Լրահոս
Օրվա լրահոսը

Ապաշխարության կոչ-հորդոր Մայր թատրոնի բեմից

Հունիս 02,2022 13:00

Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր

Վերջապես կայացավ երկար սպասված Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացման առաջնախաղը: Ես նախապես վերընթերցել էի պիեսը եւ ինձ հետաքրքրում էր՝ ինչպիսին կլինի ռեժիսուրան, ստեղծագործական ինչպիսի հնարք-լուծումներով է բեմադրվելու ժամանակ ու տարածություն չճանաչող (առավելապես մեր ժամանակների համար խիստ արդիական) դրաման, որի հիմքը իրական-գանգստերապատմական է. նախատիպը Հիտլերն է իր մտերիմ ընկերներով եւ համակիր շրջապատով:

Երկիր մոլորակին վտանգ է սպառնում. ամենուր քաոսն է տիրում: Աստծո պատկերով  արարված մարդը օտարացել հեռացել է Աստծուց, դարձել մարդասպան գանգստեր, հանցագործ, անբարոյական, դավաճան, վախկոտ ու անտարբեր, խեղվել են մարդկային հարաբերությունները, ծաղկում է կոռուպցիան: Եվ ահա Աստծո պատվիրաններից ու բարոյական չափանիշներից օտարացած ժողովրդից դուրս է գալիս եւ մի փոքր մարդ  եւ սկսում է արագորեն աճել: Փոքր մարդ՝ Արթուրո Ուին (Տիգրան Ներսիսյան): Փառամոլության, իշխանատենչության մոլուցքը չնչին մարդուն բարձրացնում է կարիերայի բարձրակետին՝ միջոցների առաջ կանգ չառնելով: Այսպես, կարող է քամելեոնի պես  փոխվել պահի թելադրանքով, միայն հասնի իր նպատակին: Կարող է ձեւանալ  դժբախտ, չհասկացված, չգնահատված, խեղճ է ու արհամարհված (ինչպե՜ս է խնդրում Դոգսբորոյին օգնել իրեն), կարող է սիրաշահել գեղեցկուհի տիկնոջը՝ Բեթի Դոլֆիթին (Աննա Էլբակյան), կարող է պերճախոս ճառել՝ հռչակելով իրեն փրկիչ՝ ձեզ կարող է փրկել միա՛յն Արթուրո Ուին: Բոլոր դեպքերում նա իր էությամբ գիշատիչ է, ֆաշիստ: Եվ դիակների կույտերի վրայով հասնում է կարիերայի բարձրակետին: Իհարկե նրա վախճանը անփառունակ է: Բայց Բրեխտը հիշեցնում-զգուշացնում է, որ դեռ չի չորացել արգանդը չարի: Տպավորիչ անզուգական է Տիգրան Ներսիսյանի դերամարմնավորումը: Պատահում է ամենաբացասական  սարսափելի կերպարների դերամարմնավորումը այնքան համոզիչ, այնքան բնական ու պրոֆեսիոնալ է լինում, որ նվաճում է հանդիսատեսի համակրանքը (բնականաբար դերը եւ ոչ կերպարը) եւ ամեն մի բեմելը ողջունում ծափահարությունով, անշուշտ թատրոնի պատմության մեջ բազմաթիվ են այդպիսիք: Այս ներկայացման մեջ  Տիգրան Ներսիսյանի Արթուրո Ուին գրավեց հանդիսատեսի սիրտը:

Իհարկե, այդ մարդկային կերպարը կորցրած չնչին մարդու կարիերան կարող էր կանխվել, բայց  մարդիկ որդեգրել էին բարոյական այլ չափանիշներ՝ «ամենքը խոտորվեցան եւ ապականեցան» լույսը թողած՝ մարդը իր իսկ կամքով ընտրել է խավարը. «…շատացել է մարդկանց չարությունը երկրի վրա եւ նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր» (Ծննդոց 6-5): Չար ու դժնդակ  ժամանակներում փոքրացել ու մանրացել է մարդկային հոգին, մարդը մարդուն  է կուռք դարձնում, ֆաշիստը՝ կուռք, դա հենց մարդու թողտվության, վախկոտության, փողասիրության, փոքրոգության, անտարբերության, ագահության, անձնապաշտության   պատճառով:  Ահա  բարի համբավ ունեցող Դոգսբորոն (Ալբերտ Սաֆարյան), նա չդիմանալով  միլիոնների գայթակղությանը՝ դառնում է փոքր մարդու մեկենասը՝ ձեւավորում, հղկում է մինչեւ ուղնուծուծը ֆաշիստ Արթուրո Ուիին: Հանդիսատեսի աչքից չի վրիպում, թե ինչպիսի հոգու խռովք է ապրում Դոգսբորո-Ալբերտ Սաֆարյանը: Բայց քայլն արված է, այլեւս այլընտրանք չունի: Ընչասիրությունը, փողասիրությունը նրան տանում է կործանարար փորձության՝ դառնալով համախոհ-հանցակիցը: Դարձյալ հիշենք Սուրբ գրքի խոսքը. «…բոլոր չարիքների արմատը արծաթասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ վրիպեցին հավատից եւ իրենց գցեցին բազում ցավերի մեջ» (Ա-Տիմոթեոս 6;10):

Գաղափարական հենք ունի գեղանի տիկին Բեթի Դոլֆիթի կերպարը (Աննա Էլբակյան), նա քաջ գիտակցում է՝ ինչ է կատարվում շուրջը, ուր է տանում մարդկային կերպարը կորցրած «փրկիչը»՝ ֆաշիստը, եւ իր կոչ-հորդորն է հղում մարդկությանը՝ ապաշխարեք: Անշուշտ այդ հորդորը, որ հնչեց այնքան մեղմ, խնդրանքով, զուսպ (ցավն ու զայրույթը հոգում ամբարած), որ իր հետքը թողեց հանդիսատեսի հոգում:

Բեմադրության ասելիքին առավել խորքային բնույթ են հաղորդում  հատուկ ներկայացման համար գրված երգերը՝ ճշմարիտ, սթափեցնող խոսք հղելով հանդիսատեսին, ընդհանուր առմամբ   բեմում ամեն ինչ՝  ճաղավանդակները, բազմաթիվ ժամացույցները  հիշեցնում էին,  որ  տոտալիտար ռեժիմը ժամանակ չի ճանաչում:

Երեքժամյա այս ներկայացումը սթափեցնող մի զրույց- հաղորդագրություն է ուղղված համայն մարդկությանը՝ կանգ առնելու,  ապաշխարելու՝ փորձել գտնել կուտակված հարցերի պատասխանները՝ ի վերջո որն է ապրելու նպատակը, ուր է տանում այս կործանարար «լայն ճանապարհը», ինչպես դուրս գալ քաոսային վիճակից, որ ամենուր է ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ աշխարհի  ցանկացած անկյունում. երկիր մոլորակն է անդունդի եզրին. ինչպես դուրս գալ խավարից, փոխվել, վերստին ծնվել՝ հավատարիմ մնալ Աստծո պատվիրաններին, « …որովհետեւ (Աստված) չի կամենում, որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարության հասնեն» (2 Պետրոս 3;9): Ի վերջո հասկանալ՝ փողը, շահույթը, փառքը այլասերում է մարդկանց, զրկում բարոյական հիմքերից, ոչնչացնում սերը: Անհրաժեշտ  է միավորված կենսագործել լոկ այնպիսի համոզմունքներ, որոնք արդարացված են բանականությամբ, մարդասիրությամբ, որպեսզի չկործանվի մարդը ե՛ւ հոգեւոր առումով, ե՛ւ ֆիզիկապես:

Ներկայացումը հանդիսատեսին տալիս է կյանքի խորքերը բացահայտող նորանոր խոկումներ, խոհեր  եւ ապա տանում է  դժվար ճանապարհով՝ ապաշխարությամբ դեպի կենսահաստատ լույսը տանող ու մաքրագործող ապրումներով լեցուն կյանք;

Շնորհիվ Արմեն Էլբակյանի տաղանդի, բարձր պրոֆեսիոնալիզմի (ի դեպ այս պիեսի երրորդ նորացված բեմադրությունն է) եւ ողջ դերասանախմբի արտակարգ աշխատանքի, երեքժամյա դրամատիկ սրընթաց գործողություններով լեցուն «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացման առաջնախաղը ընդունվեց կեցցեներով, ծափահարություններով:

Դիտարժան ներկայացումը հիրավի արժանի է Մայր թատրոնի փառահեղ 100-ամյա հոբելյանին:

Գայանե ԱԹԱՆԵՍՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու

«Առավոտ» օրաթերթ
01.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930