Լրահոս
Օրվա լրահոսը

Երգում է պրոֆեսոր Գայանե Գեղամյանի դասարանը

Հունիս 02,2022 12:30

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գայանե Գեղամյանի դասարանի համերգն էր Երեւանի կամերային երաժշտության տանը։ Թե ինչ ձայներ է մշակել, ինչ աշխատանք է տարել իր սաների հետ երգչուհին, խիստ, պահանջկոտ ու միաժամանակ հոգատար մանկավարժը, դաստիարակը, սրտացավ մարդը, արվեստի նվիրյալը, կարելի է դատել այս համերգից, որի մասնակից երիտասարդները բարձրարվեստ կատարումներից զատ, ցուցադրեցին բեմական արվեստին տիրապետելու իրենց ունակությունները, չափավոր, ուրեմն եւ՝ անկեղծ-առինքնող արտիստականությունը, ֆրանսիական երգարվեստը լավագույնս ներկայացնելու շնորհը։ Ինչո՞ւ հատկապես ֆրանսիական. քանի որ համերգը նվիրված էր հայ եւ ֆրանսիացի ազգերի բարեկամությանը։


Գայանե Գեղամյանի «դպրոցն» անցած բազմաթիվ երգիչներ ներկայումս մշտապես հանդես են գալիս աշխարհի ամենահայտնի բեմերում. նրանք ճանաչված անուններ են, եւ հիմա Գ. Գեղամյանը նմանների նոր սերունդ է պատրաստում, ինչի մասին մի անգամ եւս վկայեց 2022 թ. մայիսի 30-ի համերգը։ Հանդես եկողներից մի քանիսն արդեն միջազգային մրցանակների դափնեկիրներ են, հաջող ելույթներ են ունեցել տարբեր համերգային ծրագրերի շրջանակներում։ Մասնավորապես, այդ երիտասարդներից ոմանց երգեցողությանը ծանոթ եմ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի՝ վերջին մեկ-երկու տարիների համերգներից։ Երիտասարդ, կարող ուժերի համար ճանապարհ բացելու հնարավորություն տալու միտմամբ է գործում «Տաղարանը»՝ հանձին համույթի գեղ. ղեկավար եւ դիրիժոր մաեստրո Սեդրակ Երկանյանի՝ տարաբնույթ ծրագրերում խոստումնալից երիտասարդ կատարողներին ընդգրկելով։ Հիմա էլ  Գեղամյանի դասարանի համերգը դարձյալ ներկայացնում էր «Տաղարանը»։
Ամեն բեմելույթ ավելացնում է երիտասարդների փորձառության չափը, իրենց՝ որպես արտիստի կայացման հաստատակամություն ներշնչում, եւ այս համերգը, անկասկած, այդ կարեւոր փորձառություններից եւ ինքնահաստատման ամուր քայլերից մեկն էր Մարգարիտա Սարգսյանի, Գուրգեն Պողոսյանի, Սառա Հակոբյանի, Նախշուն Փիլիպոսյանի, Սիրանուշ Օվսիյանի, Վարսենիկ Միքայելյանի, Վիկտորյա Մելքոնյանի, Դիանա Գալստյանի, Նվարդ Մուշեղյանի, Անժելա Բադալյանի, Արփինե Աղջոյանի համար։ Վերջիններիս նվագակցում էին դաշնակահարներ Աննա Ճուղուրյանը եւ Իզաբելա Շախսուվարյանը։
Արիաներ ֆրանսիացի հեղինակների օպերաներից, ռոմանսներ, երգեր՝ կատարված երանգ-երանգ տարբերվող ձայներով, կատարողների անհատական զգացողությունների ներքին ուժով, արդեն ձեւավորված արտիստիկ պահվածքով, երաժշտական երկերը երգեցողության յուրահատկությամբ մեկնաբանելու ունակությամբ։ Որքան էլ բավական հանրահայտ էին Կ.Դեբյուսիի, Ֆ.Պուլենկի, Շ. Գունոյի, Ժ. Մասնեի, Շոսոնի, Գ. Ֆորեի, Է. Սաթիի, Ժ. Օֆենբախի, Կ. Սեն-Սանսի, Ժ. Վեկերլենի արիաներն ու ռոմանսները, հանդիսականը նորը հայտնաբերեց իր համար շատերի երգեցողության շնորհիվ, քանի որ կատարումներում ընդգծված անհատականություններ կար, ինչին եւ ձգտել է հասնել իրենց դասախոսը։ «Մովսես Խորենացու» մեդալը նրան շնորհվել է՝ հատկապես մանկավարժության ոլորտում իր ծանրակշիռ ներդրման եւ վաստակի համար։

Երեկոյին ֆրանսիական Պրովանսի բարբառով երկու երգի հյութեղ կատարումն էլ Մարիաննա Կարապետյանի անակնկալ ընծան էր պրոֆեսորին։

Համերգի «արքայական» վերջաբանն իր երիտասարդ սաների ելույթներից հետո Գ. Գեղամյանի՝ հասուն, խորազգաց, գեղեցկաձայն երգչուհու երգեցողությունն էր։ Նա կատարեց Միշել Լեգրանի ստեղծագործություններից մեկը։

Զուր չէր այս ընտրությունը. հայկական արմատներով ֆրանսիացի աշխարհահռչակ կոմպոզիտորը հարյուրավոր երգերի, միլիոնավոր օրինակներով թողարկված ձայնասկավառակների հեղինակ է, «Օսկարի» եռակի, «Ոսկե գլոբուսի» բազմակի մրցանակակիր, Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանակիր։ Նրա թողած հարուստ ժառանգությունից մի գործն էլ՝ երգը «Շեմբուրյան հովանոցներ» հայտնի ֆիլմից, այնքան արվեստավոր, խորազգաց, հասուն ապրումով ներկայացվեց, որ ասես, դարձավ համերգային ծրագրի յուրատեսակ ամփոփումը։ Հաջորդիվ փորձառու երգչուհուն միացավ իր մանկահասակ թոռնուհին՝ Գայանե Պետրոսյանը, որ դեռ նոր պիտի անցնի տքնաջան ուսումնառության ուղին, ինչ անցել են հայ երգիչների բազմաթիվ սերունդներ։

Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930