Լրահոս
Օրվա լրահոսը

Շառլ Միշելի այդ լղոզված հայտարարությունը՝ էթնիկ փոքրամասնությունների հետ կապված, մեզ համար բացարձակ անընդունելի է: Մենք բազմիցս ասել ենք՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Իվետա Տոնոյան. «Հրապարակ»

Հունիս 02,2022 11:17

Հարցազրույց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ

– Արդեն մեկ ամիս է՝ ընդդիմադիրները դուրս են եկել փողոցային պայքարի, ԲՀԿ-ն չի միացել, թեեւ նախկինում ակտիվ էր, քննադատում էր օրվա իշխանություններին, 2021 թ․ ընտրություններից հետո Ձեր քաղաքականությունը փոխվել է: Քիչ եք խոսում, չեք քննադատում, ինչո՞ւ:

– Նախ սկսենք այնտեղից, որ դեռեւս 2020 թ․ հունիսին ԲՀԿ նախագահը բարձրաձայնել է այն խնդիրների մասին, որոնց մասին այսօր շարունակաբար խոսվում է: Խոսքը թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության հետ կապված խնդիրների մասին է: Ցավոք, այս ընթացքում ոչ միայն այդ խնդիրները չեն լուծվել, այլեւ սանձազերծված պատերազմից հետո շատացել են, բազմաթիվ ոլորտներում իրավիճակն այսօր օրհասական է: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի պասիվությանը, ապա պետք է չհամաձայնեմ Ձեզ հետ, որովհետեւ 2021-ի արտահերթ ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում կուսակցությունը շարունակել է ակտիվ կուսակցական գործունեությունը թե՛ տարածքային կառույցների մակարդակով, թե՛ քաղխորհրդի կողմից անցկացվող տարբեր քննարկումների եւ միջոցառումների շրջանակներում։ Իսկ եթե հարցը վերաբերում է նրան, որ ԲՀԿ-ն պետք է միանա այս կամ այն ուժին կամ շարժմանը, ապա ԲՀԿ-ն առանձին օրակարգերի միանալու խնդիր չունի, որովհետեւ ինքնաբավ քաղաքական ուժ է եւ արտախորհրդարանական դերում էլ շարունակում է իր ակտիվ գործունեությունը։ Գագիկ Ծառուկյանը՝ որպես կուսակցության նախագահ, ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր մարդկանց հետ, ստանում է տեղեկություններ ամենօրյա ռեժիմով: ԲՀԿ-ն ունի իր օրակարգը եւ առաջնորդվում է դրանով:

– Միայն հրապարակային ելույթները բավակա՞ն են:

– Այն, որ այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի` միանշանակ է, հանգուցալուծումը պետք է լինի բացառապես քաղաքական ճանապարհով, որովհետեւ այլ ճանապարհի մասին խոսելն այս պահին վտանգավոր է: Քաղաքական ճանապարհներից մեկը, գուցե, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է: Քաղաքակիրթ պրակտիկայում եղել են նման նախադեպեր, երբ այսպիսի իրավիճակների հանգուցալուծումն անգամ 2-3 արտահերթ ընտրությունների արդյունքում է եղել, ոչ թե անձերի փոփոխության, այլ՝ համակարգային փոփոխության միջոցով:

– ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց: Խոսվում է խաղաղության նոր համաձայնագրի մասին, նոր զիջումների մասին, ԲՀԿ-ն ի՞նչ է մտածում այդ մասին:

– Կարծում եմ՝ Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգված յուրաքանչյուր քաղաքացի մտահոգվել է այդ հայտարարությունից, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: ԲՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ Արցախը որեւէ դեպքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ Շառլ Միշելի այդ լղոզված հայտարարությունը` էթնիկ փոքրամասնությունների հետ կապված, մեզ համար բացարձակ անընդունելի է: Մենք բազմիցս ասել ենք` Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930