Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի մասնավոր ընկերություն 5 միլիոն դոլար ներդրում էր արել Սոթքից ոչ այնքան հեռու գտնվող տարածքում, իսկ այժմ այդտեղ տեղադրված է ադրբեջանական ռազմական միավորում». Արման Թաթոյան

Հունիս 02,2022 15:26

«Ադրբեջանական զորքերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման առնվազն չորս դեպք ես արձանագրել եմ. Իշխանասարի հատված, Սև լիճ, Գեղարքունիքում, Ծավից ոչ հեռու և Ներքին հանդ»,-Հայաստանում Ամերիկյան համալսարանում Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. պատերազմից հետո» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Նա վստահեցրեց՝ հայ ռազմագերիների հարցն Ադրբեջանն օգտագործում է և մանրամասնեց. «Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են այս հարցն իրենց քաղաքական և ռազմական շահերի համար: Սա է պատճառը, որ միջազգային կազմակերպությունների ճնշումը շատ կարևոր է: Միջազգային հանրությունը պետք է ուշադիր լինի փաստերի նկատմամբ: Պետք է հիշենք, որ Ադրբեջանն իրականացնում է հայերի նկատմամբ շարունակական ցեղասպան քաղաքականություն, հայերի նկատմամբ ատելության տարածում: Այդ քաղաքականությունն է պատճառը, որ ռազմական հանցագործություններ են տեղի ունենում ոչ միայն հայերի, այլև արցախցիների դեմ: Միջազգային հանրության լռելն ակտիվ օգտագործվում է Ադրբեջանի կողմից, քանի որ դա իրենց ձեռքերը բացում է իրենց գործունեությունը շարունակելու համար և ներկայացնելու միջազգային հանրությանը միայն կեղծված տվյալներ: Ահա թե ինչու է կարևոր մանրամասն փաստեր տրամադրել միջազգային հանրությանը»:

Հարցին՝ արդյոք օգտակար համարո՞ւմ եք այլ երկրների մարդու իրավունքների պաշտպանների հետ համագործակցությունը, Արման Թաթոյանը դրական պատասխան տվեց, բայց միևնույն ժամանակ նշեց. «Մենք ունենք նման արդյունավետ համագործակցություն, բայց ցավոք, կամ բարեբախտաբար Մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակները կառավարության մաս չեն կազմում: Մարդու շատ իրավունքներ, ցավոք, քաղաքականացվել են, և միջազգային հանրության արձագանքի բացակայության պատճառով մենք բազմաթիվ անգամ ստացել ենք այնպիսի տպավորություն, որ քաղաքականությունը գերիշխում է մարդու իրավունքների նկատմամբ և սա վտանգում է մարդու իրավունքների պաշպանության համակարգը: Մենք պատերազմական հանցագործությունների հետ կապված տեսանյութերն ուղարկել ենք մեր գործընկերներին, խնդրել դիտարկել՝ հնարավորությունը հանցագործության դեմ քրեական դատավարություն իրականացնելու: Ցավոք, այդ երկրներից ոչ մի պատասխան չստացա: Հասկանում եմ, որ քաղաքականությունից և քաղաքական գործիչներից շատ բան է կախված, բայց այդ քննարկումների միջոցով և այստեղ գտնվողների միջոցով պիտի պայքարենք, որ մարդու իրավունքները կարողանան գերիշխել քաղաքականության բացասական հետևանքներին: Առանց պատշաճ ուշադրության մենք խրախուսում ենք նման հանցագործությունները»:

Արման Թաթոյանի փաստմամբ՝ Ադրբեջանի շարունակական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում ունի հոգեբանական, սոցիալ-տնտեսական անվտանգային խնդիրներ: Նա նշեց. «Ադրբեջանի բոլոր ռազմական կայանները, նրանց նշանները, դրոշները, որոնք տեղակայվել են ՀՀ ինքնիշխան տարածքում անօրեն կերպով, պետք է հանվեն: Դրա համար մենք պիտի օգտագործենք միջազգային մեխանիզմները: Բացի անվտանգության խնդրից մենք ունենք լուրջ սոցիալական խնդիրներ, բիզնես իրավունքների խախտում: Ունենք հայկական բիզնես ընկերություններ, որոնք ներդրում են կատարել այն տարածքներում, որոնք ՀՀ կառավարության որոշումներով համարվում էին հայկական: Մի մասնավոր ընկերություն կա, ավելի քան հինգ միլիոն դոլար ներդրում է արել՝ հիմք ընդունելով կառավարության որոշումը, որը լիազորություն էր տալիս ենթակառուցվածքների համար Սոթքից ոչ այնքան հեռու գտնվող տարածքում: Կառավարության որոշման մեջ հստակ գրված է, որ դա ՀՀ տարածքն է, իսկ այժմ այդտեղ տեղադրված է ադրբեջանական ռազմական միավորում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել