Հունիսի 1-ին, ժամը 16.00-ին, Ներքին Չարբախ 3-րդ փողոց հասցեում տեղի ունեցավ WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի կողմից կառուցած մանուկների համար նախատեսված այգու պաշտոնական բացումը:
«Յուքոմ» ընկերությունն այգու տարածքն ապահովել է գերարագ Wi-Fi ինտերնետ կապի հասանելիությամբ, ինչի շնորհիվ այցելուները համացանցից անվճար օգտվելու հնարավորություն կունենան:«Ինչո՞ւ եմ որոշել կառուցել այս զբոսայգին հենց Ներքին Չարբախում: Նախ և առաջ, բոլորը քաջատեղյակ են, որ այս համայնքում երևանաբնակների խոցելի և միջինից ցածր խավերն են առավելապես ներկայացված: Եվ երկրորդ, ես այստեղ եմ ծնվել և մեծացել, և, որպես շնորհակալություն ծննդավայրիս, կառուցել եմ այս այգին: Նպատակս է եղել այստեղ ստեղծել մեր մայրերի, քույրերի և առհասարակ բոլոր մարդկանց համար զբոսնելու և հանգիստը վայելելու համար հարմարավետ մի վայր: Որպեսզի այգու այցելուներն ունենան նաև ինտերնետի հասանելիություն, ես որոշեցի դիմել Ucom-ին, ու շնորհակալ եմ ընկերությանն արագ արձագանքելու և անվճար Wi-Fi տրամադրելու պատրաստակամության համար: Ի դեպ, ստուգել եմ, ինտերնետը շատ արագ է», – մեզ հետ զրույցում հայտնել է Արթուր Աբրահամը:
«Որպես կանաչ օպերատոր՝ խրախուսում ենք Երևանում կանաչ տարածքների առկայությունն ու դրանց թվայնացումը: Վստահ եմ, որ այցելուները մեր գերարագ ինտերնետի շնորհիվ կկարողանան առցանց գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, շփվել մտերիմների հետ, նաև կազմակերպել իրենց աշխատանքը բնության գրկում: Շատ ուրախ եմ, որ Արթուր Աբրահամի հետ նման համագործակցությունն այլևս իրականություն է», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ այգում կա նաև երեխաների համար նախատեսված գունագեղ խաղահրապարակ: