Ազգային ժողովում նախօրեին ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Լավատեսական համարվեցին ոչ միայն ՀՀ տնտեսական ցուցանիշները, այլև անդրադարձ եղավ Արցախին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի բյուջեն երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել՝ այդ համատեքստում ընդգծելով ՀՀ կառավարության դերակատարությունը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով նաև նախօրեին հնչեցված գնահատականներին, մի քանի իրողության մասին է մատնանշել: Նա շեշտեց, որ նախօրեին հնչեցված գնահատականները բարոյականությունից դուրս են, դրանք, նրա խոսքով, հերթական մանիպուլյացիաներն են. «Հարցը պետք է դիտարկենք բարոյական դաշտում, որովհետև այդտեղ անգամ տնտեսագիտություն չկա: Ասֆալտից են խոսում, քանի՞ կիլոմետր ճանապարհ նվիրեցին թուրքին: Գյուղատնտեսությունից են խոսում, որքա՞ն գյուղատնտեսական հողատարածքներ, որքա՞ն ՀԷԿ-եր, անտառներ, պատրաստի վիճակում վերամշակող գործարաններ հանձնեցին թուրքին: Ի վերջո, որքա՞ն տնտեսական հնարավորություններ ու ներուժ հանձնեցին: Այս ամենի հետ կապված գնահատական ինչո՞ւ չի տրվել մինչ հիմա, ինչը կարևոր է նաև միջազգային հանրությանը ներկայացնելու համար:
Մենք ի՞նչ տնտեսական ներուժ ենք կորցրել: Դրանք իրականում միլիարդավոր դոլարների են հասնում: Բացի այդ, որքա՞ն են ավելացրել պետական պարտքը: 30 տարվա անկախ պետություն ենք, 30 տարվա կուտակած պետական պարտքը վերջին 4 տարում 40 տոկոսով ավելացրին: Հնարավոր չէ գտնել որևէ երկիր, որը նման պետական պարտքի պայմաններում տնտեսական կոլապսի չի ենթարկվել: Եթե այսպիսի ցուցանիշներով շարժվենք, մենք մտնում ենք պարտքային ճգնաժամի փուլ»:
Անդրադառնալով Արցախի բյուջեի վերաբերյալ արված հայտարարությանը՝ նա շեշտեց. «Այն, ինչ իրենք բերել են Արցախի գլխին և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ բարոյահոգեբանական ու մնացած առումներով, որևէ կերպ դրամական արտահայտություն չունի: Անբարոյականությունը հենց դա է: Ի՞նչն են չափում: Իրենք փողով փորձում են հատուցել մարդկանց կյանքերը, որ տարել ու մատաղ են արել: Հայրենիքը երբեք փողով չես չափի, զոհված ընկերոջդ հիշատակը փողով չես վաճառի: Նման համեմատությունն ամենավերջին անբարոյականությունն է: Իրականում տնտեսական ծրագրերի մասին կարելի է վեճ ունենալ, ինչը նորմալ է, կարող է ազատականը սոցիալիստից տարբերվող կարծիք ունենա, ինչը ևս նորմալ է: Տնտեսական տարբեր դպրոցներ կան, որոնք մշտապես վեճի մեջ են. դա էլ է նորմալ: Աննորմալ է, երբ հայրենիքի կորուստը փորձում են մեղմել կամ արտահայտել փողային տեսքով: Իրենք դրանով շատ պարզ ասում են, որ, այո, իրենք վաճառվում են, որ, այո, իրենց համար չվաճառվող ու բացարձակ արժեքներ չկան: Այդ տեսակն իրավունք չունի մեր հայրենիքը ղեկավարել: Եթե նկարագրվածից բխող պարզ բանաձևը բացենք, կտեսնենք, որ իրենք պատրաստ են թուրքին փողով վաճառել հայրենիքը»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում