Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ասաց, որ ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ՊՆ համակարգում սպայական կազմում նշանակված անձի համար սահմանել են բնակարանային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման եւ անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք:
Ըստ նախարարի, գործընթացը կմեկնարկի այս տարվա հուլիսի 1-ից հետո. «Ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառություն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարաններ կհատկացվեն: Իսկ 20 տարվա զինծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաեւ մինչ պայմանագրի ժամկետը լրանալը առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինծառայությունից արձակվելու եւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց կտրամադրվի»:
Նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց. «Այս ծրագրով մենք ասում ենք, որ ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ ավարտած սպային ավարտելու պահին հատկացնում ենք պետական բնակարան։ Նա բնակարանն այդ պահին ստանում է եւ կարող է այն օգտագործել ինչպես ուզենա: Կարող է բնակվել, վարձակալության տալ, բայց չի կարող օտարել, որովհետեւ լիարժեք սեփականության իրավունք չի ստանում։ 20 տարի պայմանագրային ծառայությունն ավարտելու պահից սպան ստանում է նաեւ սեփականության իրավունք։ Սա բնակարան ստանալու ծրագիր չէ, սա սպա դառնալու ծրագիր է՝ բառիս ամենաբարձր իմաստով»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ