ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ Արցախը փրկողների, նախարարության «գլխավոր ասողի» մասին
Մամուլում հրապարակում եղավ, որ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը Արտակարգ իրավիճակների նախարարությունում երկիշխանություն է ստեղծել, ուզում է ինքը լինի «ասողը» ու իրեն տեր ու տիրական է զգում: Այս առնչությամբ «Առավոտը» ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին հարցրեց՝ նախարարությունում այդպիսի մթնոլո՞րտ է իսկապես ու Գասպարյանն իրեն այդպե՞ս է պահում: Նա պատասխանեց. «Ես այդ հրապարակմանը այսօր ծանոթացել եմ, ընդհանուր առմամբ չեմ մեկնաբանում այդ հրապարակումը, բայց ուզում եմ նշեմ, որ արտակարգ իրավիճակների նախարարությունում չի կարող լինել երկիշխանություն: Նախարարությունում կա նախարար, կան ծառայություններ, ՊՈԱԿ-ներ, ենթակա մարմիններ եւ բոլորը սինքրոն ու համերաշխ աշխատում են: Նման մթնոլորտ չկա եւ չի կարող լինել»:
Նախարարին նաեւ կատակով հարցրեցինք՝ ընդդիմությունը հայտարարում է, որ փրկում է Արցախը, փրկարար ծառայությունը մտադիր չէ՞ գնալ Ֆրանսիայի հրապարակ ու մասնակցել այդ աշխատանքներին: Նախարարը պատասխանեց. «Փրկարար ծառայությունը բոլորին էլ փրկում է ու եթե կարիք կլինի փրկելու ընդդիմությանը, մենք կմտածենք այդ մասին»:
Ճշտեցինք՝ մենակ ընդդիմությա՞նն եք պատրաստ փրկել, ո՞չ թե Արցախը՝ նախարարը պատասխանեց. «Այո, Արցախի հետ կապված չեմ ուզում հումորային պատասխանեմ: Ես բնականաբար չեմ կիսում ընդդիմության պահանջը եւ այդ շարժման գաղափարները: Կարծում եմ, որ ՀՀ իշխանությունների ու Արցախի իշխանությունների սինքրոն աշխատանքն է հենց Արցախի փրկությունը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչո՞ւ չեք կիսում ընդդիմության ծրագրերը, որովհետեւ իշխանության թիմի մաս եք, իշխանական աթոռը թույլ չի՞ տալիս ավելի օբյեկտիվ նայել՝ Փամբուխչյանը պատասխանեց. «Իշխանական աթոռը կապ չունի, այդ աթոռը միշտ ժամանակավոր է ու բացարձակ կապ չունի: Ես այն ժամանակ էլ եղել եմ այսօրվա ընդդիմության ընդդիմադիր»:
Դիտարկմանը, որ դուք էլ փողոցային ճանապարհով իշխանության եք եկել ու հիմա ձեզ մեղադրում են, որ ծաղրում եք այսօրվա ընդդիմադիրներին, որոնք փողոցում պայքարում են՝ նա արձագանքեց. «Չեմ ծաղրում, հումորային հարց տվեցիք, հումորային պատասխանեցի: Բնականաբար, չեմ կիսում ընդդիմության մոտեցումները, եթե կիսեի, չէի լինի իշխանություն: Շատ պարզ է»: Հարցին՝ այսինքն, թիմային շահերո՞վ եք առաջնորդվում՝ Արմեն Փամբուխչյանը պատասխանեց. «Չէ, նաեւ գաղափարական: Ես տարիներ շարունակ այսօրվա ընդդիմության ընդդիմադիրն եմ եղել»:
Նախարարը ավելի ուշ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նույնպես անդրադարձել էր Արմեն Գասպարյանի հետ կապված հարցադրմանը ու հարցին՝ ճի՞շտ է, որ նախարարությունում նախարարի կարգավիճակ ավելի շատ ունի Գասպարյանը, քան դուք՝ պատասխանել էր. «Նախարարի կարգավիճակ ունի մեկ հոգի՝ նա, ով նշանակվում է նախարար: Իսկ մնացած բոլոր ծառայությունները կարեւոր են, փրկարար ծառաությունն էլ, կարելի է ասել, ԱԻՆ-ի ողնաշարն է: Մենք սերտ համագործակցում ենք, հակառակը չէր էլ կարող լինել փրկարար ծառայության տնօրենի հետ: Փրկարար ծառայությունը թե՛ անձնակազմով, թե՛ գործառույթներով կազմում է ԱԻՆ-ի մոտ 90%-ը, ըստ այդմ կարող է այդպիսի տպավորություն լինել, բայց նման բան չկա ու չի կարող լինել: Ես մոտ մեկուկես տարի որպես նախարարի տեղակալ աշխատել եմ ու բնականաբար, ամբողջությամբ տիրապետում եմ ոլորտին»: Երբ հիշեցրին՝ Արմեն Գասպարյանը եղել է Երեւան քաղաքի ոստիկանապետը՝ Փամբուխչյանը հակադարձեց. «Չեմ հասկանում, ինչու եք այդ տոնայնության մեջ այդ հարցը տալիս: Անկախ նրանից, թե ով ինչ պաշտոնի է եղել, չի կարող լինել երկիշխանություն, համենայնդեպս, ԱԻՆ-ում, ես դա ձեզ պատասխանատու ասում եմ: Ես գնդապետ Գասպարյանի հետ ունեմ մտերմիկ հարաբերություններ, այդ թվում՝ իր նշանակման հետ կապված ունեցել եմ իմ ներդրումը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.06.2022