Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես լինեի ծնող, ու դա լիներ իմ երեխայի հետ, դատի կտայի, կհանեի դպրոցից»․ Գեւորգ Պապոյանը՝ ՄԻՊ-ին

Հունիս 02,2022 11:56

«Որպես ծնող կուզեի ձեր դիտարկումն իմանալ։ Վերջերս սոցցանցում հայտնվեց մասնավոր մանկապարտեզից մի հոլովակ։ Սաներին՝ 4-5 տարեկան, տպավորություն էր, որ կազմակերպված հանել էին դուրս, եւ երեխաներն արտաբերում էին բառեր, որոնք նրանք չէին հասկանում ակնհայտորեն։ 4-5 տարեկան երեխան չի կարող դա հասկանալ եւ եզրակացություններ անել, գոռալ այդ մասին»,-ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ դիմելով ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

«Դա ատելության խոսքի դասական տարածում էր անչափահասների կողմից։ Եթե ես լինեի ծնող, ու դա լիներ իմ երեխայի հետ, դատի կտայի։ Եթե իմ երեխային այդ ձեւով օգտագործեին, դատի կտայի, բայց ուզում եմ հասկանալ՝ պետությունն ու ՄԻՊ գրասենյակն այստեղ ի՞նչ ունեն անելու»,-հետաքրքրվեց Գեւորգ Պապոյանը։

Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց, որ այս ընթացքում քաղաքական ակտիվ հավաքներով պայմանավորված՝ իրականացնում են մշտադիտարկում․ «Ձեր ասած դեպքը եւս տեսել ենք, ավելին՝ հայտարարությամբ անդրադարձել։ Առանձնազրույց ենք ունեցել այդ հաստատության հետ։ Ամենավտանգավոր բանը, որ տեսել էինք, երեխաները, որոնց հնարավոր էր նույնականացնել, դարձել էին թիրախավորման եւ ատելության խոսքի առարկա։ Մեր խոսակցությունները վկայում են, որ հիմքեր չունեինք պնդելու, թե դա կազմակերպված է եղել։ Բայց ակնհայտ էր, որ երեխաները կրկնում են բաներ, որոնք իրենց տարիքին բնորոշ չէին, նրանք չէին կարող գիտակցել դրա ողջ էությունը։ Նեգատիվ քաղաքական լոզունգն առել էին սրտիկի մեջ, այսինքն՝ երեխաները չէին հասկանում դրա էությունը»։

ՄԻՊ-ի խոսքով՝ ծնողները, խնամակալներն ու դաստիարակներն օրենքով պարտավոր են առաջնորդվել երեխայի շահով, պետությունն էլ իրազեկման գործ ունի անելու․ «Տեսնում եմ կանխակալ կարծիքներ, որ երեխաները չեն կարող հավաքների մասնակցել, ինչը թյուր պատկերացում է, բայց կարեւոր է ծնողավարության առաքելությունը։ Շատ դեպքերում ծնողավարության կարողությունների զարգացման կարիք կա»։

Երեխաները փողոց են փակել 2018–ի իշխանափոխության ժամանակ

Մանկասայլակներով ցույց 2018–ի թավշյա հեղափոխության ժամանակ

Գեւորգ Պապոյանը հավելեց՝ եթե տեսնի, որ իր երեխան ատելության խոսք է արտաբերում ընդդիմադիր թեւի մասին, երեխային կհանի այդ դպրոցից եւ առաջինը կմեղադրի հենց դպրոցին․ «Իմ տեսածն ապշելու էր։ Ով ուզում է լինի՝ որեւէ երեխայի իրավունք չունի թիրախ դարձնել որեւէ մեկի դեմ։ Եթե տեսնեմ մեր քաղաքական ուժին աջակցող նման բան, կանեմ նույնը։ Ես դասախոս եմ, եւ որեւէ ուսանող չի կարող փաստել, որ ես երբեւէ քաղաքական ենթատեքստով որեւէ բան ասած լինեմ, էլ ուր մնաց՝ դա հասցնենք դպրոց ու մանկապարտեզ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930