Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտը նոր սկիզբ է

Հունիս 02,2022 10:00

Ընդդիմության բողոքի ակցիաները, կարծես թե, իներցիայով շարունակվում են: Բայց արդեն հասկանալի է, որ վաղ թե ուշ դրանք մոտենալու են իրենց տրամաբանական ավարտին: Պատճառների մասին շատ է խոսվել: Դրանց թվում են թե՛ իշխանության քարոզչության «ավանդական» փաստարկների ազդեցությունը՝ «դրանք նախկիններն են, թալանի փրկության շարժում է», թե՛ ընդդիմադիրների բառապաշարն ու գործելաոճը, որից խրտնում է մեր հասարակության մտածող հատվածը: Օրինակ, երեկ Փաշինյանի ծննդյան օրն էր, եւ ընդդիմադիր հայացքներ ունեցողներից շատերն իրենց պարտքն էին համարում ցինիկ գրառումներ անել: Սա խնդիր է՝ մեր ընդդիմության, մեր իշխանության, մեր հասարակության համար. մարդ արարածի մարդկային էությունը չպետք է վիրավորել՝ անգամ եթե նա պետության ձախողված ղեկավար է:

Բայց այս փողոցային շարժման անհաջողության հիմնական պատճառն, իհարկե, այն է, որ ընդդիմության հիմնական պատումը՝ «թույլ չտանք, որ Փաշինյանը ստորագրի Հայաստանի համար խիստ անբարենպաստ փաստաթուղթը», չի կարող այսօր լայն զանգվածներ հավաքել՝ դա զանգվածներին հետաքրքրող թեմա չէ: Ի դեպ, եթե 2019 թվականին վարչապետը գնար այն կարգավորմանը, որն առաջարկում էին համանախագահները, իրավիճակն, իհարկե, շատ ավելի բարվոք կլիներ, 4000 երիտասարդ ողջ կմնար, բայց այդ կարգավորման իրագործումը շատ մեծ ըմբոստություն կառաջացներ, եւ գուցե Փաշինյանին կզրկեր պաշտոնից: Եվ հենց այդ պատճառով, նա որոշեց իր աթոռը ռիսկի չենթարկել:

Հիմա ընդվզում չկա` «խաղաղ պայմանագրի» եւ «սահմանազատման» համար ճանապարհն ազատ է: «Ապաշրջափակման» մասին նույն վստահությամբ չէի խոսի, որովհետեւ այս հարցում շահագրգռված են շատ կողմեր, եւ վերջնական որոշումը, որքան հասկանում եմ, դեռեւս կայացած չէ, եւ այդտեղ Երեւանի եւ Բաքվի դերակատարությունը, հավանաբար, երկրորդական է: Ի՞նչ կլինի «խաղաղության պայմանագիրը» ստորագրելուց հետո: Ենթադրում եմ, որ դրան կհետեւի հանրահավաքային ակտիվության որոշակի աճ, որից հետո դա նույնպես կմարի: Կլինի ապատիայի, հուսալքության եւ դրանցով պայմանավորված՝ նիհիլիզմի եւ ցինիզմի «սաստկացման» ժամանակաշրջան:

Բայց դրանով հայ ժողովրդի եւ հուսով եմ՝ նաեւ հայկական պետության պատմությունը չի ավարտվելու: Այսօր բոլոր քննարկվող հարցերի շուրջ կրքերը վաղ թե ուշ հանդարտվելու են: Դրանից հետո գուցե մտավոր, հասարակական, քաղաքական վերնախավը կսկսի մտածել, որ պետք է պետություն կառուցել բոլորովին այլ հիմունքների վրա՝ փոխադարձ հարգանքի, կարեկցանքի, վստահության, անկեղծ հավատի հիմքով: Հասկանում եմ, որ դա այսօր հնչում է որպես կատարյալ ուտոպիա: Բայց, մյուս կողմից, չեմ բացառում, որ նման պետություն կսկսվի կառուցվել դեռեւս իմ կյանքի օրոք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Ցավոք, մեր վիճակում հայտնված երկրի համար նոր սկիզբ ենթադրող ավարտը կարող է միայն շոկային լինել: Նույնիսկ պատերազմը չդարձավ այդ ավարտը: Վախենամ, որ այսպես շարունակվելու դեպքում ավարտն ավելի աղետաբեր կլինի, քան պատերազմն էր: Կարծում եմ, որ այդպիսի ավարտը բացառելու միակ ճանապարհը այս իշխանություններին չհանդուրժելն ու նրանց դիմադրելն է: Խոշոր հաշվով այն, ինչ անում է Դիմադրություն շարժումը: Մեզ դուր է գալիս նրանց մեթոդաբանությունը, հռետորաբանությունը, ներգրավված անհատները, թե ոչ՝ մենք միայն պետք է շնորհակալ լինենք իրենց՝ այդ պատասխանատվությունը վերցնելու համար և աջակցենք դիմադրելուն այնպես, ինչպես կարող ենք:
    Այն, ինչ անում եք Ձեր հոդվածներով և այն տրամադրությունը, որ փոխանցում եք դրանցով, խոշոր հաշվով հանդուրժելու քարոզ է: Ձեր նկարագրած կարճաժամկետ հեռանկարի (ապատիա, հուսալքություն, նիհիլիզմ, ցինիզմ) դեպքում ո՛չ Դուք, ո՛չ ես, և ոչ էլ մեր երեխաները «նոր սկզբի» ականատեսը չենք լինի (միգուցե վերջնական ավարտի՞): Կոպիտ է հնչելու, բայց վերջին պարբերությունում նկարագրված «նոր սկիզբը» որքան ուտոպիա է պատկերանում ինձ, այնքան էլ շղարշ՝ դիմադրության «տրամաբանական ավարտով» (իմա, Քոչարյանի վերադարձի ենթադրյալ սցենարի ձախողմամբ) պայմանավորված Ձեր ներքին բավարարվածությունը թաքցնելու համար:

  2. Հայկ համբարձումեան says:

    Թէեւ ընդհանուր առմամբ ձեր ըսածները կարելի է քննարկել, բայց ոչ այս ոճով՝ յուսալքուած, սինիք կամ «արդէն մեր ձեռքը չէ» տրամաբանությամբ. Այս մտավիճակով միայն ստրկացած պետութիւն կարելի է հիմնել, կամ երկիրը ամբողջովին յանձնել ուրիշի. այնպէս որ նույնիսկ ձեր վերջին պարբերութիւնը անիրատէս յույս կը դառնայ, եթէ ձեր անմիջական կեցուածքը անձնատուր ըլլալ է.

    Դուք միշտ կը գրէք թէ փրկիչներ պէտք չէ բնտռել, եւ ահա՝ ձեր իսկ ապագան կ՝ուզէք «գուցէ» ապագային յայտնուելիք իսկական պետութիւն կառուցողներու ձգել.

    Այդպիսի պետութիւնը կառուցելու ատակ մարդիկ եւ գաղաբարներ արդէն կան՝ փողոցը, տունը, սփիւռքի եւ նույնիսկ օրուայ իշխանութիւններուն մէջ.

  3. Ընթերցող says:

    Համաձայն եմ վերը նշված մեկնաբանությունների հետ: Հարգարժան պարոն Աբրահամյան, տարիների ընթացքում ամենօրյա ռեժիմով հետևել եմ Ձեզ, քանի որ գտնում եմ խիստ տարբերվում եք Ձեր մտածելակերպով և մոտեցումներով: Սակայն վերջին ամիսների Ձեր այս խմագրականները ճակատագրական այս ժամանակահատվածում շատ վնասակար են: Հանդուրժողականության քարոզ է սա: Դուք համոզված եմ շատ լավ գիտակցում եք ինչ է լինելու այս ամենի վերջը, եթե իշխանութունները շարունակեն: Հասկանում եմ անձնական ինչ պատճառներ ունեք ընդդիմության հաջողությունը չցանկանալու: Շատերն ունեն պատճառներ, դա նույնպես հասկանում եմ: Հիմա կարևոր չէ այլևս ինչ է եղել նախկինում, ինչ սխալներ են թույլ տրվել, ճամփաբաժանին ենք ճակատագրական: Մեր պետության ապագայի հարցն է այստեղ: Ցավով եմ ասում, բայց Ձեր այս գիծը, եթե շարունակվեց պետք է հրաժեշտ տամ Առավոտին և իր տաղանդավոր խմբագրին…

  4. Ընթերցող says:

    Մեկ բան ևս ավելացնեմ. Ձեր այս պնդումը. «թե՛ ընդդիմադիրների բառապաշարն ու գործելաոճը, որից խրտնում է մեր հասարակության մտածող հատվածը» ենթադրում է, որ հասարակության այն անդամները, որոնք ընդդիմության այս շարժմանը աջակցում են «մտածող հատված» չեն: Ըստ վերջին սոցիալական հարցումների (Gallup) մոտ 33 տոկոսն է դա: Դուք վիրավորեցիք մեր հանրության 33 տոկոսին որոնց շարքում ինձ նաև, նախկինում Ձեր հավատարիմ ընթերցողին Սա անսպասելի էր Ձեզանից և դատապարտելի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930