Մայիսի 31-ին CAS-ը (Սպորտային արբիտրաժային դատարան) արագացված կարգով քննության արդյունքում որոշել է մերժել «Նորավանք» ՍԱ դիմումը և ուժի մեջ թողնել ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինանսական կառավարման մարմնի որոշումն առ այն, որ «Նորավանք» ՍԱ չի բավարարում 3-տարվա կանոնին և չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրման թեկնածու 2022/23թթ մրցաշրջանի համար։
ՀՖՖ Արտոնագրման բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տրամադրել է մեկնաբանություն, որը պարզաբանում է հարցի ողջ էությունը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում 3-տարվա կանոնը
Համաձայն ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 12-ի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրին հավակնելու համար արտոնագրման գործընթացի մեկնարկի դրությամբ արտոնագրման թեկնածուի՝ ազգային ասոցիացիային անդամագրությունը կամ անուղղակի/ուղղակի պայմանագրային հարաբերությունները (եթե այդպիսիք առկա են) պետք է ունենան առնվազն երեք շարունակական տարվա վաղեմություն։ Միաժամանակ ՈՒԵՖԱ-ն սահմանում է նշված կանոնի բացառության սկզբունք, որի շնորհման իրավունքը պատկանում է միայն ՈՒԵՖԱ-ին և միայն ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված դեպքերում։
Կարդացեք նաև
Անկախ ամեն ինչից՝ VBET Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչում հաղթելուց հետո ակումբը ցանկություն հայտնեց դիմել 3 տարվա բացառության կանոնին, հետևաբար, ՀՖՖ Արտոնագրման բաժինը քննության առավ ակումբի կողմից ներկայացված ֆինանսական չափանիշի փաստաթղթերը։ Հարկ է նշել, որ «Նորավանք» ՍԱ արտոնագրային փաթեթը և հատկապես ֆինանսական փաստաթղթերը ամբողջովին բավարարում էին ՈՒԵՖԱ-ի արտոնագրի համար սահմանված պահանջներին, սակայն ՀՖՖ-ն իրավասություն չուներ տրամադրելու արտոնագիր, քանի որ կար 3-տարվա կանոնի խոչընդոտը։
ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման բաժինը տեղեկացվել է ստեղծված իրավիճակի մասին, և վերջիններս խորհուրդ են տվել դիմել բացառության եզրափակիչում հաղթանակից հետո։
Մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց հետաձգել «Նորավանք» ՍԱ՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի վերաբերյալ որոշման կայացումը մինչև հաջորդ լրացուցիչ նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակումբը պատրաստվում է դիմել ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինանսական կառավարման մարմնին (Club financial control body – CFCB)՝ ստանալու երեք տարվա կանոնի անհամապատասխանելիության բացառություն։
Մայիսի 17-ին կայացած նիստի ընթացքում ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինանսական կառավարման մարմինը մերժեց «Նորավանք» ՍԱ դիմումը, իսկ ակումբը որոշեց Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում բողոքարկել ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշումը։
Պետք է շեշտել, որ չնայած Ակումբների արտոնագրման 2022/2023թթ․ մրցաշրջանի մեկնարկի պահին՝ 2021թ․ դեկտեմբերին, երբ ակումբների կողմից ընդունվել են արտոնագրման դիմումները, արդեն իսկ պարզ էր, որ Նորավանք ՍԱ-ն չի բավարարում ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված 3-տարվա կանոնին, և, հետևաբար, չէր կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրման թեկնածու և հանդես գալ 2022/23թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերում, ՀՖՖ Արտոնագրման բաժինն իր կողմից արել է ամեն ինչ և ակումբին տրամադրել համապարփակ աջակցություն ողջ գործընթացի ընթացքում։
Այսպիսով, CAS-ի կողմից որոշման արդյունքում, Եվրոպական ակումբային մրցաշարերում Հայաստանը կներկայացնեն հետևյալ ակումբները՝
Փյունիկ ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլ
Արարատ-Արմենիա ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ
Ալաշկերտ ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ
Արարատ ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա