Դատական իշխանության ներկայացուցիչների վերջին տարիների հայտարարագրերի համեմատական հետազոտություն
ՄԱՍ 2
Դատական իշխանության ներկայացուցիչների վերջին տարիների հայտարարագրերի համեմատական հետազոտության առաջին մասում ներկայացրել էինք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Հարություն Ենոքյանի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանի և ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի 2013-2020թթ․ եկամուտների հայտարարագրերի համեմատական վերլուծությունը։
Շարքի երկրորդ մասում կանդրադառնանք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Զարուհի Նախշքարյանին և Ռուբեն Վարդազարյանին։
Կարդացեք նաև
ԶԱՐՈՒՀԻ ԿԱՐԵՆԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
2013 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՀ Նախագահի հրամանագրով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակված և այժմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր պաշտոնավարող Զարուհի Նախշքարյանի (դատավորի կենսագրությունը և պաշտոնեական առաջխաղացումը՝ այստեղ ) 2013թ․ հայտարարագրում առկա տվյալների մեծ մասը բացակայում է, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնատար անձի առկա գույքի, հարկային տարում ձեռքբերած և օտարած անշարժ ու շարժական գույքի, հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերի և այլ ներդրումների, հանձնած կամ վերադարձած փոխառությունների, հարկային տարում ձեռքբերած և օտարած թանկարժեք գույքի վերաբերյալ որևիցե տվյալ հրապարակված չէ, բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները տարվա սկզբում և վերջում կազմել են 200.000 ՀՀ դրամ։ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները հարկային տարում կազմել են ընդհանուր 1.153.933 ՀՀ դրամ։
Չնայած դրան` 2014թ.-ի հարկային տարում դատավոր Նախշքարյանը ձեռք է բերել անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով 36.950.000 ՀՀ դրամ արժողությամբ, բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 200.000 ՀՀ դրամ, իսկ վերջում՝ 400.000 ՀՀ դրամ։ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները հարկային տարում կազմել են ընդհանուր 4.968.398 ՀՀ դրամ:
2015թ.-ի հարկային տարվա ընթացքում ձեռքբերած անշարժ գույքի վերաբերյալ հրապարակված է տվյալ այն մասին, որ հարկային տարում ձեռք է բերվել այգետնակ (ամառանոց)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինություն, 23.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում՝ ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք` 35.000 ԱՄՆ դոլար արժողությամբ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարում ձեռքբերած և օտարած շարժական գույքի վերաբերյալ առկա են տվյալներ, որ հարկային տարում ձեռք է բերվել մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոց MITSUBISHI OUTLANDER 2.9L մակնիշի՝ 1.700.000 ՀՀ դրամով, հարկային տարում օտարվել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոց VOLKSWAGEN GOLF GL 1.6 մակնիշի՝ 1.920.000 ՀՀ դրամով, որը հայտարարագրված չի եղել նախորդ տարվա հայտարարագրերում։ Հանձնած կամ վերադարձած փոխառությունների մասին նշված են տվյալներ առ այն, որ հանձնվել է 21.000 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջում կազմել է 20.000 ԱՄՆ դոլար, երկրորդ փոխառությունը կազմել է 2.200.000 ՀՀ դրամ, որը տարվա վերջում կազմել է 1.900.000 ՀՀ դրամ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 300.000 ՀՀ դրամ, իսկ տարվա վերջում՝ 200.000 ՀՀ դրամ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում կազմել են ընդհանուր 8.142.959 ՀՀ դրամ:
2016թ.-ին բարձրաստիճան պաշտոնատար անձի առկա տվյալների մեծ մասը բացակայում է, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնատար անձի առկա գույքի, հարկային տարում ձեռքբերած և օտարած անշարժ ու շարժական գույքի, հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերի ու այլ ներդրումների, հանձնած կամ վերադարձած փոխառությունների, հարկային տարում ձեռքբերած և օտարած թանկարժեք գույքի վերաբերյալ որևէ տվյալ հրապարակված չէ, բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 200․000 ՀՀ դրամ, իսկ տարվա վերջում՝ 400․000 ՀՀ դրամ։ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները հարկային տարում կազմել են ընդհանուր 6․583․950 ՀՀ դրամ:
Ինչպես նկատում ենք, 2016թ․ հայտարարագրում անհասկանալի պատճառներով դատավոր Նախշքարյանին պատկանող որևէ գույքի վերաբերյալ տվյալներ առկա չեն։
2017թ.-ի հարկային տարվա ընթացքում ձեռք է բերվել բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում՝ ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք՝ 13.122.000 ՀՀ դրամով, հարկային տարում օտարվել է բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում՝ ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք՝ 40.000 ԱՄՆ դոլարով։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները տարվա սկզբում ՀՀ դրամով կազմել են 400.000 ՀՀ դրամ, տարվա վերջում՝ 500.000 ՀՀ դրամ։ Աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները հարկային տարում կազմել են ընդհանուր 7.014.154 ՀՀ դրամ:
2018թ․ հայտարարագրում առկա տվյալների մեծ մասը բացակայում է, մասնավորապես հարկային տարում ձեռքբերված և օտարված անշարժ ու շարժական գույքի, հարկային տարում ձեռքբերված և օտարված արժեթղթերի ու այլ ներդրումների, հարկային տարում ձեռքբերված և օտարված թանկարժեք գույքի վերաբերյալ որևէ տվյալ հրապարակված չէ, որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի գույք հարկային տարում նշված է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոց MITSUBISHI OUTLANDER 2.4 մակնիշի, բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են 600.000 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 900.000 ՀՀ դրամ։ Աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները հարկային տարում կազմել են ընդհանուր 6.738.741 ՀՀ դրամ:
2019թ․ հայտարարագրում առկա է բարձրաստիճան պաշտոնատար անձին պատկանող 5 միավոր անշարժ գույք՝ 3 բնակելի և 2 ոչ բնակելի, որոնցից 4-ի գտնվելու վայրը՝ Երևանում քաղաքում, իսկ այգետնակը՝ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում։ Տվյալ տարվա սկզբում և վերջում առկա տրանսպորտային միջոցը MITSUBISHI մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոց է 2005թ. թողարկման, որը ձեռք է բերվել 2015թ.։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի կանխիկ դրամական միջոցների չափը տարվա սկզբում ՀՀ դրամով կազմել է 900.000 ՀՀ դրամ, տարվա վերջում՝ 1.200.000 ՀՀ դրամ։
2020թ․ հայտարարագրում առկա են նախորդ տարվա տվյալները։ Հանձնած փոխառություն առկա է 1.272.000 ՀՀ դրամ գումարի չափով։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի կանխիկ դրամական միջոցների չափը տարվա սկզբում ՀՀ դրամով կազմել է 1.200.000 ՀՀ դրամ, տարվա վերջում՝ 3.000.000 ՀՀ դրամ։
Այսպիսով, ամփոփելով դատավոր Նախշքարյանի բոլոր տարիների գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ կարող ենք եզրակացնել, որ դատավորի օրինական եկամուտների և նրա կողմից ձեռքբերված գույքի արժեքի միջև առկա է որոշակի խզում և անհամապատասխանություն, որն առաջացնում է ողջամիտ մտահոգություններ։
ՌՈՒԲԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
Ռուբեն Վարդազարյանը (դատավորի կենսագրությունը և պաշտոնեական առաջխաղացումը՝ այստեղ ) եղել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Պաշտոնը ստանձնել է 17.06.2010թ.:
2011թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ հայտարարագիրը ներկայացրել է 2014թ․: Ըստ որում, բարձրաստիճան պաշտոնատար անձի հայտարարագրում առկա տվյալների մեծ մասը բացակայում է, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնատար անձի առկա գույքի, հարկային տարում ձեռքբերած և օտարած անշարժ և շարժական գույքի, հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերի և այլ ներդրումների, հարկային տարում ձեռքբերած և օտարած թանկարժեք գույքի վերաբերյալ որևէ տվյալ հրապարակված չէ:
Հարկային տարում հանձնած կամ վերադարձրած փոխառությունը հարկային տարվա սկզբում և վերջում կազմում է հանձնված 50.000 ԱՄՆ դոլար: Դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմում են հայկական դրամով՝ 14.000.000 ՀՀ դրամ, տարվա վերջում՝ 15.000.000 ՀՀ դրամ, ԱՄՆ դոլարով՝ հարկային տարվա սկզբում 104.000 ԱՄՆ դոլար, հարկային տարվա վերջում՝ 105.000 ԱՄՆ դոլար:
Հարկային տարում ստացված եկամուտներն ընդհանուր կազմում են 6.366.933 ՀՀ դրամ՝ վճարված աշխատավարձ, և տրված փոխառության դիմաց ստացված տոկոսը՝ 129.780 ՀՀ դրամ, այսպիսով ընդհանուր՝ 6.496.713 ՀՀ դրամ:
2012թ.-ի հարկային տարում դատավոր Ռուբեն Վարդազարյանը ձեռք է բերել բնակարան 45.780.015 ՀՀ դրամ արժողությամբ և այգետնակ՝ 27.671.490 ՀՀ դրամ արժողությամբ, որոնց գումարները ստացվել են նվիրատվության կարգով:
Հարկային տարվա սկզբում և վերջում դրամական միջոցները կազմել են հայկական դրամով 15.000.000 ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով` 105.000 ԱՄՆ դոլար:
Հարկային տարում եկամուտները կազմել են ընդհանուր 80.373.974 ՀՀ դրամ, որից 6.611.061 ՀՀ դրամը վճարված աշխատավարձն է, 274.408 ՀՀ դրամը հանձնված փոխառությունից ստացված տոկոսներն են, 37.000 ՀՀ դրամն այլ եկամուտ է, 45.780.015 ՀՀ դրամ և 27.671.490 ՀՀ դրամ ստացվածը նվիրատվություններն են:
Հետաքրքիր օրինաչափություն կա առ այն, որ դատավոր Վարդազարյանի կողմից ստացված նվիրատվության չափի և նրա կողմից ձեռքբերված անշարժ գույքերի արժեքների թվերն ամբողջությամբ և նույնությամբ համընկնում են, այստեղ կարող են լինել մի քանի հետևություններ, սակայն դրանց ընտրության ազատությունը թողնում ենք ընթերցողին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի եկամուտը հարկային տարում ընդհանուր կազմում է 7.264.667 ՀՀ դրամ, որից ստացված աշխատավարձը կազմում է 6.696.971 ՀՀ դրամ և 48.082 ՀՀ դրամ, տրված փոխառության դիմաց ստացված տոկոսները կազմում են առանձին 484.664 ՀՀ դրամ և 34.950 ՀՀ դրամ:
2013թ․ հայտարարագրում բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքին վերաբերող տվյալների մեծ մասը բացակայում է, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնատար անձի առկա գույքի, հարկային տարում ձեռքբերած և օտարած անշարժ և շարժական գույքի, հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերի և այլ ներդրումների, հարկային տարում ձեռքբերած և օտարած թանկարժեք գույքի վերաբերյալ որևէ տվյալ հրապարակված չէ:
Ըստ որում, 2012թ. ձեռքբերված երկու անշարժ գույքերի վերաբերյալ տեղեկատվություն նույնպես առկա չէ այն պայմաններում, երբ այդ անշարժ գույքերը նախորդ հարկային տարվա վերջում առկա են եղել, և չկա որևէ տեղեկատվություն դրանց որևէ եղանակով օտարված լինելու մասին:
Դրամական միջոցները հարկային տարվա սկզբում և վերջում կազմել են հայկական դրամով՝ 15.000.000 ՀՀ դրամ, ԱՄՆ դոլարով՝ հարկային տարվա սկզբում 105.000 ԱՄՆ դոլար, հարկային տարվա վերջում՝ 103.000 ԱՄՆ դոլար:
Հարկային տարում եկամուտներն ընդհանուր կազմել են 7.264.667 ՀՀ դրամ, որից 6.696.971 ՀՀ դրամը և 48.082 ՀՀ դրամը ստացված աշխատավարձն է, 484.664 ՀՀ դրամը և 34.950 ՀՀ դրամը փոխառությամբ հանձնված դրամական միջոցներից ստացված տոկոսներն են:
2014թ. պաշտոնատար անձի հայտարարագրում առկա է տվյալ առ այն, որ հարկային տարում ձեռք է բերվել բնակարան 55.850.790 ՀՀ դրամ արժողությամբ, հարկային տարում տրված և վերադարձված փոխառությունը կազմում է 50.000 ԱՄՆ դոլար, դրամական միջոցները հարկային տարվա սկզբում հայկական դրամով կազմել են 15.000.000 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 1.000.000 ՀՀ դրամ:
Հարկային տարում ընդհանուր եկամուտները կազմել են 9.123.255 ՀՀ դրամ, որից 8.232.030 ՀՀ դրամը և 44.455 ՀՀ դրամը ստացված աշխատավարձն է, 230.280 ՀՀ դրամը և 616.490 ՀՀ դրամը փոխառությամբ տրամադրված դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներն են, և ստացված վարկն է 72.000 ԱՄՆ դոլար:
2015թ. հայտարարագրում պաշտոնատար անձի անշարժ գույքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն առկա չէ: Առկա է հարկային տարում ձեռքբերված AUDI Q7 3.0L մարդատար ավտոտրանսպորտային միջոց 39.800.000 ՀՀ դրամ արժողությամբ, օտարվել է հարկային տարվա սկզբում առկա AUDI Q7 3.6 և VAZ 21102 մարդատար ավտոտրանսպորտային միջոցները՝ համապատասխանաբար 19.000.000 և 4.000.000 ՀՀ դրամով: Հարկային տարում տրված և վերադարձված փոխառությունը կազմում է 50.000 ԱՄՆ դոլար, դրամական միջոցները հարկային տարվա սկզբում հայկական դրամով կազմել են 15.000.000 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 2.000.000 ՀՀ դրամ, ԱՄՆ դոլարով՝ հարկային տարվա սկզբում՝ 55.000 ԱՄՆ դոլար, հարկային տարվա վերջում՝ 47.000 ԱՄՆ դոլար:
Հարկային տարում պաշտոնատար անձի եկամուտներն ընդհանուր կազմել են 34.063.484 ՀՀ դրամ, որից 9.846.809 ՀՀ դրամը, 36.288 ՀՀ դրամը և 30.240 ՀՀ դրամն աշխատանքի դիմաց ստացված վարձատրություններն են, 1.150.147 ՀՀ դրամը փոխառությամբ հանձնված դրամական միջոցներից ստացված տոկոսներն են, 4.000.000 ՀՀ դրամը VAZ 21102 մարդատար ավտոտրանսպորտային միջոցի օտարումից ստացված եկամուտն է, իսկ 19.000.000 ՀՀ դրամն AUDI Q7 3.6 օտարումից ստացված եկամուտն է:
Իսկ թե ինչու նախորդ տարիների հայտարարագրերում տեղեկատվություն չկա, թե երբ, ինչպես և ինչ արժողությամբ են ձեռք բերվել այդ շարժական գույքերը, հայտնի չէ:
2016թ. հայտարարագրում առկա տվյալների մեծ մասը բացակայում է, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնատար անձի առկա գույքի, հարկային տարում ձեռքբերած և օտարած անշարժ և շարժական գույքի, փոխառությամբ հանձնված կամ ստացված դրամական միջոցների, հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերի և այլ ներդրումների, հարկային տարում ձեռքբերած և օտարած թանկարժեք գույքի վերաբերյալ որևէ տվյալ հրապարակված չէ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները կազմում են հարկային տարվա սկզբում՝ 2.000.000 ՀՀ դրամ, հարկային տարվա վերջում՝ 2.800.000 ՀՀ դրամ, ԱՄՆ դոլարով՝ հարկային տարվա սկզբում և վերջում 47.000 ԱՄՆ դոլար:
Հարկային տարում ընդհանուր եկամուտները կազմում են 9.769.217 ՀՀ դրամ, որից 9.680.771 ՀՀ դրամը, 56.110 ՀՀ դրամը և 32.336 ՀՀ դրամն աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներն են:
31 ԱՄՆ դոլարը փոխառությամբ հանձնված դրամական միջոցներից ստացված տոկոսն է:
2017թ. հայտարարագրում գրեթե նույն պատկերն է, ինչ նախորդ տարվա՝ 2016թ. հայտարարագրում:
Պաշտոնատար անձի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 2.000.000 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 3.000.000 ՀՀ դրամ, ԱՄՆ դոլարով՝ հարկային տարվա սկզբում 47.000 ԱՄՆ դոլար, իսկ հարկային տարվա վերջում՝ 47.500 ԱՄՆ դոլար:
Հարկային տարում ընդհանուր եկամուտները կազմում են 9.830.768.14 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կազմում է ստացված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
2018թ. հայտարարագրում առկա է տեղեկատվություն երեք անշարժ գույքի և շարժական գույքի վերաբերյալ: Ըստ որում, բնակարան`բազմաբնակարան բնակելի շենքում՝ ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք, բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն և անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով և մարդատար ավտոտրանսպորտային միջոց՝ AUDI Q7 3.0 TD:
Պաշտոնատար անձի դրամական միջոցները կազմում են հայկական դրամով 3.000.000 ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով՝ 47.500 ԱՄՆ դոլար:
Ստացված եկամուտները հարկային տարում կազմել են ընդհանուր 9․007․244 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կազմում է ստացված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
19.07.2019թ. Ռուբեն Վարդազարյանը ստանձնել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը:
31.05.2020թ. ներկայացվել է 2019թ. հայտարարագիրը , որտեղ ներկայացված են հետևյալ տվյալները. անշարժ գույքի մասով՝ բնակարան`բազմաբնակարան բնակելի շենքում՝ ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք, որը միանձնյա սեփականության իրավունքով պատկանում է Ռուբեն Վարդազարյանին և գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, ձեռք է բերվել 2012թ. նվիրատվության եղանակով:
Անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում, ձեռք է բերվել նվիրատվության եղանակով:
Բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում՝ ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը, միանձնյա սեփականության իրավունքով, գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, ձեռք է բերվել 2014թ.: Գույքը 2019թ. օտարվել է Աննա Սերգեյի Գալստյանին 52.500.000 ՀՀ դրամով:
Բնակարանը`բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք է՝ միանձնյա սեփականությամբ: Գույքը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, ձեռք է բերվել 2016թ. և օտարվել 42.674.000 ՀՀ դրամով Աննա Սերգեյի Գալստյանին (օտարման տարեթվի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ):
Շարժական գույքի մասով՝ մարդատար ավտոտրանսպորտային միջոցն AUDI մակնիշի և 24.12.2019թ. «Էներջի Մոթորս» ՍՊԸ-ից գնված MG ZS EV 110 KW էլեկտրամոբիլ է՝ 14.920.000 ՀՀ դրամով։
Տվյալ տարվա սկզբում առկա ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի մասով՝ ռումինական կահույք՝ «Ռենեսանս», որը ձեռք է բերվել 1986թ. 10.000 ԽՍՀՄ ռուբլիով, երկու արվեստի գործ՝ ձեռքբերված 1987թ. 1000-ական ԽՍՀՄ ռուբլիով:
Բանկային հաշվի մնացորդները հարկային տարվա սկզբում կազմել են հայկական դրամով՝ 1.400.000 ՀՀ դրամ, հարկային տարվա վերջում՝ 3.940.000 ՀՀ դրամ, ԱՄՆ դոլարով հարկային տարվա սկզբում՝ 4.847 ԱՄՆ դոլար, հարկային տարվա վերջում՝ 6.871 ԱՄՆ դոլար և եվրոյով հարկային տարվա սկզբում՝ 671 եվրո, հարկային տարվա վերջում՝ 590 եվրո:
Կանխիկ դրամը տարվա սկզբում հայկական դրամով կազմել է 2.700.000 ՀՀ դրամ, տարվա վերջում՝ 4.000.000 ՀՀ դրամ, ԱՄՆ դոլարով՝ տարվա սկզբում 47.000 ԱՄՆ դոլար, տարվա վերջում՝ 45.000 ԱՄՆ դոլար:
2020թ. հայտարարագրի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձն ունի միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող չորս անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, որը գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում, այն ձեռք է բերվել նվիրատվության կարգով 2012թ., երկու ավտոտնակ, որոնք գտնվում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, ձեռք են բերվել 2020թ. գնման միջոցով, որոնցից մեկի արժեքը 7.205.000 ՀՀ դրամ է, մյուսի արժեքի վերաբերյալ հայտարարագրում տվյալներ չկան, բնակարան, որը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, ձեռք է բերվել նվիրատվության միջոցով 2012թ․:
Երկու տրանսպորտային միջոց՝ AUDI Q7, որը ձեռք է բերվել 2015թ․ և MG ZS EV 110 KW՝ ձեռքբերված 2019թ. գնման միջոցով:
Բանկային ավանդը տարվա սկզբում կազմում է 130.000 ԱՄՆ դոլար, տարվա վերջում՝ 115.000 ԱՄՆ դոլար:
Տվյալ տարվա սկզբում առկա ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի մասով՝ ռումինական կահույք՝ «Ռենեսանս», որը ձեռք է բերվել 1986թ․ 10.000 ԽՍՀՄ ռուբլիով, երկու արվեստի գործ՝ ձեռքբերված 1987թ․ 1000-ական ԽՍՀՄ ռուբլիով:
Բանկային հաշվի մնացորդները (բացառությամբ ավանդների) տարվա սկզբում կազմել են՝ հայկական դրամով՝ 3.940.000 ՀՀ դրամ, որը տարվա վերջում կազմել է 3.084.256 ՀՀ դրամ, տարվա սկզբում՝ ԱՄՆ դոլարով 6.871 ԱՄՆ դոլար, տարվա վերջում՝ 5.439 ԱՄՆ դոլար, տարվա սկզբում արտարժույթով՝ 590 եվրո, տարվա վերջում՝ 643 եվրո, կանխիկ դրամը տարվա սկզբում և տարվա վերջում կազմել է հայկական դրամով՝ 4.000.000 ՀՀ դրամ, տարվա սկզբում ԱՄՆ դոլարով՝ 45.000 ԱՄՆ դոլար, իսկ տարվա վերջում՝ 25.000 ԱՄՆ դոլար:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի ընդհանուր եկամուտները կազմում են 18.300.000 ՀՀ դրամ, որից 16.375.189 ՀՀ դրամը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից ստացված աշխատավարձն է և դրան հավասարեցված այլ վճարումները, 1.720.766 ՀՀ դրամը և 439 ԱՄՆ դոլարը տրված փոխառության դիմաց ստացված տոկոսներն են, և 100.000 ՀՀ դրամն ապահովագրական փոխհատուցում է:
Այսպիսով, ամփոփելով կատարված ողջ հետազոտությունը՝ կարող ենք եզրակացնել, որ ուսումնասիրված գրեթե բոլոր դատավորների գույքի և եկամուտների հայտարարագրերը լիարժեք չէին, հատկապես մինչ 2019թ․, և ողջամիտ կասկած է առկա, որ ներկայումս էլ ներկայացված հայտարարագրերը չեն արտացոլում այն իրողությունը, որն իրականում տիրում է:
Բացի այդ անհրաժեշտ է ընթերցողի ուշադրությունը հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից որևէ գործուն միջոց չի ձեռնարկվել՝ բացահայտելու համար տեղ գտած խախտումներն ու թերությունները, և ԲԴԽ առջև չի ներկայացվել տվյալ դատավորների բարեվարքության հարցը։
Հանրության մոտ կարող է իրավացիորեն ողջամիտ հարց ու կասկած ծագել՝ եթե արդարադատության իրականացնողներն իրենք իրենց նկատմամբ ներկայացվող օրենսդրական պահանջները պատշաճ չեն կատարում, այդ դեպքում նրանք որքանո՞վ բարեվարք են այլոց իրավունքների հարցում արդարադատություն և սեփական գործառույթներն իրականացնելիս։
Այս և այլ հարցերի պատասխանները որոշակիորեն ուրվագծելու նպատակով հաջորդիվ հրապարակվելիք շարքում կներկայացվեն թե՛ դատաիրավական համակարգի այլ ներկայացուցիչների եկամուտների հայտարարագրերի համեմատական վերլուծություններ, թե՛ նաև նրանց իրականացրած արդարադատության հետաքննություններ։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) «Դատաիրավական բարեփոխումներ և վեթինգ» ծրագրի փորձագիտական թիմ