Այսօր կառավարության նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ 400 միլիոն դրամ հատկացնել երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովման աջակցության 2020-2023 թվականների ծրագրերի համար:
Ըստ նրա, ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ առաջինը միանվագ աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար, երկրորդ բաղադրիչը՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ տարեկան ապահովագրավճարը վճարելու համար եւ երրորդը՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն:
«Եթե ընտանիքում ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, այդ վարկի մնացորդի 10 տոկոսի չափով գյուղերում եւ 5 տոկոսի չափով Երեւանում, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամի աջակցություն է տրվում: 3-րդ եւ 4-րդ երեխայի դեպքում այդ չափը կազմում է 2 մլն դրամ: Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը եւ երրորդ երեխան է ծնվում, պետությունը մինչեւ 4 մլն դրամ աջակցություն է տրամադրում»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ այս ծրագիրը սկսել է թափ հավաքել: Նա հորդորեց բոլոր այդպիսի ծրագրերի համար լայն իրազեկում անել: Վարչապետի խոսքով՝ մարզերում բնակարան ձեռք բերելու համար աջակցություն է տրամադրվում բոլոր այն ընտանիքներին, որոնք ունեն 2 անչափահաս երեխա. «Աջակցությունը հետեւյալն է՝ ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը միանվագ վճարում է պետությունը»։
Կարդացեք նաև
Նրա խոսքով. «Այնպես չլինի, թե փողի համար են երեխա ունենալու։ Չէ, ընտանիքի պլանավորումը նորմալ, քաղաքակիրթ բան է, եւ մարդիկ պետք է իրենց ընտանիքը պլանավորեն։ Եվ ես չեմ տեսնում, որ իմ հանձնարարականը պատշաճ ձեւով իրականացվում է։ Մարզում խոսում ես մարդկանց հետ, հարցնում, թե այսպիսի ծրագիր կա, օգտվո՞ւմ եք՝ տեղյակ չեն։ Առաջիկայում պլանավորում ենք, որ մարզային այցեր ենք ունենալու, եթե հարցրի՝ տեղյա՞կ եք ծրագրից, ասացին՝ չէ, արագ խորհրդակցություն եմ հրավիրելու»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ