Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարեւանների դրոշներն իմանալը նորմալ է»․ ՄԻՊ-ը՝ դպրոցի աշխարհագրության դասին Ադրբեջանի դրոշն ու խոհանոցը ներկայացնելու մասին

Հունիս 02,2022 13:47

«Դեպքը մենք ուսումնասիրել ենք։ Տեղեկացված էինք, որ նշված դպրոցում անցկացվել է բաց դաս, դասի թեման եղել է հարեւան պետությունները, ոչ միայն Ադրբեջանը», – խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Սեւանի 4-րդ դպրոցում Ադրբեջանի դրոշի ցուցադրմամբ երեկվա բաց դասին՝ ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։ Լրագրողն ընդհատեց՝ Ադրբեջանի խոհանոցը նույնպես, ինչին ի պատասխան Քրիստինե Գրիգորյանն ասաց․ «Հարեւան պետությունների խոհանոցը։ Ինչ-որ բան եք տեսնո՞ւմ խոհանոցի մեջ»։

Նկատառմանն ի պատասխան, թե աշխարհագրության բաց դասին խոհանոցին անդրադառնալու թեմայի անհրաժեշտությունը ո՞րն է, Քրիստինե Գրիգորյանն ասաց․ «Որեւէ վատ բան չեմ տեսնում, որ հարեւան պետությունների վերաբերյալ մեր գիտելիքները, կրթական բովանդակությունը ներառի դրոշի մասին գիտելիքներ, ազգային առանձնահատկությունների, պատմության, պատմական հարաբերությունների, նաեւ խոհանոցի մասին գիտելիքներ։ Երեխայի իրազեկման, զարգացման տեսանկյունից շատ կարեւոր է պատկերացնել միջավայրը, որում նա ապրում է։ Իսկ թե խոհանոցն ինչու պետք է ընդգրկվի, հարցի հասցեատերը ԿԳՄՍՆ-ն է։ Իմ գնահատմամբ՝ նորմալ է իմանալ հարեւանների դրոշները, մեր պատմությունը նրանց հետ, իմանալ այնպիսի օգտակար տեղեկություններ, որոնք կօգնեն որպես քաղաքացի դրսեւորվել ու կայանալ»։

Լրագրողի նկատառմանն ի պատասխան, որ մինչեւ հիմա ՀՀ ինքնիշխան տարածքում բարձրացված Ադրբեջանի դրոշը երեխաները չէին տեսե՞լ, որ կարիք էր առաջացել խոհանոցի թեմայով դասին Ադրբեջանի դրոշ տեսնել, ՄԻՊ-ն ասաց․ «Համաձայն չեմ, որ աշխարհագրության դասին պետք է ներկայացնել հարեւան բոլոր պետությունների դրոշները, բացառությամբ՝ մեկի։ Չափազանց ամոթալի եմ համարում նման տեսակի թիրախավորումն ու այդ նյութի մանիպուլյացիան երեխաների նկարներով։ Դա շատ էժան մանիպուլյացիա է։ Որպես ՄԻՊ կոչ եմ անում քաղաքական խոսակցություններում չօգտագործել երեխաների պատկերներ եւ դասի բովանդակություն»։

Լրագրողը նշեց՝ աշխարհագրության ուսուցչի քաղաքական հայացքները հայտնի են, եւ իր քաղաքական թիմի՝ Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի դիրքորոշումն այդպես է նա պարտադրում, դա անթույլատրելի չէ՞։ Քրիստինե Գրիգորյանը նախ հաստատեց, որ այդ ուսուցչուհին՝ Լիլիթ Հայրապետյանը, իր ազգականն է, սակայն իր որեւէ ազգական իր հետ չի խորհրդակցում՝ մասնագիտական գործունեություն իրականացնելիս․ «Ու դա շատ լավ նշան է։ Քաղաքական հայացքներ կարող են ունենալ ուսուցիչները, լրագրողները, շատերը։ Ոչ, նա քարոզ չի իրականացրել։ Մեր ուսումնասիրությունը դա փաստել է։ Եղել է բաց դաս հարեւան պետությունների վերաբերյալ։ Անընդունելի է, որ ՄԻՊ-ը մտնի կրթական նյութի բովանդակության մեջ»։

Դպրոցի պարզաբանումը՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930