Վարչական վերաքննիչ դատարանը մերժեց «Ա1+»-ի (Մելտեքս ՍՊԸ) վերաքննիչ բողոքը, եւ ըստ էության անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը։ Այս մասին որոշումը դատարան այսօր հայտարարեց։
Հիշեցնենք, որ հայցվոր կողմը՝ «Ա1+»-ը վերաքննիչ բողոք էր ներկայացրել վարչական դատարանի 2021-ին կայացրած վճռի դեմ։ Ընկերությունը պահանջում էր առոչինչ ճանաչել 11.06.2003թ. թիվ 18-Ա, 18.07.2003թ. թիվ 31-Ա, 18.07.2003թ. թիվ 30-Ա, 18.07.2003թ. թիվ 29-Ա , 13.10.2003թ. թիվ 74-Ա, 13.10.2003թ. թիվ 75-Ա որոշումները, 24.12.2003թ. թիվ 56 դեցիմետրային կապուղով «Հուսաբեր» ՓԲԸ-ին հաղթող ճանաչելու մասին որոշումը։ Գործը վերաբերում է «Ա1+»-ին եթերից զրկելու մասին որոշմանը, եւ 2018-ի իրադարձություններից հետո ընկերությունը որոշեց վերականգնել իր իրավունքները։
Դատարանում «Ա1+»-ի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանն Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք Վճռաբեկ դատարան կդիմե՞ն, ասաց, որ վերաքննիչի դատական ակտը դեռ պատրաստ չէ, այսօր դատարանում ուղղակի հայտարարվեց, որ մերժել են, իսկ ակտը կուղարկեն փոստով․ «Այսինքն՝հիմնավորումները դեռ պարզ չեն, որոշումը կկարդանք, կծանոթանանք պատճառաբանական մասին, որից հետո կհասկանանք մեր հետագա ռազմավարությունը»։
Փաստաբանն ասաց, որ այս ատյանում իրենց սպասելիքներն այլն էին։ Մենք հետաքրքրվեցինք՝ հեղափոխությունից հետո ակնկալիքներն այլ էին, հայտարարվում էր, թե իրավիճակ է փոխվել, եւ դատարաններում կարելի է վերականգնել իրավունքները, այսօր հայցվոր կողմ արդյոք հաստատո՞ւմ է, որ համակարգում ոչինչ չի փոխվել։
Կարդացեք նաև
Դավիթ Ասատրյանն ի պատասխան մեր հարցի, ասաց՝ մինչ դատարանի որոշման իրավաչափությանն անդրադառնալը, պետք է խոսել կառավարության եւ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի՝ ՀՌՀ-ի մասին, որոնք պատասխանող կողմ էին․«Կառավարությունը անտեսեց, որեւէ դիրքորոշում չհայտնեց, իսկ մենք գրել էինք, որ պետք է դիրքորոշում հայտնի, դատավարական գործի վերաբերյալ։ ՀՌՀ -ն էլ գտել էր, որ ամեն ինչ օրինական է եղել 2000-ականներին, ամեն ինչ իրավաչափ է եղել եւ «Ա1+» եթերից զրկվել է իրավաչափորեն։ Մենք տարակուսած էինք, որ նույն այդ անձինք մինչեւ հեղափոխությունն այլ դիրքորոշում ունեին, հիմա պարզվում է, որ կառավարությունը համաձայն է ՀՌՀ-ի դիրքորոշման հետ, որն ասում է՝ «Ա1+»-ն օրինական է զրկվել իր իրավունքներից»։
Անդրադառնալով դատարանների որոշմանը, փաստաբանն ասաց՝ դատարանները պատշաճ չեն հետազոտել հայցվոր կողմի ներկայացրած ապացույցներն այն մասին, որ հեռուստաընկերությունը եթերից զրկվել է խտրականության հիմքով․ «Մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը բավականին հիմնավոր էր, նախորդ դատական նիստում ներկայացրել ենք մի շարք փաստեր եւ հիմնավորումներ այն մասին, որ վարչական դատարանի դատական ակտն իրավաչափ չէ եւ «Ա1+»-ի իրավունքները պետք է վերականգնել։ Ցավոք, վերաքննիչ դատարանը չհամաձայնվեց մեր տեսակետների հետ»։
Մեր դիտարկմանը՝ «Ա1+»-ի եթերազրկումից ի վեր բազմաթիվ հրապարակումներով, բողոքի ցույցերով հայտարարվում էր, որ հեռուստաընկերությունն ապօրինի է փակվել, դա արվել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով, ի պաշտպանություն «Ա1+»-ի բողոքի ցույցերին մասնակցում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը, եւ այսօր Փաշինյանի օրոք գործող դատարաններն ու կառավարությունը փաստում են, որ Քոչարյանի օրոք կայացված որոշումը իրավաչափ էր, փաստաբանն ասաց՝ իրականում դատարանը չի պնդում, որ իրավաչափ է եղել որոշումը, դատական ակտով մերժվել է, որ բավարար ապացույցներ չկան պնդելու, որ այդ որոշումներն առոչինչ են․«Բայց կոնկրետ պատասխանողները՝ ՀՌՀ-ն եւ կառավարությունն՝ իր լռությամբ, ասում են այն, որ իսկապես, այդ ժամանակահատվածում օրինական է եղել հեռուստաընկերության եթերազրկումը։ Մեր հայցադիմումի իրենց պատասխանում ստորագրված դատավարական փաստաթղթերում դա պնդում են։ Բայց իրենց պետք է հարցնել, թե՝ ինչպե՞ս եղավ, որ նախկինում նշում էին՝ «Ա1+»-ը զրկվել է իր իրավունքներից անօրինական եւ խտրականության հիմքով, իսկ հիմա հայտարարում են՝ օրինական է եղել։ Ինչո՞ւ դիրքորոշում փոխվեց։ Ես սրա պատասխան չունեմ»։
Մեր մյուս դիտարկմանը, որ կառավարությունը հայտարարել է, որ չի խառնվում դատական գործերին, փաստաբանը պարզաբանեց՝ այո, կառավարությունը չպետք է խառնվի, բայց կառավարությունը դատավարության մասնակից է, իսկ մասնակիցը կարող է իր դիրքորոշումը հայտնել, ասել, որ ես այս դիրքորոշումը ունեմ, իհարկե, կարող է եւ չհայտնել․ «ՀՌՀ-ն պետական մարմին է, որը կարգավորում է հեռուստառադիո ոլորտը եւ ասում է՝ որոշումն օրինական է եղել, կառավարությունն էլ ասում է՝ տեղյակ են, որ ՀՌՀ-ն ասում է, որ օրինական է եղել։ Կառավարության հետ մասնավոր զրույցում, երբ դիմում էինք գրել, որ դիրքորոշում հայտնեն, ասացին, որ ՀՌՀ դիրքորոշման հետ համաձայն են։ Կառավարությունն առնվազն տեղյակ է ՀՌՀ դիրքորոշման հետ։ Ես հնարավորություն չեմ ունեցել կառավարության աշխատակազմի ղեկավարին հարցնել, թե՝ ինչո՞ւ է այդպիսի դիրքորոշում հայտնում, եթե հիմա այլ միջավայրում ենք»։
Փաստաբանը պնդեց՝ «Ա1+»-ը եթերից զրկվել է խտրականության հիմքով․«Մենք ներկայացրել ենք 60-ից ավելի ապացույցներ, հրապարակումներ, դիրքորոշումներ, միջազգային մարմիների դիրքորոշումներ, ուստի մեր պնդումները հիմնավորված եւ իրավաչափ են»։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ն իր որոշմամբ արձանագրել էր, որ խախտվել են «Ա1+»-ի իրավունքները, եւ Հայաստանին պարտավորեցրել էր «Ա1+»-ի սեփականատեր «Մելտեքս» ընկերությանը վճարել 30 հազար եվրո՝ 20 հազար եվրոն բարոյական վնասի եւ 10 հազարը՝ դատական ծախսերի փոխհատուցում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ