Մայիսի 30-ին ձերբակալված Սյունիքի նախկին մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելու քննիչի ներկայացրած միջնորդության քննությունն այսօր հետաձգվել է: Տիգրան Խաչատրյանի պաշտպան Բենիկ Գալստյանը նիստը նախագահող դատավոր Դավիթ Արմաղանյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում ընդունելու:
«Բուն դատաքննությանը չենք անցել»,- ասաց Տիգրան Խաչատրյանի պաշտպանը: Նա նաեւ ասաց, որ իր պաշտպանյալի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոք է ներկայացրել. «Անձը բերման է ենթարկվել խուլիգանություն կատարելու համար,բերման ենթարկման արձանագրությունում այդպես է նշված, ժամը 14: 30-ից փաստացի մինչեւ 18:55-ը մնացել է Ոստիկանության բաժնում, չեն կողմնորոշվում ինչ անեն, վերջում անձին ձերբակալում են այլ հոդվածով 316 հոդվածով, հաջորդ օրը մեղադրանք են առաջադրում Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով: Նախաքննական մարմինը չի կողմնորոշվել, իր վրա է վերցրել շատ ավելի մեծ բեռ, որը որեւէ քննիչի հագով չէ, որեւէ քննիչ, պաշտոնատար անձ չի կարող որոշել, որ մի շարք անձանց հավաքը զանգվածային անկարգության գործողություն է, դա կարող է որոշել դատարանը դատական ակտով»:
Փաստաբանն ասաց, որ մեղադրանքի հիմքում մեկ ոստիկանի ցուցմունք է, որը դեպքի վայրում, որպես հետաքննության մարմնի աշխատակից է եղել, սակայն նա ցուցմունք է տվել, ինչը, ըստ փաստաբանի, օրենքով արգելվում է. «Քրեական դատավարության օրենսգրքի 86 հոդվածի համաձայն որպես վկա չեն կարող հարցաքննվել մարդիկ, ում տեղեկությունները հասու են դարձել որպես հետաքննության մարմնի աշխատակից իր լիազորություններն իրականացնելիս… այդ տղան ինչ ունակություններ ունի, նախաքննական մարմինը թող պարզի: Տպավորություն է, որ ինքը ցույցի ընթացքում հետեւել է երկու անձանց Հայկ Սարգսյանին եւ Տիգրան Խաչատրյանին»:
Տիգրան Խաչատրյանի պաշտպանի տվյալներով՝ տեսագրություններ կան , որոնցում երեւում է Տիգրան Խաչատրյանինին բերման ենթարկելու ընթացքը: Ըստ պաշտպանի՝ առաջին անգամից չեն կարողանում բերման ենթարկել, պատռում են վերջինիս վերնաշապիկը, երկրորդ անգամ բերման են ենթարկում. «Երեւում է, որ անձը դիմադրություն չի ցուցաբերում, այնինչ՝ վկան ասում է, որ հարվածեց ու փախավ: Բայց տեսագրության մեջ երեւում է, որ բռնեցին: Այս մասով ոչինչ չունեմ ասելու: Անկախ քաղաքական սիմպատիաներից ու անտիպատիաներից, մեր երկիրը փոքր երկիր է, այդ քննիչները ՀՀ բնակիչներ են, գնում են տուն, շփվում իրենց ազգականների հետ: Ես աշխատել եմ քննիչ ու դատախազ, պետք է այնպես աշխատեն, որ հականան իրենց հոգու խորքում, որ իրենց գործողություններն արդարացի են»: