«Ցանկանում եմ առողջ հայրենիք, որտեղ միտքը, մարդու հոգին առողջ է, որտեղ չկա չարություն, նենգություն, որտեղ չկա խաբեություն, որտեղ երեխան պաշտպանված է բարի եւ ուժեղ պետության կողմից, որտեղ վերջին զանգից հետո երեխեքը գնում են սովորելու, լինի զինված ուժերում, լինի համալսարաններում, ոչ թե Վերջին զանգից հետո երեխեքին կտանեն դավադիր պատերազմ»,- այսօր, Ֆրանսիայի հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Հիշեցնենք, «Դիմադրության» շարժումն այսօր՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Ֆրանսիայի հրապարակից երթ է սկսել, որին մասնակցում են կանայք եւ երեխաները: Մինչ երթի մեկնարկը Հրանտ Թոխատյանը հրապարակում հավաքված երեխաների համար հեքիաթ էր կարդում:
«Ես ամեն ինչ անելու եմ, որ էլ ոչ մի 18 տարեկան երեխա դավադիր պատերազմներում չզոհվի, որ մենք ունենանք տեսանելի ապագայում 5 մլն բնակչություն, ունենանք ամեն ընտանիքում առնվազն 3 երեխա: Ես ուզում եմ, որ երեխաները ոչ միայն ֆիզիկապես առողջ լինեն, այլեւ հոգով, մտքով: Մենք վատ բան ենք արել, մենք մեր երեխեքի մանկությունը, պատանեկությունը գողացել ենք, հիմա պետք է վերականգնենք: Ես Աստծուն խնդրում եմ, որ այդպիսի հայրենիք տա մեր երեխեքին»,- ասաց Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ իր մեծագույն ցանկությունն է՝ ունենանք արժանապատիվ պետություն, որտեղ երեխաները գլուխները բարձր կքայլեն, կսիրեն մեր դրոշը, Ստեփանակերտը, Երեւանը, Հադրութը, Իջեւանը եւ մեր մյուս քաղաքները ու Շուշիում հայ երեխաները վազվզեն: «Ու դա լինելու է»,-համոզված է զոհվածի հայրը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ