում ենք Երևանի Աջափնյակ թաղամասում: Այս հուշարձանը՝ մեր սիրելի Թեհլիրյանի, կառուցվել, դրվել է այստեղ 2003 թվականին: Եթե հուշարձանը տեղադրված լիներ ավելի վաղ, միգուցե մենք ունենայինք այնպիսի երիտասարդ սերունդ, որն այսօր՝ այս վիճակում, չէր հայտնվի Հայոց խորհրդարանում: Մենք կունենայինք այնպիսի հայեցի դաստիարակություն և կրթություն, որը թույլ չէր տա, որ մենք ունենայինք ներքին թուրք, որն այսօր ունենք և որն այսօր որոշումներ է կայացնում մեր ազգի ճակատագրի վերաբերյալ: Թեհլիրյանի արած աշխատանքը՝ դա թուրքական դատարանի կողմից արձակված մահապատժի դատավճռի ի կատար ածումն էր, այդ ի կատար ածումը հանգեցրեց նրան, որ նրան ճանաչեցին արդար, նրան դատարանը արդար ճանաչեց: Այսօր մեր դատը արդա՛ր է, մեր պայքարն արդա՛ր է, հետևաբար, այս պայքարի ճանապարհին եթե մենք ի կատար ածենք դատավճիռը՝ հայ ազգի դատավճիռը, որն ուղղված է ներքին թուրքին, որը այսօր հանգրվանել է Հայաստանի կառավարական շենքում, դա նույնպես արդար է լինելու: Հերթ են կանգնած, և այդ հերթը կանգնած են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք, մենք հետապնդելո՛ւ ենք մեր դատը, մենք հետապնդելո՛ւ ենք դատավճռի ի կատար ածումը, այն բոլոր անձանց նկատմամբ, ովքեր հանձնեցին մեր հայրենիքը, ովքեր նորից՝ 21-րդ դարում, ցեղասպանեցին մեր հայրենակիցներին: Մենք դրանց ճանաչում ենք անուն առ անուն, առաջինը դա Նիկոլն է՝ Նիկո՛լ, գալու ենք հետևիցդ: Թալեաթին (փոքր ինչ խոսքը ընդհատվում է) կրակեց Թեհլիրյանը՝ և գիտես ինչ եղավ, սպասի՛ր ամեն օր՝ վախը սրտումդ, 6 տարի անց 1915 թվականից հետո: Միգուցե մի փոքր ուշացնում ենք, բայց գալո՛ւ է այդ օրը, վախը սրտումդ սպասիր, դու և բոլոր քո գործընկերները: Քեզ ոչ Էրդողանն է օգնելու, ոչ Ալիևն է օգնելու, նրանք հենց առաջինն են քեզ փակելու, որովհետև դու Դուշանբեում՝ վերելակի մեջ, այդ հանդիպման ժամանակ Ալիևի հետ ստացար քո մահվան համբույրը: Մահվան համբույրը ճաշակել ես, ուրեմն սպասիր՝ սպասիր, որ գլխիցդ քեզ խփելու են, հերթ են կանգնած, ոչ միայն (կանայք) տղամարդիկ, այլ նաև կանայք: Այսօրվա խորհուրդը դա է…

Ցավալի է, բայց հուշարձանը չպետք է լինի միայն Աջափնյակ թաղամասում, հուշարձանը պետք լինի Երևանի բոլոր թաղամասերում, Երևանի կենտրոնում: Եվ նաև Հայաստանի այլ բնակավայրերում, այսպես մենք պետք է դաստիարակենք և կրթենք մեր երեխաներին, որպեսզի այսպիսի ճիվաղներ չհայտնվեն վաղը, մյուս օր, մի քանի տարի անց՝ կառավարական շենքերում»:

Այսօր դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով։ Aravot.am-ի հետ զրույցում, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իր ճառում, մեղադրող դատախազը մի քանի անգամ մեջբերել է իր այդ ելույթը եւ հայտարարել, որ այն պարունակում է հանցակազմ՝ նախատեսված ՀՀ ՔՕ-ի 222.2 հոդվածի առաջին մասի հանգամանքներով՝ բռնության կոչերի արդարացում: Բայց, հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները՝ Զարուհի Փոստանջյանի՝ չորս երեխայի մայր լինելը, պահանջում է պատիժ՝ տուգանքի ձեւով՝ 100 հազար դրամ եւ խափանման միջոց՝ ստորագրություն՝ հանրապետությունից չբացակայելու մասին՝ մինչեւ պատժի օրինական ուժի մեջ մտնելը:

«Այս հոդվածն էլ նորամուծություն է, գործող իշխանության կողմից է ներդրվել, այն 137.1 հոդվածին համանման հոդված է՝ ուղղված խոսքի ազատության դեմ: Այսինքն, դասագրքերում զետեղված Նյուրնբերգյան դատավարությամբ դատապարտված անձանց, սրանով կարելի է դիտել՝ բռնության ենթարկելու կոչեր արդարացնող: Այսինքն, ցանկացած փաստագրում, որը նկարագրում է, օրինակ` մահապատժիր իրականացում կամ մահապատժի վերաբերյալ փաստարկներ, կարող են դիտել որպես բռնության կոչերի արդարացում: Աբսուրդի հասնող մի բան է. գնահատողական սուբյեկտիվիզմի սահմաններ գոյություն չունեն, հետեւաբար, ինչ ցանկանան՝ կարող են անցկացնել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ բացառելով, որ զուտ գլխացավանքից ազատվելու համար ինքը համաձայնի վճարել դատախազի պահանջած գումարը: «Իրենք պետք է ինձնից ներողություն խնդրեն, որ իմ նկատմամբ քրեական հետապնդում են սկսել եւ հատուցեն՝ արդարացման դատավճռի ներքո՝ անհիմն քրեական հետապնդման եւ իմ իրավունքների սահմանափակման համար»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Իր կողմից պահանջվող փոխհատուցման չափը նա տեխնիկական հարց է դիտարկում, քանի որ առաջնայինը եւ կարեւորը խոսքի ազատության սահմանափակումն է համարում:

Մեր զրուցակիցը փաստում է՝ խոսքի ազատության սահմանափակման բազում դրսեւորումներ, լրատվամիջոցների նկատմամբ ոտնձգություններ, հետապնդումներ, Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք էլ են եղել, բայց ներկայիս դեպքերը բացառիկ են, քանի որ խոսքի ազատության սահմանափակումները թիրախավորվում են հենց անձանց միջոցով. այլեւս լրատվամիջոց կարող է հանդիսանալ ցանկացած մարդ՝ իր ֆեյսբուքյան էջով կամ տելեգրամի ալիքով, ուստի, սահմանափակումները կիրառվում են հեղինակների նկատմամբ:

Միաժամանակ, մեր զրուցակիցը նկատում է, որ գործող իշխանության իշխանավարումից ցայսօր, շուրջ մեկ տասնյակ օրենքներ են ընդունվել նաեւ լրատվամիջոցների նկատմամբ եւ դրանց կիրառությունը՝ ժամանակի մեջ, իր բացասական ազդեցությունը առավել ակնհայտ է դարձնելու: Խոսքը հավատարմագրման սահմանափակումների, տեղեկատվության աղբյուրի բացահայտման եւ մի շարք այլ նախագիծ-օրենքների մասին է:

Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ ինքը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի՝ Հայաստանում խոսքի ազատությամբ զբաղվող ներկայացուցչի հետ սերտ կապի մեջ է եւ պարբերաբար տեղեկատվություն է փոխանցում՝ այդ ոլորտում, մասնավորաբար, օրենսդրական սահմանափակումների եւ դրանց հետեւանքների մասին մեր երկրում, հատուկ անդրադառնում է, այսպես ասած, «ծանր վիրավորանքի» գործերին եւ վստահեցնում է, որ ՀՀ իշխանությունների դեմ անպայման պատժամիջոցներ են լինելու: Հիշում է, երբ 2000-ականներին, Հայաստանը դառնում էր ԵԽ անդամ, ինչ ոգեւորությամբ էին դա ընդունում, քանի որ ակնկալում էին, որ 20 տարի անց կունենանք մարդու իրավունքների լիարժեք պաշտպանություն, արդար դատական համակարգ եւ այլն: Ասում է՝ անգամ այդ ժամանակվա իշխանությունն ավելի ջանասիրաբար էր ցանկանում մոնիտորինգի գործընթացում անպայման դրական երեւալ: Բայց, 22 տարի անց, մենք հայտնվել ենք խայտառակ վիճակում, երբ արդարադատության բացարձակ կոլապս է այն աստիճան, որ ինչ-որ մեկը նստած ձեռքով մակագրումներ է անում, դատական ակտերը չեն հրապարակվում, բայց պարզվում է ակտ կա, որի հիման վրա մարդկանց ազատազրկում են եւ այլն:

«Այս խայտառակ վիճակի պատասխանատուները անպայման կրելու են պատասխանատվություն եւ շատ մոտ ապագայում՝ անհատապես, ոչ միայն պաշտոններից զրկվելով, այլ նաեւ ֆինանսական հատուցումների հետ կապված ռեպրեսիվ հայցերի միջոցով: Այսինքն, ես ստանալու եմ իրենցից եւ նյութական եւ բարոյական փոխհատուցում՝ ճիշտ է՝ պետությանը դատի տալով, բայց պետությունը իրենցից է ստանալու այդ գումարը: Ավելին, նաեւ դատապարտելու է իրենց՝ ակնհայտ անարդարացի դատական ակտ կայացնելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Զարուհի Փոստանջյանի գործով հաջորդ նիստը կկայանա հուլիսի 1-ին: Այդ նիստին նախատեսվում է պաշտպանական կողմի ճառը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930