ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին խնդրեց նշել 3 գլխավոր ուղղությունները, որոնց առնչությամբ աշխատում է ՄԻՊ գրասենյակը եւ համարում մարտահրավեր։ Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց, որ առաջինը հետպատերազմական հումանիտար իրավիճակի հաղթահարմանն ուղղված աջակցությունն է՝ գերիների, պահվող անձանց, անհետ կորածների վերադարձի, նրանց ընտանիքների սոցիալական, հոգեբանական աջակցությունը։
«Ընտանիքների հետ պարբերաբար հանդիպում ենք, հետեւում ենք գործերին, կամավորների միջոցով ներգրավում բժշկական ծառայություններ։ Շատ կարեւորում ենք սահմանամերձ համայնքներ այցերը, որոնց ընթացքում վերհանում ենք եւ կառավարությանը ներկայացնում, որ մարդկանց եւ տեղահանված անձանց համար պետք է ստեղծել աշխատանքի հնարավորություններ, երիտասարդական կենտրոններ՝ համայնքի դիմադրողականությունն ամրացնելու համար»,-նշեց նա։
Մյուս մարտահրավերը, Քրիստինե Գրիգորյանի խոսքով, ատելության խոսքի դեմ աշխատանքն է․ «Խոսակցություններ եք սկսել ԶԼՄ-ների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների հետ։ Վերջին շաբաթների մշտադիտարկումը ցույց է տալիս, որ բոլորս աշխատանք ունենք անելու։ Պետք է կոնկրետանանք արդեն։ Բոլորս գիտակցում ենք, որ լավ չէ ատելության խոսք տարածելն ու բռնություն քարոզելը, այնուամենայնիվ, տեսնում ենք, որ կոնկրետ միջոցների կարիք կա»։
Երրորդ առաջնահերթությունն, ըստ ՄԻՊ-ի, իրավահավասարության օրակարգն է՝ կանանց հզորացումը, հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության մեխանիզմները, երեխաների իրավունքների պաշտպանությունը․ «Մեզ պակասում է համակարգային, լիարժեք օրենսդրությունը»։
Կարդացեք նաև
Հակոբ Արշակյանն արձագանքեց․ «Ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ երեկ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը տեսանք, որ, ցավոք, ատելության խոսքը կարող է արտադրվել նաեւ երեխաների շուրթերով։ Կարծում եմ՝ դա պատասխանատու չէ, դատապարտելի է։ Խնդրում եմ նման հարցերն ուշադրությունից չվրիպել։ Դժվար թե մարդիկ չարամտորեն են երեխաներին վատ բաներ սովորեցնում, դա բարեկրթության խնդիր է»։
Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց․ «Ծաղիկներից եւ փուչիկներից անդին՝ երեխաների իրավունքները պետք է բոլորի կողմից գիտակցված պաշտպանվեն։ Ձեր նշած դեպքը չի վրիպել մեր մշտադիտարկումից։ Հայտարարություն ենք տարածել եւ հիշեցրել երեխայի լավագույն շահի մասին»։
ՄԻՊ-ը նաեւ հայտնեց, որ շուտով գրասենյակին առընթեր ստեղծվելու է երիտասարդների եւ երեխաների խորհուրդ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ