Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեթե բոլոր ուժերը «կողմ» տրամադրության մեջ են եղել. Իշխան Սաղաթելյանը՝ քաղաքական ուժերի փակ հանդիպման մասին մանրամասներ է պատմել

Հունիս 01,2022 20:40

«Դիմադրության» շարժումն այսօր հանդիպել է երկու տասնյակից ավելի արտախորհրդարանական ուժերի հետ, քննարկման թեման եղել է Արցախի վերաբերյալ շարժման հրապարակած հայտարարությունը: Քիչ առաջ, հանդիպման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, շարժման լիդերներից, ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Քննարկմանը ներկա քաղաքական ուժերի ներկայացուցիչները դիրքորոշումներ են հայտնել շարժման հրապարակած փաստաթղթի վերաբերյալ:

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ հանդիպմանը որոշ քաղաքական ուժեր, տարբեր պատճառներով չեն մասնակցել: Եղել են կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք ծանոթանալով հայտարարության տեքստին, ժամանակ են խնդրել, որպեսզի վարչության նիստ հրավիրեն, քննարկեն, հետո միայն դիրքորոշում հայտնեն, թեև ներկաներից որևէ մեկը դեմ չի արտահայտվել:

Ըստ բանախոսի, մինչև երեկո կամփոփեն խորհրդակցությունների առաջին փուլը և կհրապարակեն այն կուսակցությունների ցանկը, որոնք կողմ են արտահայտվել Արցախի հարցում շարժման հրապարակած սկզբունքներին և դիրքորոշումներին։ Ընդդիմադիր գործիչը փոխանցել է միայն, որ քննարկմանը ներկա գրեթե բոլոր ուժերը «կողմ» տրամադրության մեջ են եղել: Նա նաեւ հավելել է, որ կարեւորում են արտախորհրդարանական ուժերի հետ երկխոսության ձեւաչափը եւ նման խորհրդակցություններ պարբերական կլինեն։

Հարցին՝ հանդիպմանը ներկա եղե՞լ են ուժեր, որոնք մաս են կազմել Հայրենիքի փրկության շարժմանը, քանի որ դրանցից շատերն այսօր չեն մասնակցում «Դիմադրության» շարժմանը, Իշխան Սաղաթելյանը պատասխանել է, որ ՀՓՇ մասնակից ուժերից շատերը ներկա են եղել նաեւ այսօրվա հանդիպմանը։

Իշխան Սաղաթելյանը նաեւ հայտարարել է, որ քննարկված տեքստը ոչ խմբագրական, ոչ էլ բովանդակային փոփոխության չի ենթարկվի, կպահպանի այն տեսքը, որը ներկայացվել է խորհրդարանում, թեեւ որոշ առաջարկներ հնչել են: Առաջիկայում, հարցի շուրջ հրավիրյալ ուժերի ավելի մեծ կազմով հանդիպում անցկացվի, քանի որ բավականին հետաքրքիր առաջարկներ են եղել մասնակիցների կողմից։

Իշխան Սաղաթելյանը նաեւ տեղեկացրել է, որ հանդիպմանը հրավիրվել են բոլոր քաղաքական ուժերը՝ բացառությամբ այն ուժերի, որոնք իշխող ՔՊ-ի սպասարկուն են դարձել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930