«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջատիրությունից փաստացի հրաժարվելու նախապայմանով հայ-թուրքական հաշտեցման կեղծ գործընթաց նախաձեռնելու հարցերում:
Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ 2022թ. հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրված, որի օրակարգում է Ազգային ժողովի՝ Հայ-ադրբեջանական և Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության նախագիծը: Ներկայացված նախագծով նպատակ է դրված սահմանել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող այն կարմիր գծերը, որոնք Հայաստանի որևէ իշխանություն չպետք է անցնի:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը, սատարում է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում կարմիր գծեր սահմանելու նախաձեռնությանը:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմին