«Արցախի կարգավիճակի կամ դրան հասնելու արտաքին քաղաքականության մարտավարությունները քաղաքական որոշումներ կայացնող անձանց որոշումներն են։ Այսինքն, դա նրանց խոսույթն է, այդ հարցերը պետք է իրենց ուղղել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ դիրքորոշումն է, որ արցախահայության իրավունքներից պետք է բխեցնել կարգավիճակի հարցը, ինչպե՞ս եք պատկերացնում այդ իրավունքների իրացումը, եթե Արցախի համար որոշվի կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
Քրիստինե Գրիգորյանը նշեց․ «Ես որպես ՄԻՊ՝ ամենակարեւոր սկզբունքը, որի մասին խոսել եմ, դա Արցախում բնակվող մեր հայրենակիցների բոլոր իրավունքների երաշխավորման, իրացման համար անհրաժեշտ բավարար պայմանների առկայությունն է։ Խոսքն անձանց՝ անվտանգ միջավայրում ապրելու, կյանքի իրավունքի, երեխաների կրթության իրավունքի, սոցիալական, սեփականության, նաեւ քաղաքական իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի համար բավարար պայմաններ ապահովող լուծումների հասնելն է։ Սա է պաշտպանի մանդատը եւ իմ կարեւոր մոտեցումը»։
Ըստ պաշտպանի՝ այս պահին չենք կարող խոսել Արցախում մարդու իրավունքների պաշտպանվածության բավարար վիճակի մասին․ «Ակնհայտ է, որ առաջնահերթ են անվտանգային հարցերը։ Մարդիկ չունեն անվտանգության զգացողություն, ագրեսիվ քաղաքականության հետեւանքով նրանք հոգեբանական, ուժի սպառնալիքի ներքո ստիպված են եղել շատ դեպքերում լքել տունը, չկարողանալ օգտվել սեփականության իրավունքից, իրացնել կրթության իրավունքը։ Խոսել Արցախում իրավունքների երաշխավորված լինելու մասին հնարավոր չէ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ