Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք եկել ենք քաղաք, ուրեմն հողն էլ բերեք քաղաք, եթե հողը գյուղ է, ուրեմն` մեզ էլ տարեք գյուղ». Հաղթանակ գյուղի բնակիչներ

Հունիս 02,2022 13:38

«Եթե մենք մտնում ենք Մալաթիա-Սեբաստիայի տարածքի մեջ, էլ ի՞նչ գյուղնշանակության հող», – ասում են Հաղթանակ թաղամասի բնակիչները: Այսօր նրանք կառավարության դիմաց բողոքի ցույց էին անում: Բնակիչների խոսքով, հողերի նշանակությունը փոխելու համար սահմանված վճարները մի քանի անգամ թանկացել են: Բնակիչներից մեկի ներկայացմամբ, այգեգործական հողերի նշանակությունը փոխելու համար նախկինում վճարել են 1 քմ-ի համար 2500 դրամ, հիմա պետք է վճարեն 10 հազար 500 դրամ` քաղաքացիներին դնելով մեծ ծախսերի տակ: Ասում են, որ փոփոխությունը կատարվել է առանց բնակիչներին տեղյակ պահելու, ու հիմա մարդիկ ստիպված վաճառում են իրենց գույքը, որպեսզի նախկինում իրենց բաժին հասած հողամասերի նկատմամբ կարողանան իրավունք ձեռք բերել:

Հաղթանակ թաղամասի բնակիչները նամակներ են գրել կառավարության պատասխանատուներին, քաղաքապետարանին, սակայն նրանց դիմումները մնացել են անպատասխան:

Բնակիչներից մեկն էլ նշում է, որ այդ հողերի նկատմամբ ունեն իրավունքներ, սակայն չեն կարողանում վկայականներ ստանալ, քանի որ իրավասու մարմինները պնդում են, որ դրանք գյուղնշանակության հողեր են: Նրանց խոսքով, եթե գյուղնշանակության են, ինչո՞ւ չեն կարողանում օգտվել սուբսիդիաներից ու ցածր տոկոսներով գյուղվարկերից: Ասում են՝ տեղյակ չեն՝ սեփականության ակտը վավե՞ր է, թե` անվավեր: Նրանց խոսքով, վերջին երկու տարում բնակիչներից անգամ հարկեր չեն գանձել:

Պետրոս Ղազարյանի խոսքով՝ հորից ժառանգություն է ստացել, բայց թույլ չեն տալիս, ո՛չ գյուղ վարկ վերցնի, ո՛չ տունը սեփականացնի. «Գնում ենք փաստաթուղթ հանելու, կադաստրը գցում է քաղաքապետարանի վրա, քաղաքապետարանն էլ` կադաստրի: Մենք արդեն գյուղ չենք, դարձել ենք քաղաք, բայց հողերը մնացել են գյուղնշանակության: Այդպես ո՞նց կլինի: Եթե մենք եկել ենք քաղաք, ուրեմն հողն էլ բերեք քաղաք, եթե հողը գյուղ է, ուրեմն՝ մեզ էլ տարեք գյուղ»:

Ավելի ուշ բնակիչները հանդիպեցին կառավարության ներկայացուցիչների հետ։ Նրանց ասել էին, որ այս խնդիրը իրավական լուծում է պահանջում ու պետք է հարցը գրավոր ներկայացնեն, որպեսզի ուսումնասիրեն: Նրանց խոսքով՝ խոստացել են 15 օրվա ընթացքում պատասխանել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930