«Երեխաների կարիքները փոփոխվող աշխարհում» թեմայով #AuroraDialogues առցանց քննարկումը նվիրված էր նրան, թե ամենաշատն ինչի կարիք ունեն երեխաներն այսօր: Քննարկման բանախոսները քննարկեցին մեծահասակների դերն ու պատասխանատվությունը՝ օգնելու երեխաներին հաղթահարելու ճգնաժամային իրավիճակները։
«Հայաստանում տոնում են երեխաների պաշտպանության միջազգային օրը, այստեղ էլ հավաքվել ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շնորհիվ, որը հայկական ծագմամբ գլոբալ մարդասիրական կազմակերպություն է»,-ասաց «ՍիվիլՆեթի» լրագրող Էմիլիո Կրիկիոն՝ ներկայացնելով «Ավրորայի» առաքելությունը, որը ճակատագրեր է փոխել: Նա նշեց, որ 2016թ.-ից 46 մարդասիրական ծրագիր է իրականացվել, որոնք օգնություն են ցուցաբերել 1,1 մլն կարիքավոր մարդու՝ 20 երկրից, դրանցից 26-ը նպաստել են երեխաների զարգացմանը:
«Փանզի» հիմնադրամի գործադիր տնօրեն (ԱՄՆ գրասենյակ) Էմիլի Ուորնը նախ շնորհակալություն հայտնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն իր բնորոշմամբ՝ ֆանտաստիկ աջակցության համար, ապա ներկայացրեց «Փանզի» կենտրոնը, որը սեռական բռնությունից փրկվածների համար էր հիմնադրվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:
Կարդացեք նաև
Հավելեց, որ «Ավրորա» մրցանակի շնորհիվ այդ երեխաների կյանքը բարելավել է՝ մասնավորապես դպրոցների շինարարության եւ վերանորոգման անվճար բժշկական օգնության, հոգեբանասոցիալական աջակցության, տնտեսական խթանման եւ այլնի միջոցով: «Բռնաբարությունները խարանի մեծ աղբյուր են Կոնգոյում, շատերը դրանից հետո հայտնվել են ծանր վիճակում, մերժվել ընտանիքների կողմից, դրա համար ստեղծվել են մոդելներ, որոնք համադրում են բժշկական աջակցությունը, սոցիալ-հոգեբանական աջակցության հետ»,-ասաց նա: Հավելեց, որ «Ավրորայի» մրցանակով ստեղծել են երկու դպրոց, մշակել են կրթական ծրագրեր, երեխաներին ապահովել հագուստով, սնունդով, թերապեւտիկ միջամտություն տվել: Նա ասաց, որ անհավատալի հաջողության պատմություններ կան, որոնք ոգեշնչում են աշխատել ու անել ավելին:
«Երեխաներից մեկն, օրինակ, 16 տարեկանում առեւանգվել էր, մորը սպանել էին, նրան բռնաբարել էին, նա հղիացել էր, ցավոք սրտի խուղակ կար պտղի վրա, «Փանզի» հիվանդանոցում նա յոթ վիրահատություն ունեցավ: Այս մարդը այնքան շատ պատճառներ ուներ գոյատեւելու, նա որեւէ կրթություն չուներ, բայց հիմա բժշկություն է սովորում…Սրանից ավելի ոգեշնչող պատմություն չէի հիշի…»,-ասաց նա:
«Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային ներկայացրեց իր երեխայակենտրոն աշխատանքը: Նա նշեց, որ իրենց կազմակերպությունն Իրաքում հիմնադրվել էր 14 տարի առաջ, այն բուժում էր երեխաներին, իսկ «Ավրորայի» դրամաշնորհը օգնեց ավելին անել: «Երեխաների կյանքերը փրկելով՝ ապահովում ենք պատշաճ ապագա նրանց համար, որը նաեւ մեր ապագան է, մարդկության ապագան է, գոյության հարցը այս մոլորակի վրա»,-ասաց նա:
«Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վերոնիկ Պետերբրոկ Մեռլոն նշեց, որ առաջին անգամ հայտնվել է Կոնգոյում մի ՀԿ-ի աշխատանքի շրջանակում, անհավատալի դժվարություններ հաղթահարել. «Երբ աշխատում էի այդ ՀԿ-ի համար, հանդիպեցի Մեգիին՝ «Ավրորայի» դափնեկիր Մարգարիտ Բարանկիցին եւ տարիներով աշխատեցի այն երկրներում, որտեղ բռնությունը, հարակից դժվարությունները, աղքատությունը համատարած են: Մեգիի խորհրդով 2005-ին մենք որոշեցինք ծրագրեր մշակել եւ իրականացնել նույն գաղափարախոսությամբ, որը որդեգրել էր Մեգին՝ Բուրունդիում, խոսքը ոչ թե մանկատների, այլ հաստատություններից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու մասին է: Կոնգոյում միգուցե դա շատ չի երեւում, բայց տարբեր ցեղերի միջեւ բազմաթիվ խնդիրներ կան»:
Նա ասաց, որ բազմաթիվ երեխաների աջակցել են, կրթաթոշակ ու սնունդ տրամադրել, օգնել ինքնավստահությունն ամրապնդել: Հավելեց, որ 16 տարի աշխատում է Կոնգոյում, նաեւ Ռուանդայում: Բուրոնդիի ճամբարներից մեկում 17000 մարդ կա, որոնց սովորեցնում են համակարգչային գիտելիքներ, ասեղնագործություն եւ ձեռքի աշխատանք, փորձում են երիտասարդներին ինտեգրել Ռուանդայի համալսարաններում:
Անդրադարձ եղավ նաեւ Վերոնիկի աշխատանքներին՝ Արցախում: «Կարծում եմ այս ամենը այնքան հեռու չէ Եվրոպայից, ուստի պարտավոր ենք մեր եղբայրներին օգնել: Ես տպավորված էի «Ավրորայի» գաղափարախոսությամբ, ուղերձով, եւ մեր պարտքն էր օգնել նաեւ «Ավրորային», մտածել այն ամենի մասին, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Հենց այս իրողության մեջ էլ որոշեցինք մեր նպաստը բերել»,-ասաց նա:
Վերոնիկ Մեռլոն ասաց, որ երեխաներից բացի պետք է կրթել նաեւ ծնողներին: Ինչ վերաբերվում է երեխաներին, նրանցից յուրաքանչյուրը նման գիտելիքներով կարող է դառնալ առաջնորդ:
Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտ Վիտիլոն անդրադարձավ կրոնները կամրջելու անհրաժեշտությանը: Նա էլ ներկայացրեց Մալազիայում իրականացրած իրենց գործունեությունը. «Այն պահին, երբ ֆինանսական աջակցություն ստացանք «Ավրորայից» բավականին լուրջ մարտահրավեր ունեինք՝ քովիդը, դրա համար դասընթացների մեծ մասն առցանց էինք անցկացնում, օգնում էինք ընտանիքներին գտնել ճանապարհներ միանալու նախաձեռնությանը լոքդաունի շրջանում: Որոշ դեպքերում ծառայություն ենք մատուցել սեռական բռնության զոհ դարձած կանանց ու աղջիկներին»:
Հավելեց, որ առաջին հերթին ներգրավել են երիտասարդներին՝ լեզվի ուսումնասիրության դասընթացում, հետո թվանշային գրագիտության: Նրա ձեւակերպմամբ, երեխաներն այնքան խանդավառ եւ ուրախ էին, որ կարողանում էին նկարել համակարգչով, սա կյանքի բացառապես նոր հայացք էր նրանց համար, որ կարողացան կիրառել տեխնոլոգիաները:
Նա խոսեց նաեւ Հորդանանում կառուցած ապաստարաններից՝ երիտասարդների եւ նրանց մայրերի համար: «Երիտասարդներից մեկը աչքը կորցրել էր Սիրիայում ռմբակոծության ժամանակ, Հորդանան հասնելով՝ նա մտածում էր, որ ամեն ինչ ավարտված է, ոչինչ չէր ցանկանում սովորել, իսկ լուսանկարչություն սովորելուց հետո մեզ մի օր գրեց՝ գեղեցկություն եմ տեսնում, որ առաջ երկու աչքով չէի կարողանում տեսնել»:
Հիշեցնենք, որ Aurora Dialogues առցանց քննարկումների բանախոսները փորձում են դիմագրավել մերօրյա մարդասիրական համաշխարհային մարտահրավերներին՝ առաջարկելով լուծումներ, առաջ մղելով գաղափարներ, որոնք կբերեն շոշափելի փոփոխությունների:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ