Միջազգային իրավունքի մասնագետ, պետության միջպետական վարույթներով խորհրդատու Լեւոն Գեւորգյանի համոզմամբ՝ ՄԱԿ-ի դատարանում դատական գործընթացները վերջին հաշվով պետք է լինեին հենց այն հակակշիռը, որը ՀՀ-ն պետք է օգտագործեր առնվազն նժարը դեպի իր օգտին թեքելու կամ գոնե հավասարակշռելու նպատակով։
«Եթե կողմերի միջեւ հաստատվում է, այսպես կոչված, խորհրդային սահմանների գործարկման տրամաբանությունը, ըստ ադրբեջանական կողմի՝ սա պարզապես փակում է արցախյան հիմնախնդիրը, որովհետեւ, եթե ՀՀ-Ադրբեջան սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է խորհրդային սահմանների հիման վրա, ըստ իրենց փաստարկման՝ սա նաեւ բացառում է որպես այդպիսին ինքնորոշման իրավունքի իրականացումն Արցախի ժողովրդի կողմից»,- «Առավոտի» հետ զրույցում փաստեց միջազգային իրավունքի մասնագետ, պետության միջպետական վարույթներով խորհրդատու Լեւոն Գեւորգյանը:
Մեր հարցին՝ այն, որ Իլհամ Ալիեւը հայտարարում է, «եթե որոշենք սահմաններն, էլ ի՞նչ Ղարաբաղի կարգավիճակ», սա չի՞ նշանակում, որ նա հարցը տանում է լրիվ քաղաքական դաշտ, Լեւոն Գեւորգյանն այսպես պատասխանեց. «Այստեղ խնդիրը ոչ այնքան իրավական ու քաղաքականի տարբերակման մեջ է, այլ որ Ալիեւի հայտարարություններն իրականում պարզապես հետեւողականորեն ընդգծում են այն իրավական քաղաքականությունը, որն Ադրբեջանն օգտագործել է իր փաստարկներում արդեն տասը տարուց ավելի՝ 2008-ից սկսած»։
Օրինակ բերելով աֆրիկյան երկրները՝ Լեւոն Գեւորգյանը փաստեց՝ նրանց ինքնորոշումն իրականացվել է հենց գաղութային սահմանների հիման վրա։ Զուգահեռներ անցկացնելով մեր իրականության հետ՝ փորձագետը նշեց. «Այսինքն՝ եթե սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է խորհրդային սահմաններով՝ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ երկու սուբյեկտ է ինքնորոշվել տարածաշրջանում՝ մեկը ՀՀ-ն է, մյուսը՝ Ադրբեջանը, եւ որեւէ երրորդ սուբյեկտ այստեղ գոյություն ունենալ չի կարող։ Թե որքանով է դա իրականում համապատասխանում միջազգային իրավունքին, որքանով՝ ոչ, իհարկե, կարելի է վիճել, բայց ընդհանուր սա հետեւողական մոտեցում է, նաեւ բացահայտում է, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը խորհրդային սահմանների անդադար հիշատակմամբ։ Պարզապես հայ-ադրբեջանական սահմանի խնդիր չէ, որ լուծում է Ադրբեջանը, այլ խորհրդային սահմանների հաստատումով՝ նա փորձում է փակել արցախյան հարցը»։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ չե՞ք կարծում, որ հայկական կողմը շտապողականության փոխարեն կարող է որպես ժամանակ շահելու հիմնավորում օգտագործել այն փաստը, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանում ՀՀ-ն գանգատ է ներկայացրել՝ ընդդեմ Ադրբեջանի, Լեւոն Գեւորգյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ առաջնային ուղերձը, որը հայկական դիվանագիտությունը պետք է օգտագործի՝ հղելով միջազգային հանրությանը, պետք է լինի այն, որ Արցախի կարգավիճակի հետ կապված ցանկացած քննարկում, որոշում կամ գնահատական պետք է հետաձգվի մինչեւ ՄԱԿ-ի դատարանում դատական գործընթացի ավարտը: Ցավոք, պաշտոնական մակարդակում նման ձեւակերպումներ չեն հնչում, այսինքն՝ կարծեք թե առաջին հայացքից ՀՀ-ն պարզապես շտապում է լուծել սահմանագծման, ապաշրջափակման խնդիրները՝ ենթադրաբար փորձելով այս ճանապարհով լուծել անվտանգային խնդիրը, իսկ Արցախի մասին հիշատակումներ պաշտոնական մակարդակում կամ չեն արվում, կամ դրանք բավականին ցավալի տեքստ ու բովանդակություն ունեն՝ հիշատակում տեղի հայկական բնակչության իրավունքների, սոցիալական խնդիրների, բայց ոչ իրավասուբյեկտության»։
Ըստ Լեւոն Գեւորգյանի՝ օրինակ՝ տեսականորեն միջազգային դատարանում գործընթացը կարող է հանգել այն եզրակացության, որ այդ նույն իրավունքների իրացման միակ հնարավոր տարբերակն Արցախի անկախ պետականությունն է, եւ Ադրբեջանի կազմում այն բացառված է։ Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ այստեղ հիմնական խնդիրն այն է, թե արդյոք ՀՀ-ն առնվազն փորձո՞ւմ է շեշտել, որ արցախյան հակամարտությունը բոլորովին առանձին է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներից։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք խաղաղության գործընթացը ե՞ւս չպետք է տարանջատվի արցախյան հակամարտության կարգավորման գործընթացից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բնականաբար, պետք է տարանջատվեն: Եթե ադրբեջանական կողմը սահմանագծման եւ սահմանազատման տակ հասկանում է արցախյան հիմնահարցի փակում, ապա հայկական կողմը պետք է ընդգծի, որ այդ գործընթացը կապ չունի արցախյան հիմնահարցի եւ Արցախի կարգավիճակի հետ։ Բայց այս ուղղությամբ առնվազն պաշտոնական հայտարարությունների մակարդակում կարծեք թե ոչինչ չի հնչում։ Այն, ինչ հնչում է առաջին դեմքի մակարդակում, բավականին անորոշ է, եւ թե ինչ բովանդակություն է դրվում դրա տակ, դժվար է հասկանալ այն պարզ պատճառով, որ մտքերը վերջավոր գնահատական չեն պարունակում: Իսկ այն կարծիքները, որոնք հնչում են դրանից հետո նույն խորհրդարանի մեծամասնության առանձին ներկայացուցիչների կողմից, մտահոգիչ են։ Խորհրդարանում մի քանիսը կան, որոնք իրավաբան կամ միջազգային իրավունքի մասնագետ են, բայց խոսում են ոչ թե նրանք, այլ մարդիկ, որոնք կարծեք թե ոլորտային որեւէ գիտելիք, փորձ ու պրակտիկա չունեն, ցավալի է: Հնչեցնում են գնահատականներ, որոնք շատ զիջողական են բովանդակությամբ եւ որեւէ հույս չեն ներշնչում։ Հայտարարություններն առ այն, որ բանակցային գործընթացի ընթացքում ՀՀ-ն արդեն իսկ ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, քանի որ տարածքային ամբողջականության սկզբունքը հիշատակվել է բանակցային փաստաթղթերում, ուրեմն Արցախի անկախ պետականությունն անհնարին էր, եւ չէր կարող բանակցային գործընթացն ավարտվել, սրանք գնահատականներ են, որոնց հետ ես որեւէ կերպ համաձայն չեմ թե՛ իրավական, թե՛ տարրական տրամաբանության եւ լեզվամտածողության կանոնների տեսանկյունից»։ Լեւոն Գեւորգյանի համար սրանք մտահոգիչ գործընթացներ են, որով, ըստ նրա՝ կարծեք թե հասարակությանը հոգեբանորեն արդեն պատրաստում են հավանական զիջումների եւ նախապես կարծիք հրամցնում, որ զիջումները ոչ թե արվում են հիմա, այլ վաղուց արված են, եւ այլեւս որեւէ բան հնարավոր չէ անել։
Մեր փաստմանը՝ մինչդեռ Իլհամ Ալիեւը հստակ հայտարարում է՝ «սահմանները որոշելուց հետո էլ ի՞նչ Ղարաբաղի կարգավիճակի հարց», Լեւոն Գեւորգյանն արձագանքեց՝ նշելով, որ դրան զուգահեռ, նաեւ Ալիեւը մեծացում է խաղադրույքները՝ խոսելով Զանգեզուրի, Սյունիքի, Երեւանի, այսպես կոչված՝ ադրբեջանական բնակչության իրավունքների, նաեւ ագրեսիվ պատերազմի միջոցով խնդիրը լուծելու հեռանկարների մասին։ Նա Ալիեւի վերջին հայտարարություններում ուժի գործադրման սպառնալիքներ նույնպես տեսնում է։ Սակայն ցավալի է համարում, որ հայկական կողմն անընդհատ զիջողական քաղաքականության գործընթացում է եւ չի փորձում անգամ որոշակի բանակցային արժեքներ ու հակակշիռներ ստեղծել։ Այս առիթով նկատեց՝ ՄԱԿ-ի դատարանում դատական գործընթացները վերջին հաշվով պետք է լինեին հենց այն հակակշիռը, որը ՀՀ-ն պետք է օգտագործեր առնվազն նժարը դեպի իր օգտին թեքելու կամ գոնե հավասարակշռելու նպատակով։ Միեւնույն ժամանակ Լեւոն Գեւորգյանը չի կարծում, որ ամեն ինչ կորսված է, ոչինչ փոխել հնարավոր չէ ու շարունակում. «Առնվազն դեռեւս այդ ուղղությամբ որեւէ ակնհայտ էական զարգացում չեմ տեսնում, որովհետեւ մինչեւ վերջերս դատական գործընթացների մասին ընդհանրապես խոսք չկար քաղաքական առաջին դեմքերի մակարդակում, իսկ երբ սկսվեց այդ խոսույթը տարածվել, այն բավականին սահմանափակ բնույթ ունի: Դա իրավունքների վրա կարգավիճակի կառուցման թեզն է, որից այն կողմ դեռեւս չեն գնացել»։
Հարցին՝ քաղաքական հայտարարությունները միջազգային իրավական ատյանները բարդացնո՞ւմ են իրենց գործը, Լեւոն Գեւորգյանը պատասխանեց. «Իրականում խնդիրն այն է, որ քաղաքական դեմքերի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարությունները իրավական տեսանկյունից ունեն կշիռ եւ դրանք օգտագործվում են՝ որպես ապացույց դատական գործընթացների ընթացքում, նաեւ որպես հիմնավորում առ այն, որ պետությունն, օրինակ, հրաժարվել է ինչ-որ իրավունքներից կամ հավակնություններից ու իր շահերից, հետեւաբար եթե պայմանական վերցնենք՝ ՀՀ-ն պարբերաբար ամենաբարձր մակարդակում հայտարարի, որ Գորիս-Կապան ճանապարհը երբեք ՀՀ-ինը չի եղել, ապա անգամ հակառակի վերաբերյալ ապացույցների առկայության պարագայում այդ հայտարարությունները կներկայացվեն ինչ-ինչ իրավիճակում ՀՀ-ի դեմ՝ ապացուցելու համար, որ ՀՀ-ն նման հավակնություններ չունի, կամ եթե ունեցել է, ապա դրանցից հրաժարվում է։ Այդ պատճառով այստեղ կենտրոնական խնդիրն այն է, որ կարծեք թե քաղաքական դեմքերն այնքան էլ լավ չեն պատկերացնում սեփական խոսքի արժեքը եւ նշանակությունն ու հետեւանքներրը կամ եթե անգամ պատկերացնում են, ապա ներքաղաքական խնդիրներն ավելի շատ են կարեւորում, քան արտաքինը: Սեփական ձախողումները հասարակության աչքերում արդարացնելու համար պատրաստ են անգամ վնասել պետական մակարդակում ազգի շահերին, ապագային եւ առանձին իրավունքների պաշտպանության հեռանկարներին»։
Լեւոն Գեւորգյանին հարցրինք՝ ի՞նչ փուլում են ՄԱԿ-ի միջազգային դատարանում մեր գանգատի հետ կապված գործընթացները: Նա հայտնեց՝ դատարանի կողմից սահմանվել են ժամկետներ, որոնց ընթացքում պետք է երկու պետություններն էլ ներկայացնեն ամբողջական փաթեթները իրենց փաստարկներով, այսպես կոչված՝ հուշագրերը: Ժամկետն է 2022-ի վերջը: Այդ ժամկետներում հուշագրերը ներկայացնելուց հետո տեղի են ունենալու լսումներ։ Միջազգային իրավունքի մասնագետի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ կարող են լինել երկու լսումներ, որոնցից առաջինը կվերաբերի ընթացակարգային եւ երկրորդը՝ բովանդակային խնդիրներին: Իսկ դատական վերջնական վճիռներ կարելի է ակնկալել առնվազն 4-5 տարի հետո։ Ինչն, ըստ էության, ավելի ուշ է, քան ռուս խաղաղապահների մանդատի ավարտը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.06.2022