Ասում է բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը
– Պարոն Դավթյան, 75 բանաստեղծություն, որոնք 17 լեզուներով տեղ են գտել «Բազմաձայնություն» ժողովածուում: Ցանկանում եմ խոսեք այս գրքի մասին: Ստեղծագործությունները թարգմանված ունենալն ինչքանո՞վ է օգնում գրողին՝ հանրահռչակել ստեղծագործությունն ու ընթերցողների լայն շրջանակ ստեղծել:
– Գրականության մեջ առաջին լուրջ քայլերից սկսած թարգմանված լինելու բարեբախտություն եմ ունեցել: Հատկապես վաղ շրջանի իմ շատ բանաստեղծություններ մեր ավագների եւ իմ գրչակիցների բարի կամեցողությամբ ու ջանքերով տպագրվել են նախ օտար լեզուներով ու ես իմ շատ թարգմանիչների նույնիսկ երեսը չեմ տեսել: Գրքում, որ «Բազմաձայնություն» վերնագիրն ունի, իրենց սրտի հետ խոսող տողեր կգտնեն հայն ու չինացին, ռուսն ու ուկրաինացին, բուլղարացին, ղազախը, սերբն ու վրացին, ֆրանսիացին ու հնդիկը, չեխն ու անգլիացին, գերմանացին, պարսիկը, հույնը, լեհն ու սլովակը: Այսուհանդերձ, գիրքը ոչ ընտրանի է (այլապես շատ ավելի փոքր ծավալի կլիներ), ոչ էլ հավակնում է ներկայացնել իմ ստեղծագործության տարալեզու արծարծումների ամբողջ ներկապնակը: Իսկ այս «75»-ը կյանքիս հերթական հանգրվանը խորհրդանշող թիվ է ընդամենը այն հարյուրավոր բանաստեղծություններից, որ ամփոփված են Ռուսաստանում, Վրաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Սերբիայում, Բուլղարիայում հրատարակված իմ յոթ գրքերում, հայ պոեզիայի այլալեզու անթոլոգիաներում, սփռված են մեր եւ աշխարհի պարբերականներում, էլեկտրոնային այլեւայլ հարթակներում: Եվ այս գիրքը փորձ է որոշ չափով մեկտեղելու նրանցում տեղ գտած իմ գործերը, մանավանդ որ, տպագիր այդ հրատարակությունների մի մասը վաղուց արդեն հազվագյուտ մատենագիտական նմուշներ են: Գիրքը շահեկան է նաեւ այն առումով, որ թարգմանություններն ուղեկցվում են աղբյուրագիտական տվյալներով: Ինչ վերաբերում է «հանրահռչակելուն», ապա առնվազը միամիտ պիտի լինել, կարծելով, թե ներկա սուղ տպաքանակների եւ մասնավորապես պոեզիայի հանդեպ պահանջարկի անկման պայմաններում, որ ցավալի իրողություն է նաեւ արտերկրում, կարելի է խոսել ընթերցողական լայն շրջանակ ստեղծելու մասին:
– Ըստ Ձեզ՝ այսօր ո՞րն է գրողի առաքելությունը:
Կարդացեք նաև
– Գրողի, գրականության առաքելությունը նույնն է, ինչ եղել է հազարամյակներ ի վեր: Այս մոլորակի վրա Արարիչը միայն մարդուն է օժտել ժպտալու, ծիծաղելու, հիանալու, տառապելու, կարեկցելու, տագնապելու, խնդրելու, պահանջելու, հանդիմանելու, ընդվզելու, համբերելու, ներելու, ճչալու, շշնջալու, լռելու, ամաչելու, կարոտելու, մտածելու, երազելու ունակություններով… Այս ամենը մարդու մեջ արթուն պահելու առաքելությունն ունի գրականությունը: Հատկապես պոեզիան, որ մարդկային հոգու վայրիվերումները թարգմանող, երկրային եւ վերերկրային տարերքների փոխազդեցությունները սինթեզող գեղարվեստի առանձնահատուկ տեսակ է:
– Ճշմարիտ գրականության նմուշներն այսօր շատ քիչ են, իսկ համացանցը հնարավորություն է տալիս հանրայնացնել ամեն տեսակի տող՝ լավ, թե վատ: Սա նաեւ գրականության մեջ տեղ-տեղ «մոլախոտ» է աճեցնում: Ի՞նչ կասեք այս առումով:
– Ի՞նչ ասեմ: Վիճակն իրոք աղետալի է հատկապես պոեզիայում: «Բանաստեղծական» շատախոսությունը պոետական արվեստն իջեցրել է բառային արհեստավորության մակարդակին: Եվ «քաղհանող» չկա: Գրականագետները գրեթե չեն գրում: Եթե գրում էլ են, հիմնականում ափապուրծ դհոլահարություն է, որ համացանցային ծակուծուկերից ի հայտ են բերում նորօրյա «հանճարների» ու «դասականների»: Ես, իհարկե, շատ կուզենայի համաձայնել «գրպանային այդ գրականագետիկների» հետ, թե ամեն մի ոտանավոր պոեզիա է: Բայց հենց այս արատավոր մտայնությունն է, որ բազմացնում է ինքնասիրահարված հեղինակների շարքերը: Մինչդեռ նրանց «թողարկած արտադրանքը» վանում է պոտենցիալ ընթերցողին եւ արդյունքում ունենք ոտանավորչիների թվի աճի հետ համամասնաբար աղետալիորեն ամայացող ընթերցողական դաշտ:
– Պարոն Դավթյան, նաեւ բազում թարգմանություններ ունեք: Դուք նշում եք, որ թարգմանությունը Ձեր ստեղծագործական աշխատանքի անքակտելի մասն է եղել ի սկզբանե եւ Ձեր գրական մուտքը եղել է թարգմանական գրքով: Խոսենք Գագիկ Դավթյան թարգմանչի կյանքից, ինչպես նաեւ թարգմանական արվեստի մասին…
– Իմ երախայրիքը, որ պիտի կրեր «Հոգու շավիղներով» վերնագիրը եւ հույն բանաստեղծ Տասոս Լիվադիտիսի «Կանտատ երեք միլիարդ ձայնի համար» ժողովածուն, հրատարակչություն եմ հանձնել միաժամանակ, երբ տակավին պոլիտեխնիկականի ուսանող էի: Եվ ստացվեց այնպես, որ Լիվադիտիսի գիրքը լույս տեսավ իմ առաջնեկից շուրջ տասը տարի առաջ: Թե ինչու՝ շատ եմ մտածել եւ եկել եզրակացության. «Ավանգարդում» տպված իմ առաջին բանաստեղծությունն ունեցել է «Բողոք» վերնագիրը: «Գարունում» տպված իմ շարքերում ժամանակի համար անսովոր տողեր եւ պատկերներ կային, որ չէին կարող վրիպել Գլավլիտի աթեիստների աչքից: Զորօրինակ՝ «Ես իմ սիրո դուռը այնպես էի բացում // ինչպես հավատացյալն «Աստվածաշունչն» իր սուրբ», կամ «Ես ընդունում եմ «Աստվածաշնչյան» այն խոսք-խորհուրդը…» եւ այլն: Իմ գրքում չկային Լենինին, կուսակցությանը, խորհրդային առօրյան փառաբանող գործեր, որ կարող էին «լոկոմոտիվի դեր խաղալ»: Եվ հետո, Պարույր Սեւակի գիրքն էր կալանքի տակ, իսկ ասպարեզում նրա Ողջերթի խոսքն էր իմ մասին («Գարուն», 1970, թիվ 5):
Ինձ այլ ճանապարհ չէր մնում, քան թարգմանությունը: Հիմնավոր խոսակցությունը թարգմանական արվեստի մասին մեզ շատ հեռուն կտանի: Ասեմ միայն, որ երբեւէ պատվեր չեմ կատարել: Ունեմ իմ սկզբունքները: Նախ՝ թարգմանությունը (հատկապես պոեզիայի) տեքստի բառերի գույքագրություն չի կարող լինել: Որեւէ գործ ձեռնարկելիս ինքս ինձ հարց եմ տվել՝ իսկ ինչպե՞ս կգրեր հեղինակը իր այս բանաստեղծությունը, եթե տիրապետեր հայերենին: Եվ եթե գտել եմ հարցիս հստակ պատասխանը, թարգմանել եմ: Եթե ոչ՝ մի կողմ եմ դրել: Եվ երկրորդ՝ առանց քրտինքի ոչինչ չի տրվում, բայց եթե թարգմանված գործից քրտնահոտ է գալիս, ձախողումը ակնհայտ է:
– Կա՞ մի բան, որ Ձեզ շատ է անհանգստացնում…
– Մարդիկ չեն զբաղվում այն գործով, որի համար կոչված են: Եվ տպավորություն է, թե նրանք ավելի լավ են գլուխ հանում ուրիշների, քան իրենց գործերից: Սա մեզ լավ տեղ չի կարող տանել: Ինձ շատ է անհանգստացնում գրականության ճակատագիրը: Այն, որ հազարամյա իր մշակույթով հպարտացող ազգը մշակույթի նախարարություն չունի: Այն, որ գրողի գործն այսօր աշխատանք չի համարվում, այստեղից բխող բոլոր սոցիալական հետեւանքներով:
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
01.06.2022